Աստղերը հիասթափված էին

26/06/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Բրաբիոնը՝ բարեկամության ծաղիկ» փառատոնին հրավիրված հյուրերը՝ Լեոնիդ
Յակուբովիչը, Վալենտին Յուդաշկինը, Դիանա Գուրցկայան եւ Սոսո Պավլիաշվիլին
այս անգամ բավական դժգոհ են հեռացել Հայաստանից: Վերջիններս հյուրանոցից
տեղափոխվելով Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի
հանդերձարաններ՝ հուսախաբ են եղել՝ տեսնելով հանդերձարանների անփույթ ու
փնթի վիճակը: Յուդաշկինն ու Ս. Պավլիաշվիլին տեղավորվել են լյուքս
հանդերձարաններում, դրանք երկուսն են եղել եւ սովորական հանդերձարաններից
տարբերվել են միայն բազմոցներով: Ի դեպ, հանդերձարաններում նույնիսկ մեծ
հայելի չի եղել, որպեսզի արտիստներն իրենց տեսքի բերեն բեմ դուրս գալուց
առաջ: Լեոնիդ Յակուբովիչը, կարելի է ասել, ողջ միջոցառման ընթացքում շատ
նյարդային եւ ջղագրգիռ էր, նա նույնիսկ զայրույթը չէր թաքցնում
ստորագրություն խնդրող երկրպագուների հանդեպ: Հավելենք, որ նա միջոցառման
ծրագրի տեքստը բավականին աղավաղված էր ներկայացնում, նա նույնիսկ
նախատեսվածի համաձայն հովանավորների անունները բարձրաձայն չհրապարակեց,
որպեսզի կազմակերպիչները նրանց նվերներ տան: Փառատոնին հրավիրված հյուրերի
ցանկում նշված էր նաեւ Իոսիֆ Կոբզոնի անունը, մինչդեռ նա չէր ժամանել
Հայաստան, քանի որ, ինչպես նշեցին իր գործընկերները, առողջական խնդիրներ
ուներ:

Լ.Ս.