Աստղեր եւ ծաղիկներ

26/06/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հունիսի 3-ին «Բրաբիոն» Ֆլորա սերվիսի համերգային ծրագիրը, նորաձեւության
ցուցադրումն ու ֆլորիստիկայի մրցույթը կայացան Մարզահամերգային
համալիրում՝ մեծաքանակ հանդիսատեսի ներկայությամբ: Ծաղիկն այդ օրը
բարեկամություն էր խորհրդանշում: Բարեկամությունն ապացուցեցին եւ տարբեր
երկրների դեսպաններից կազմված ժյուրիի ընտրությամբ, եւ բազմազգ
պատգամավորներին ծաղկեփունջ կազմելու հնարավորություն տալով:
«Պատգամավորները որոշ ժամանակ կդադարեն խոսել եւ վերջապես գործով
կզբաղվեն»,- ասաց կոնֆերանսյե Լեոնիդ Յակուբովիչը: Ժյուրին՝ տիկին Նանի
Օսկանյանի նախագահությամբ, որոշեց Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի,
Բելառուսի, Ուկրաինայի պատգամավորներից յուրաքանչյուրին մրցանակ տալ: Իսկ
Հայաստանը ներկայացնող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի, ԱԺ պատգամավոր
Վլադիմիր Բադալյանն արժանացավ գլխավոր մրցանակին՝ իկեբանայի արվեստում
բարձրաճաշակ փունջ ստեղծելու համար: «Բրաբիոնը» հանձնեց նաեւ իր երեք
ոսկեձույլ ծաղիկ-մրցանակները՝ արվեստի, ռազմահայրենասիրության եւ
էկոնոմիկայի ոլորտներում մեծ ներդրում ունեցող մարդկանց՝ դերասան Սոս
Սարգսյանին, գեներալ-գնդապետ Գեղամ Դարիբալթայանին եւ սփյուռքահայ
գործարար Վահագն Հովնանյանին: Շատ հուզիչ եւ գեղեցիկ էր Ս. Սարգսյանի եւ
դերասանուհիներ Լիդիա Ֆեդոսեեւա-Շուկշինայի եւ Սոֆիկո Չիաուրելիի
հանդիպումը: Ռուս դերասանուհին ասաց, որ շուտով տատիկ է դառնալու, քանի որ
դուստրը՝ Մաշան, պատրաստվում է մի քանի ամսից երկվորյակ ունենալ: Իսկ
Վրաստանի եւ Հայաստանի ժողովրդական դերասանուհի Ս. Չիաուրելին ասաց, որ
Հայաստանում ինքը զգում է ինչպես տանը եւ հպարտ է՝ Ս. Սարգսյանին իր
ընկերը համարելով: Ծրագրի հիմնական լեզուն ռուսերենն էր, եւ ռուսերեն լավ
չիմացող որոշ հյուրեր թեթեւակի շփոթվում էին, երբ իրենց էր դիմում Լ.
Յակուբովիչը: Գործարար Վ. Հովնանյանը Լ. Յակուբովիչի խոսքին պատասխանեց.
«Չեմ հասկանում՝ ի՞նչ է ասում այս մարդը, բայց երեւի լավ բան է ասում:
Շնորհակալություն»: Պարտադիր չէ հասկանալ, կարելի է փորձել դա անել. նման
խորհուրդ ուներ «Բրաբիոնը՝ բարեկամության ծաղիկ» խորագիրը ունեցող այդ
ծրագիրը:

Աստղեր

Հրավիրված հյուրերի այցը շատ կարճատեւ էր՝ հատուկ այս ծրագրի համար, եւ
հանդիսատեսը փորձում էր յուրաքանչյուր հնարավորություն օգտագործել
«աստղերից» ինքնագիր ստանալու կամ նրանց հետ լուսանկարվելու համար:
Երիտասարդները՝ աշխարհի լավագույն պապարացիների նման, կուլիսների ետեւում
հետապնդում էին Սոսո Պավլիաշվիլուն, Դիանա Գուրցկայային եւ Վալենտին
Յուդաշկինին, ովքեր՝ իրենց հերթին՝ «աստղին» հարիր կեցվածքով թաքնվում էին
թիկնապահների թիկունքում եւ արագորեն իրենց փորձասենյակները սողոսկում:
Կամակոր «աստղերը» բարդություն էին ստեղծում նաեւ կազմակերպիչների համար:
Լ. Յակուբովիչն, օրինակ, կտրականապես հրաժարվեց ծրագրի հովանավորներին բեմ
հրավիրելուց, ինչի արդյունքում շատ հովանավորներ իրենց վիրավորված զգացին:
Իսկ Վ. Յուդաշկինը՝ «Ինձ չանհանգստացնել» ասելով, ուղղակիորեն վազեց եւ
դուրս եկավ պահեստային մուտքից: Ս. Պավլիաշվիլին այնքան դժգոհ էր իր
փորձասենյակից, որ բացի բեմում երգելուց, ոչ մի բառ անգամ չասաց իր
երկրպագուներին՝ խրոխտ անցնելով նրանց կողքով: Սակայն այդ ամենը բեմի
ետեւում էր, դահլիճում նստած մարդկանց հայացքից հեռու: Մարդիկ եկել էին
պարզապես գեղեցիկ ծաղիկներ, նորաձեւ զգեստներ եւ հայտնի մարդկանց տեսնելու
համար: