Նոր նախաձեռնություն

02/11/2008

«Հայ կամավորականների համախմբում» կազմակերպության ղեկավար Ժիրայր Սէֆիլյանն ու նրա համախոհներն առաջիկա օրերին հանդես են գալու նոր նախաձեռնությամբ, որի իմաստը հայ հանրությանը «ազատագրված տարածքների վերադարձման անթույլատրելիությունը բացատրելն է»: Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Ժ. Սէֆիլյանը` նշելով, թե այսօր Լեռնային Ղարաբաղի առջեւ ծառացած վտանգն աննախադեպ է: Սէֆիլյանն ասել է, որ նախաձեռնության հեղինակները կփորձեն հանրությանն ապացուցել, որ այդ կերպ (առանց ազատագրված տարածքները վերադարձնելու) Ղարաբաղի հարցի կարգավորումն ամենեւին էլ անհնար չէ, եւ դրա համար նրանք կներկայացնեն բոլոր անհրաժեշտ պատմաքաղաքական եւ իրավական հիմնավորումները: Առանց մանրամասներ նշելու, նա ասել է, որ այդ հիմնավորումների հիմքում ընկած է լինելու միացման գաղափարը:

«Մենք եկող օրերին պատրաստվում ենք քաղաքական, իրավական, միջազգային տրամաբանության սահմաններում առաջարկություն-տարբերակ ներկայացնել եւ՛ մեր հանրությանը, եւ՛ բոլորին»,- ասել է Ժ. Սէֆիլյանը: Վերջինիս կարծիքով, Ղարաբաղի առջեւ ծառացած վտանգն առավել մտահոգիչ է դառնում «Հայաստանի պարտադրված իշխանությունների ապիկարության, անզորության ֆոնին»: Սակայն Սէֆիլյանը չի կարծում, թե ամեն ինչ կորած է: «Այնպես չեմ գնահատում, որ վերջ, կործանվում ենք: Ոչ, այդպես չէ»: