Ադրբեջանի Տրանսպորտի նախարարությունը չի բացառում Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի իրացման շրջանակներում երկաթուղու վրացական հատվածի շինարարության արժեքի վերանայման հնարավորությունը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Փանախովը: «Գների իրական աճ է տեղի ունեցել, ուստի հնարավոր է, որ նախագիծը վերագնահատվի»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Ադրբեջանի կառավարությունը երկաթուղու վրացական հատվածի շինարարության համար 200 մլն դոլար է հատկացրել: Փանախովը նշել է, որ աշխատանքներն ընթանում են երկաթգծի թուրքական ու վրացական տեղամասերում: Աշխատանքների ընթացքի վրա ոչ մեծ ազդեցություն են գործում եղանակային անբարենպաստ պայմանները: «Բայց աշխատանքները շարունակվում են եւ կիրականացվեն ժամանակացույցին համապատասխան»,- ասել է Փանախովը: Հիշեցնենք նաեւ, որ Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի շրջանակներում ծրագրվում է կառուցել 105-կիլոմետրանոց երկաթուղային նոր ճյուղ, որի 76 կիլոմետրը կձգվի՝ Թուրքիայի, 29 կիլոմետրը՝ Վրաստանի տարածքով: Բացի այդ, Վրաստանում կնորոգվի Ախալքալաք-Մարաբդա-Թբիլիսի երկաթուղու 183-կիլոմետրանոց հատվածը, որպեսզի երկաթուղու թողունակությունը բարձրացվի տարեկան մինչեւ 15 մլն տոննա բեռներ: Նախագիծը գնահատվում է 422 մլն դոլար, իսկ ուղեկցող ենթակառուցվածքի հաշվառմամբ՝ 600 մլն դոլար: