ԵԽ ժողովրդավարության եւ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Ժան-Լուի Լորանը «Ա1+»-ի հետ զրույցում` անդրադառնալով ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւերի` Հայաստանում բազմակարծություն ապահովելու վերաբերյալ պահանջներին, ասել է. «Սա, իհարկե, մեծ կարեւորություն ունեցող հարց է ցանկացած ժողովրդավարական համակարգի համար, քանի որ առանց ազատ եւ անկախ ԶԼՄ-ների անհնար է պատկերացնել ժողովրդավարությունը: Հայաստանի պարագայում, իհարկե, մենք ունենք առավել մտահոգվելու պատճառներ, որովհետեւ վերջերս իրականացվել են օրենսդրական փոփոխություններ ԶԼՄ-ների, մասնավորապես էլեկտրոնային լրատվամիջոցների մասին օրենքում, որոնք հարցեր են առաջացրել հատկապես հաճախականությունների հատկացման եւ Մարդու իրավունքների կոնվենցիայի պահանջների իրագործման հարցում»: Խոսքը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի այն փոփոխության մասին է, ըստ որի` մինչեւ 2010թ. կապուղիների մրցույթներ չեն անցկացվելու: «Այս հարցը եղել է եւ ներկայումս էլ գտնվում է ուսումնասիրության փուլում, այդ պատճառով ես այս պահին չեմ կարող եզրակացություն անել դրա մասին, բայց փաստն այն է, որ սա հարց է, որ մտահոգության տեղիք է տվել»: Դիտարկմանը, թե` օրենսդրական այս փոփոխության հետեւանքով 2002թ. եթերազրկված «Ա1+»-ը վերստին զրկվել է եթեր վերադառնալու հնարավորությունից` հակառակ ԵԽ ԽՎ` կապուղիների արտոնագրման բաց եւ թափանցիկ մրցույթ անցկացնելու պահանջին ու Եվրադատարանի վճռին, Ժան-Լուի Լորանն արձագանքել է. «Այն ներկայումս քննարկվող հարցերից մեկն է, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները պետք է ի կատար ածվեն: Եթե նույնիսկ դրանք այնքան էլ ձեռնտու չեն, միեւնույն է` դատարանի որոշումները պետք է հարգվեն եւ իրագործվեն: Սա է ընկած Մարդու իրավունքների Կոդեքսի եւ ցանկացած ավանդական համակարգի հիմքում»: