ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ հանրապետության 1095 հացի արտադրամասերում եւ հաց վաճառող առեւտրի կենտրոններում հոկտեմբերի 8-30-ն ընկած ժամանակահատվածում կատարված ուսումնասիրությունների արդյունքում 58 տնտեսվարողից գանձվել է 5 մլն 140.000 դրամ: Ուսումնասիրության ընթացքում ուշադրություն է դարձվել այն հանգամանքի վրա, թե արտադրամասերն ունե՞ն, արդյոք, տեխնիկական հրահանգ եւ բաղադրագիր, որտեղ նշված պետք է լինի արտադրվող հացի տեսակը, քաշը: Խանութներում վերահսկվել է հացի գնապիտակի առկայությունը, ինչպես նաեւ՝ տեղեկություն հացի տեսակի վերաբերյալ: Խանութների հացի բաժիններում պետք է փակցված լինեն նաեւ տեղեկատվական թերթիկներ, որտեղ գրված լինի, թե տվյալ հացի արտադրությունը որ ընկերությանն է պատկանում: Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 907 առեւտրի օբյեկտներից 514-ում բացակայել է ապրանքատրանսպորտային բեռնակիրը, իսկ 393 օբյեկտներում` հացի քաշի մասին նշումը: Հացի 188 արտադրամասերից 72-ում բացակայել են հացի տեխնոլոգիայի հրահանգները եւ բաղադրագրերը: Լաբորատոր հետազոտությունների համար 93 նմուշ է վերցվել, որից 2-ում հացը չի համապատասխանել անհրաժեշտ նորմերին: