Սպաները ձերբակալվել են

02/11/2008

Հայաստանի քաղաքացու դաժան սպանության կասկածանքով` երեկ Սարատովում Ոստիկանության երեք սպաներ են ձերբակալվել: Սարատովի մարզի դատախազության Քննչական վարչության վարկածով, նրանք ծեծի են ենթարկել Գասպարյան ազգանունով Հայաստանի քաղաքացուն` փորձելով նրանից կորզել կողոպուտի մասին խոստովանական ցուցմունքներ, այնուհետեւ բենզին են լցրել վրան եւ այրել: Մարզային դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ` հանցագործությունը կատարվել է հոկտեմբերի լույս 29-ի գիշերը: Ներքին գործերի շրջանային վարչության օպեր-լիազորները, քննելով կողոպուտի մի գործ, կասկածների հիման վրա ձերբակալել են Գասպարյանին, նրան հանել են տնից եւ ուղեկցել քաղաքից դուրս գտնվող մի ամայի վայր: Ըստ քննիչների` ձերբակալվածին դաժան ծեծի ենթարկելուց հետո, ոստիկանները ենթադրել են, թե նա արդեն մահացել է, վրան բենզին են լցրել եւ այրել: Գասպարյանը ուշքի է եկել եւ փորձել փախչել, սակայն ոստիկանները վերջին հարվածն են հասցրել նրա գլխին, այնուհետեւ թաղել են դիակը: «Նովայա գազետայի» փոխանցմամբ` հինգշաբթի օրը ձերբակալված ոստիկանները ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել, եւ Քննչական վարչության աշխատակիցները պատրաստվում են նրանց կալանքի միջնորդություն ներկայացնել դատարան: