Մաքրում, տնկում են

02/11/2008

«Սեւան» ազգային պարկի գլխավոր անտառապետ Սուրիկ Աղաջանյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ այս տարի Սեւանա լճի բարձրացման ենթակա հատվածներում նախատեսված է ծառերից, թփերից եւ այլ բուսատեսակներից մաքրել 95 հեկտար: Պետբյուջեից հատկացված մոտ 41 միլիոն դրամի շրջանակներում մաքրման աշխատանքներն իրականացնում է «Ուայթ Գեյթ» ընկերությունը: Այսօրվա դրությամբ Մարտունու եւ Նորատուսի անտառտնտեսությունների 70 հեկտարի վրա ավարտվել են նշված աշխատանքները, իսկ Վարդենիսի 25 հեկտարի վրա կշարունակվեն նաեւ նոյեմբերին: Լճի մակարդակի որոշակի նվազումը եւ եղանակային պայմաններն այժմ ավելի բարենպաստ են անտառմաքրման համար: Ըստ անտառապետ Աղաջանյանի` մինչեւ 3 սմ տրամագծով փայտանյութն անվճար հատկացվել է բնակչությանը, իսկ շինափայտը եւ վառելափայտը վաճառվում է համեմատաբար մատչելի գներով: Միաժամանակ կատարվել են նաեւ անտառատնկման աշխատանքներ 50 հեկտարի վրա: Հիմնականում տնկվել են դեղին ակացիայի եւ չիչխանի տնկիներ: Ըստ Ս. Աղաջանյանի` տնկիների պակաս է զգացվում, քանի որ տարիներ ի վեր անգործության է մատնված Ծովինարի հայտնի տնկարանային տնտեսությունը, որը ոչ միայն Սեւանի ավազանի, այլեւ հանրապետության որոշ շրջանների պահանջարկն էր բավարարում: Միայն ակացիայի եւ չիչխանի տնկմամբ անհնար կլինի ապահովել անտառային այն զանգվածը, ինչն այսօր հարկադրաբար հատվում է Սեւանի ափամերձ հատվածներում, ուստի, ըստ նրա, հարկավոր է վերագործարկել Ծովինարի տնկարանն ու անտառաշինության մեջ զարկ տալ պտղատու եւ դեկորատիվ արժեքավոր այլ ծառատեսակների աճեցմանը: