ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը «Ջեյնս Ինթելիջընս Դայջեստ» թերթին տված հարցազրույցում ասել է, թե կոռուպցիայի դեմ պայքարն ու միջազգային ահաբեկչությանը դիմագրավելը Հայաստանի անվտանգության ոլորտի առաջնային խնդիրներն են: «Երկրի անվտանգությանը սպառնացող արտաքին վտանգը Հայոց ցեղասպանության կրկնվելու հավանականությունն է: Մենք մտահոգված ենք Հայոց ցեղասպանության կրկնության հնարավորությամբ, քանի որ Ադրբեջանը ինտենսիվորեն ռազմականացվում է, եւ մեր հարեւանները պարբերաբար հայտարարություններ են տարածում` Լեռնային Ղարաբաղը ռազմական ճանապարհով հետ վերցնելու իրենց ծրագրերի մասին: Հայաստանի վարած հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը եւ համագործակցությունը առաջատար երկրների եւ կազմակերպությունների հետ ապացուցում են, որ մեր երկիրը խաղաղության կողմն է»,- հայտարարել է Գ. Հակոբյանը: Նա նաեւ նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ միջոցներ է ձեռնարկում` հասարակությանը հակակոռուպցիոն պայքարի մեջ ներգրավելու եւ երկրում կոռուպցիայի մակարդակը վերահսկելու նպատակով: Ըստ նրա` նույն նպատակին են ծառայում կոռուպցիոն կոնկրետ դեպքերի մասին հանրության իրազեկումները: «Հայաստանը որոշակի հաջողություններ է գրանցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի գործում: Մեր գործընկերների հետ միասին շարունակում ենք ահաբեկչության դեմ պայքարը եւ հետեւում ենք բազմազան արտաքին վտանգներով լի այս տարածաշրջանի դինամիկային»,- ասել է Գ. Հակոբյանը: