Անորոշ վիճակ փաստահավաք խմբի շուրջ

02/11/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ընդամենը 3 օր է մնացել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման փորձագետների փաստահավաք խմբի ձեւավորման ժամկետի ավարտին, սակայն իշխանական եւ ընդդիմադիր ուժերը դեռ չեն առաջադրել իրենց անդամներին:

Միայն մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն է երեկ առաջադրել իր ներկայացուցչին` ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանին: Հիշեցնենք, որ փորձագետների փաստահավաք խումբ ստեղծելու` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրության համաձայն, խմբի 5 անդամներից երկուսին պետք է առաջադրի ընդդիմությունը` «Ժառանգություն» կուսակցությունը եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող քաղաքական ուժերը: Մյուս 2 անդամները պետք է առաջադրվեն իշխող քաղաքական կոալիցիայի կողմից:

«Մենք այդ հարցը դեռ քննարկում ենք եւ առաջիկա օրերին կպատասխանենք»,- փաստահավաք խմբում ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ մեր հարցին երեկ այսպես պատասխանեցին իշխանական կուսակցությունների ներկայացուցիչները` ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ-ական Արտյուշա Շահբազյանն ու ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Սաֆարյանը: Իսկ ընդդիմությունը քննարկում է դեռեւս այդ փաստահավաք խմբի աշխատանքներին մասնակցել-չմասնակցելու հարցը, որից հետո միայն կորոշի, թե ում թեկնածությունն է առաջադրելու: Նշենք, որ այս հարցի վերաբերյալ դեռեւս որոշում չի կայացրել նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը, որը, ինչպես եւ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ Ազգային կոնգրեսը, արդեն հանդես է գալիս նշված կարգադրությունը քննադատող հայտարարություններով:

Իսկ ընդդիմությանը չի բավարարում Ս.Սարգսյանի կարգադրության մասնավորապես այն կետը, ըստ որի՝ փաստահավաք խումբը պետք է գործի գաղտնիության պայմաններում եւ չպետք է հրապարակի իր հավաքած փաստերը: Անընդունելի է համարվում նաեւ այն հանգամանքը, որ խումբը ստեղծվում է նախագահի կարգադրությամբ, եւ ոչ թե օրենքի հիման վրա: Կարծիք կա, որ այս պարագայում պետական գերատեսչությունները, նաեւ ֆիզիկական անձինք իրենց իրավունք կվերապահեն չպատասխանել խմբի անդամների հարցերին: «Միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ մշտապես շփման մեջ ենք եւ այդ կարգադրության մասին դեռ որեւէ մեկից հավանություն չենք լսել: Ավելին, բոլորն էլ ասել են, որ դա չպետք է լինի նախագահի կարգադրությամբ, պետք է ստեղծվի միայն օրենքի հիման վրա: ԱՄՆ-ից եկած դատախազների հետ շփվելիս էլ հասկացանք, որ նրանք էլ են քաջ գիտակցում, որ խումբը պետք է ստեղծվի միայն օրենքի հիման վրա»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Ավելացնենք, որ Ս.Սարգսյանի կարգադրության մեջ այս խմբի համար գործունեության ժամկետ չի սահմանվել: Հայտնի չէ, թե խումբը որքան ժամանակում պետք է ավարտի իր աշխատանքը: Եթե «Մարտի 1»-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի դեպքում կար կոնկրետ ժամկետ, ինչը երկարաձգվեց եւս 4 ամսով, ապա փաստահավաք խումբը նման սահմանափակումներ չունի: Եվ այս պարագայում դժվար է ասել` փաստահավաք խմբի աշխատանքի տեւողությո՞ւնն է որոշելու Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի գոյության ժամկետը, թե՞ հակառակը: Բայց դատելով այն հանգամանքից, որ պարոն Նիկոյանն իր ղեկավարած հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու հարցով ԱԺ դիմեց փաստահավաք խմբի ստեղծվելու պատճառաբանությամբ, կարելի է եզրակացնել, որ հենց փաստահավաք խմբի աշխատանքից է կախված լինելու նաեւ այս ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը: Եվ, թերեւս, նաեւ պետք չէ բացառել, որ աշխատանքների որոշակի ընթացքի դեպքում Ս. Նիկոյանի զեկույցի օրը սահմանված փետրվարի 24-ից հետաձգվի, ասենք, եւս 4 ամսով:

«Եթե որեւէ մեկը կարծում է կամ ցանկություն ունի, որ այդ ժամկետը ձգձգելով հնարավոր է հնացնել ապացույցները, ապա ուզում եմ հայտնել, որ, միեւնույն է, հնարավոր չէ մարտի 1-ի եւ 2-ի դեպքերը հնացնել եւ ապացույցները քողարկել»,- ասում է Զ.Փոստանջյանը:

Ս.Սարգսյանի կարգադրությամբ սահմանված է նաեւ, որ խումբ գործուղվող մասնագետներ, «բացառությամբ ՄԻ պաշտպանի կողմից նշանակվող անդամի, կարող են նշանակվել իրավագիտության ոլորտում հեղինակություն եւ բարձր փորձառություն ունեցող անձինք, որոնք պետական կամ տեղական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում չեն զբաղեցնում պաշտոն, չեն կարող լինել ԱԺ պատգամավոր կամ որեւէ կուսակցության անդամ կամ հարել որեւէ քաղաքական ուժի»: Այս պայմանը նկատի ունենալով՝ նույնիսկ կոալիցիայի որոշ պատգամավորներ ասում են, թե նախագահն իր կարգադրությամբ այնպիսի վիճակ է ստեղծել, որ հատկապես ընդդիմությունը չկարողանա գտնել միաժամանակ այդ պահանջներին համապատասխանող եւ վստահելի մարդ: Եթե գտնի էլ, ապա նման կարգավիճակ ունեցող մարդկանց հնարավոր կլինի «գնել»: Այն հանգամանքը, որ խմբի անդամները պետք է ֆինանսավորվեն նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին, կասկածի տեղիք է տվել այն առումով, որ այդպիսով կարգադրությամբ ամեն ինչ արվել է` խումբը հնարավորինս նախագահի ազդեցության դաշտում պահելու համար: Այս դեպքում չի բացառվում խմբի նաեւ ընդդիմադիր անդամներին բարձր աշխատավարձով կամ այլ ճանապարհով «վնասազերծելու» հավանականությունը: Իսկ գործուղած անդամներին ետ կանչելու կամ նրանց մեկ ուրիշով փոխարինելու հնարավորության բացակայությունն ավելի է մեծացնում այդ հնարավորությունը: Զ.Փոստանջյանը համաձայն չէ այս կարծիքի հետ: «Ես կարծում եմ, որ այսօր ՀՀ-ում գործող ընդդիմությունը, ժողովրդական շարժումը, անկախ նրանից՝ դա «Ժառանգությո՞ւնն» է, թե՞ Լ.Տեր-Պետրոսյանն է, ունի այդպիսի ազնվագույն եւ մասնագիտական համապատասխան տվյալներ ունեցող մարդիկ: Բայց այդ մարդիկ պետք է ունենան հստակ լիազորություններ, ինչն այս կարգադրությունը չի տվել»,- ասում է պատգամավորը:

Փոխարենը Զ. Փոստանջյանն ապօրինի եւ հակասահմանադրական է համարում Ս. Սարգսյանի կարգադրությունը: Այն, որ կարգադրությունը սահմանում է, թե հիշյալ կողմերը խմբի անդամներ պետք է առաջադրեն, պատգամավորի կարծիքով՝ պարտադրանք է եւ հակասում է Սահմանադրությանը: «Ինքը (նախագահը) իրավունք չունի ընդդիմությանը, իշխող քաղաքական կոալիցիային ու ՄԻ պաշտպանին պարտադրել, որ անդամներ տան: Պարտականությունները սահմանվում են միայն օրենքով: Կան նաեւ սահմանափակումներ: Եթե ինչ-որ սահմանափակումներ էլ լինեն, դրանք պետք է լինեին միայն օրենքով սահմանված կարգով: Սահմանադրությունն է ասում, որ մեր իրավունքներն ու պարտականությունները պետք է սահմանվեն միայն օրենքով: Իրավական ակտերի մասին օրենքն էլ է այդպես ասում: Բացի այդ, կարգադրությամբ հնարավոր չէ ապահովել մարդու անկախությունը: Շատ լավ կլիներ, որ փաստահավաք խումբը լիներ օրենքով ստեղծված մարմին: Այս կարգադրությամբ մենք որեւէ քայլ առաջ չենք կարող գնալ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները բացահայտելու գործում»,- ասում է Զ. Փոստանջյանը: