Սոսոն հայկական սեղանի թամադա էր

26/06/2005

Նույն օրը փառատոնի ավարտին հաջորդեց մեծ ակցիա. այն է` 1000 մետր
երկարություն ունեցող ընթրիքի սեղան, որի շուրջ համախմբվել էին թե՛ Երեւան
քաղաքի եւ թե՛ մարզերի բնակիչները: Ակցիան վերածվեց մեծ խնջույքի, քանի որ
ներկա էին ազգային նվագախմբեր եւ երգչախմբեր: «Բրաբիոնի» ղեկավարությունն
արդեն նյութեր է պատրաստել եւ հայտ է ներկայացրել Գինեսի գրքում
ամենաերկար այս սեղանն ընդգրկելու համար: Հիշեցնենք, որ մինչ այդ Գինեսի
գրքում գրանցված ամենաերկար գարեջրի սեղանը պատրաստվել է Գերմանիայում,
իսկ Բրազիլիայում գրանցվել է 650 մետր երկարություն ունեցող ընթրիքի
սեղան: Այնպես որ, հաջողության դեպքում, Հայաստանը կլինի ռեկորդակիրներից
մեկը: 1000 մետր երկարությամբ սեղանը սկսվում էր Հաղթանակի զբոսայգուց եւ
վերջանում էր «Լամբադա» կամրջի տարածքում: Նշենք, որ թեեւ «Բրաբիոնի»
ղեկավարությունը չի հրապարակում, թե որքան գումար է ծախսվել միջոցառման
համար, այդուհանդերձ, պատրաստվել էր հայկական ավանդական սեղան, որտեղ չէին
կարող բացակայել գառան միսն ու «տավարի բդերը»: Ի դեպ, սեղանի պատվավոր
հյուրերից մեկն էլ Սոսո Պավլիաշվիլին էր, որն ականատեսների վկայությամբ
թամադայի կարգավիճակ է ստանձնել եւ հայավարի կենացներ է խմել: Սեղանի
արարողությանը մասնակցում էին նաեւ Յուդաշկինի թատրոնի մանեկեններն ու
մանեկենուհիները, ընդ որում, մանեկեններից մեկն էլ ազգությամբ հայ է:
Մանեկենուհիները հայերին խնդրել են հայկական պարեր սովորեցնել եւ
բավականին հետաքրքիր պարային շարժումներով մասնակցել են խնջույքին: Ավելի
վաղ եկած մասնակիցների հավաստմամբ` սեղանի վերջնամասում մի հատված դատարկ
է եղել, այսինքն` նախատեսված ժամանակահատվածում ամբողջ 1000 մետր
երկարությամբ սեղանը պատրաստ չի եղել: Միջոցառման կազմակերպիչ Լուսինե
Չեբերյանը վստահեցրեց, որ դա երթեւեկության գերծանրաբեռնվածության
հետեւանք է եղել, որի պատճառով՝ ոստիկանությունը չի կարողացել
ճանապարհները փակել, որպեսզի հասցնեն սեղանները կարճ ժամանակահատվածում
պատրաստել: Այն դեպքում, երբ ժողովուրդն արդեն տեղավորվել է սեղանի շուրջ,
իրենք դեռեւս շարունակել են սեղանի շարունակությունը գցել: Կազմակերպչական
այդ խոտանը, ըստ նրա, միմիայն կապված է եղել ճանապարհների ուշ փակելու եւ
ժամանակի սղության հետ: Միջոցառմանը հրավիրված Լեոնիդ Յակուբովիչը, Վ.
Յուդաշկինը եւ ռուս այլ հյուրեր չեն մասնակցել, քանի որ, ըստ Լ.
Չեբերյանի՝ նրանք շատ հոգնած են եղել: Իսկ ռուս պատգամավորներից ոմանք
նստել են սեղանի շուրջ:

Լ.Ս.