Օրեր առաջ մամուլում տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ Էստոնիայի Պյարնու քաղաքի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվել են տեղի ոստիկանության աշխատակիցների կողմից:
Նշված էր նաեւ, որ նրանք կասկածվում են քաղաքի ճանապարհաշինարարական աշխատանքների մրցույթի հաղթողից կաշառք վերցնելու մեջ:
Իսկ հիմա հանգիստ թողնենք «հարիֆ» էստոնացիներին, որոնք ոչ միայն աշխատանքից ազատում են քաղաքապետին, այլեւ պատրաստվում են նրան դատել «կակոյ-նիբուձ» կաշառքի համար, եւ վերադառնանք տարածաշրջանի «ամենազարգացած» երկիր` Հայաստան:
Մի քանի օր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով հանրապետությունում քրեածին վիճակի ակտիվացման մասին, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ասել է. «Վերջին օրերին կարճ ժամանակահատվածում բավականին շատ քրեական հանցագործություններ տեղի ունեցան, կրակոցներով, սպանություններով ու վիրավորներով: Բնականաբար, դա հասարակությանը մտահոգում է: Նման արագացված հանցագործություններ միայն «բոեվիկ» ֆիլմերում ենք տեսել, բայց դա սկսում է իրականություն դառնալ…»: Պարոն Զոհրաբյանին «ուրախացնենք»` այդ վիճակը նոր չի սկսվել: Եվ եթե ինքն այդ վիճակը նոր է նկատում, ապա դա իր անձնական պրոբլեմն է: Սակայն ասվածը Ռ. Զոհրաբյանի ամենափոքր պրոբլեմն է: Այդ եւ այլ քրեական պատմություններում ՀՀԿ անդամների ներգրավվածության առնչությամբ ԱԺ պատգամավորն ավելացրեց, որ «իրենց կուսակցությունում ամեն տեսակ մարդ էլ կա: Եվ եթե նման պատմությունների մեջ ընկած իրենց բոլոր կուսակցականներին հեռացնեն ՀՀԿ-ից, ապա ստիպված կլինեն ազատվել շատ համայնքապետերից ու գյուղապետերից»: Լրագրողների հարցին, թե ի՞նչն է խանգարում հենց այդպես էլ վարվել, Զոհրաբյանը պատասխանել է. «ՀՀԿ-ն հասարակության մի մասնիկ է եւ կրում է հասարակության մեջ առկա բոլոր հիվանդությունները, ուստի, մենք պետք է հասարակությունն առողջացնենք, ոչ թե մարդկանց հեռացնենք»: Այդպիսով նա գրեթե ուղղակիորեն խոստովանեց, որ ՀՀԿ անդամ «շատ համայնքապետեր եւ գյուղապետեր» առնվազն առնչվում են կրիմինալի հետ: Համաձայնեք, որ Էստոնիայի տիպի ցանկացած պետության մեջ իշխող կուսակցության փոխնախագահի նման խոստովանությունը կբերեր ներքաղաքական լուրջ սկանդալի, իրավական հետեւանքների (ինչպես դա տեղի է ունեցել Էստոնիայում) եւ հասարակության շրջանում այդ քաղաքական ուժը կվերածվեր «իզգոյի»: Սակայն Հայաստանում դա տեղի չի ունենում: Որովհետեւ «մերն ուրիշ է»: Եվ եթե Էստոնիայի երրորդ քաղաք հանդիսացող Պյարնուի քաղաքապետը ձերբակալվում է մի ինչ-որ «հավայի» կասկածանքով, ապա Հայաստանի երկրորդ քաղաքի քաղաքապետ է շարունակում մնալ «Սերժ Սարգսյանի հետ գաղտնիք ունեցող» ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ Շիրակի մարզի կառույցի ղեկավար Վարդան Ղուկասյանը: Ընդունված է ասել, որ Գյումրին «հումորի եւ կատակների մայրաքաղաքն է»: Եթե Վ.Ղուկասյանն իրոք ընտրվել է (այն էլ՝ չորրորդ անգամ) քաղաքապետ, ապա գյումրեցիները ոչ թե պարզապես հումորով ժողովուրդ են, այլ չափից շատ հումորով: Այսքանից հետո իզուր են գյումրեցիները փորձում «իրենց նուրբ հումորով ձեռք առնել» երեւանցիներին: Երեւանի քաղաքապետը, գոնե, որոշակի առողջապահական հիմնարկից համապատասխան «թուղթ» չունի: Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից Վարդան Ղուկասյանի մասին կարելի է ստանալ, օրինակ, հետեւյալ տեղեկությունը. «Ունի բարձրագույն տնտեսագիտական կրթություն»: Ո՞ր բուհն է ավարտել եւ ե՞րբ է ավարտել պարոն քաղաքապետը՝ ոչինչ գրված չէ: Ընթերցողին տեղեկացնենք, որ 1998թ., երբ Վ. Ղուկասյանն արդեն 37 տարեկան էր, ընդունվել է «Շիրակ» համալսարանի տեխնոլոգիական ֆակուլտետի «էկոնոմիկա եւ կառավարում» բաժինը: Եվ, ինչպես կյանքն է ցույց տալիս, նրան այդ համալսարանից ավելի շատ դուր է եկել «կառավարումը», քան «էկոնոմիկան»: Նույն կայքէջում գրված է. «1988թ մասնակցել է արցախյան ազատագրական շարժմանը, աջակցել մարտնչող ազատամարտիկներին»: Սակայն ոչ մի տեղ գրված չէ՝ բանակում ծառայե՞լ է, թե՞ ոչ: Եթե գրված չէ, ուրեմն չի ծառայել: Վ. Ղուկասյանի 18 տարին լրացել է 1979-ին: Այդ ժամանակ բանակում չէին ծառայում երեք դեպքերում` հիվանդության պատճառով, կրիմինալ աշխարհի ներկայացուցիչները («պագոնի տակ մտնել չի կարելի») եւ ռազմական ամբիոն ունեցող բուհերի շրջանավարտները: Եվ քանի որ Ղուկասյանը բուհ է ընդունվել դրանից 20 տարի հետո, մնում է ենթադրել, որ նա կա՛մ առողջական խնդիր է ունեցել, կա՛մ կրիմինալ աշխարհի ներկայացուցիչ է:
Ի դեպ, երեկ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն ասել է, որ «Հայաստանի ընտրական համակարգը մոտենում է եվրոպական ստանդարտներին»: Հետաքրքիր է, եվրոպական ստանդարտներին համապատասխա՞ն է, որ, օրինակ, դպրոց, բուհ կամ աշխատանքի ընդունվելիս անձից պահանջում են բժշկական տեղեկանք, իսկ նախագահի, պատգամավորի կամ համայնքապետի թեկնածու գրանցելիս` ոչ:
Կրկին վերադառնանք Ռազմիկ Զոհրաբյանին: Ոչ թե հասարակությանն է պետք առողջացնել, այլ այդ հասարակությանը ղեկավարող որոշ «թղթով» հիվանդների: Ինչպես ասում էր Ժեգլովը. «Վոռ դոլժեն սիդետ վ տյուրմե»: Սրան կարող եմ միայն ավելացնել. «Ա բոլնօյ լեչիտցա»: