Նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների եռակողմ հանդիպումը: Այդ մասին երեկ հաղորդել են եւ՛ Կրեմլի, եւ՛ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունները:
«Ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան՝ նոյեմբերի 2-ին Մոսկվայում տեղի կունենա Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված հանդիպումը, որին կմասնակցի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը»,- ասված է ՌԴ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Մոսկվայում երեք երկրների նախագահների հանդիպում կազմակերպելու մտադրության մասին ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւը հայտարարել էր անցած շաբաթ Երեւան կատարած այցի ժամանակ: Այսպիսով, Ռուսաստանը գոնե այս փուլում կարողացավ ժամանակավորապես «չեզոքացնել» ԼՂՀ հակամարտության կարգավորման` արեւմտյան նախաձեռնությունը, որը ներկայումս արտահայտվում է «թուրքական միջնորդության» ճանապարհով: Թե իրականում ՀՀ -ի համար ինչ հետեւանքներ կարող է ունենալ այս «շրջադարձը», դժվար է միարժեք գնահատել: Սակայն կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` մոսոկովյան հանդիպմանը մասնակցելու համար Ռուսաստանն ինչ-որ զիջումների է գնացել: (Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման «ռուսական նախագծի» շրջանակներում ներկայումս քննարկվում է ազատագրված տարածքներում ռուսական խաղաղապահ զորքեր տեղակայելու հնարավորությունը, ինչին Ադրբեջանը դեմ է): Սակայն սա ամենեւին չի նշանակում, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիան հրաժարվելու է միջնորդության, կամ, ինչպես հայկական կողմն է ասում, «աջակցության» իր մտադրությունից: Պատահական չէ, որ Կրեմլի տարածած հաղորդագրությանը գրեթե զուգահեռ՝ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են առաջիկայում Հելսինկիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին: Այս իրավիճակում ամենացավալին այն է, որ ՀՀ իշխանությունները որեւէ կողմին մերժելու ռեսուրս գործնականում չունեն եւ մասնակցում են բոլոր այն հանդիպումներին, որոնց մասնակցելու համաձայնություն է տալիս Իլհամ Ալիեւը: