«Այս իշխանությունների մնալը կարող է լինել երկու դեպքում` եթե նրանք կարողանան երկարաձգել ԼՂ հարցի կարգավորման գործընթացն այնպես, ինչպես արել են վերջին տասը տարիներին: Ես այս տարբերակը գրեթե բացառում եմ: Որքան ես գիտեմ, միայն խաղաղապահ ուժերի մանդատի հարցն է մնացել, որ լուծեն: Եթե խուսափեն այս խնդրից, կարող են մնալ»,- երեկ հրավիրված ասուլիսում` խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ ներքաղաքական իրավիճակի մասին՝ հայտարարեց ՀՀՇ վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանը: Նրա նշած երկրորդ տարբերակն էլ այն է, որ իշխանությունները ստորագրեն ԼՂ հարցի կարգավորման փաստաթուղթ, առանց որեւէ բան ստանալու վերադարձնեն ազատագրված տարածքները, իսկ հասարակությունը չըմբոստանա դրա դեմ: Սա, ըստ Ա. Մանուկյանի, եւս անհնար է: Նրա կարծիքով, այսօր Հարավային Կովկասը գտնվում է միանգամայն նոր իրավիճակում է, գծվում է նոր քաղաքական քարտեզ: Նրա խոսքերով, այդ գործընթացներն այնքան արագ են տեղի ունենում, որ ոչ խելոքը, ոչ ճիշտ արձագանքողը շատ բան է կորցնելու: Իսկ Հայաստանը, Ա Մանուկյանի համոզմամբ, հայտնվել է հենց այդ կարգավիճակում: Ղարաբաղի հարցը, ըստ պարոն Մանուկյանի, լուծվելու է Հարավային Կովկասում ընթացող բոլոր պրոցեսների համատեքստում: Դրա հետեւանքով, ինչպես Ա. Մանուկյանն է ասում, ՀՀ իշխանությունների դերը` որպես խաղացող, որպես ազդեցություն ունեցող գործոն՝ նվազել է: Ըստ Արամ Մանուկյանի, ԼՂ հարցում հիմնական խնդիրները` տարածքների եւ փախստականների վերադարձը, հանրաքվեի հարցը արդեն լուծված են եւ մնացել են միայն որոշ դետալներ: Ռուսաստանի ակտիվացումն էլ, նրա կարծիքով, ոչ թե գործընթացներն իր ուզածով շեղելու նպատակ ունի, այլ նախաձեռնություն է` լուծելու շատ փոքր ու ոչ էական հարցեր, ինչպես, օրինակ` խաղաղապահ ուժերի մանդատի խնդիրը: ԼՂՀ հարցի հետ կապված այս անբարենպաստ վիճակը, ՀՀՇ ներկայացուցչի կարծիքով, պայմանավորված է նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակով, ոչ «լեգիտիմ եւ, հետեւաբար` խոցելի իշխանությամբ»: Ըստ Արամ Մանուկյանի՝ այսօր ՀՀ-ում բացահայտ, անսքող գործում են քրեական տարրերը: «Մարտ-ապրիլ ամիսներին Սերժ Սարգսյանը ճոռոմ-ճոռոմ խոսում էր քրեական աշխարհի ու կոռուպցիայի դեմ պայքարելու, հարկային ու մաքսային վարչարարությունը բարելավելու մասին: Սրանով որոշ մարդկանց մեջ հույսեր առաջացան, թե միգուցե սրանք ընդունակ են ինչ-որ լավ բաներ անելու: Իրականում, սակայն, կրիմինալին զսպելը լիմիտ ուներ, Սերժը իր այդ թիմին ասում էր` «սպասեք մի քանի ամիս»` նոր ձեզ բաց կթողնեմ ազատ շնչելու»,- հայտարարեց Ա. Մանուկյանը` որպես իր ասածի վկայություն ներկայացնելով վերջին շաբաթվա ընթացքում կատարված աղմկոտ սպանությունները: «Բոլոր սպանությունները կամ վրեժ էին, կամ հաշվեհարդար, կամ հնի շարունակություն, եւ շարունակություն են ունենալու նաեւ հետագայում»,- ասում է Ա. Մանուկյանը` դա պայմանավորելով նրանով, որ իրավապահ համակարգը զբաղված է քաղաքական հաշվեհարդարներ տեսնելով: «Ես հայտարարում եմ, որ այն ոստիկանների մի մասը, որոնք Հյուսիսային պողոտայում անընդհատ զբաղված են մեզ խեղճացնելով, մեզ քշելով, կանանց ծեծելով, երիտասարդներին բերման ենթարկելով, բացահայտ հատարարում են, որ իրենք քաղաքական խնդիր են լուծում եւ քաղաքական մեկնաբանություններով են հարձակվում ժողովրդի վրա»,- նշեց նա: Արամ Մանուկյանը վստահ է, որ այս գործընթացների հետեւանքով ներքաղաքական վիճակը գնալով լարվելու է, ավելանալու է դժգոհողների թիվը, որոնց որոշ ժամանակ անց կմիանա նաեւ ուսանողների եւս մի հսկայական զանգված` կապված զինապարտության մասին օրենքում վերջին փոփոխությունների հետ, եւ իշխանափոխության գործընթացն արագանալու է: Երեկ Ա. Մանուկյանն անդրադարձավ նաեւ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե հանրահավաքների ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է «ընդդիմության տերերի, արեւմտյան ֆինանսական կառույցների հրահանգով»: «Ես ձեզ հավատացնում եմ` Տեր-Պետրոսյանը երբեք ոչ մեկից ոչ մի անգամ ավանս չի վերցրել, ավանս` քաղաքական առումով, աջակցության առումով, ֆինանսական առումով, որովետեւ ինքը ունի շատ հզոր մոտեցում` երբեք կաշկանդված չլինել որեւէ մեկով, անգամ, եթե դա վերաբերում է սեփական կուսակցությանը: ՀՀՇ-ն երբեք թելադրող չի եղել Տեր-Պետրոսյանին: Հայաստանում դուք չեք գտնի որեւէ քաղաքական ուժ ո՛չ հիմա, ո՛չ անցյալում, կամ անգամ անհատներ, որոնք թելադրել են: Դա վերաբերում է նաեւ դրսին»,- հայտարարեց Ա. Մանուկյանը: Ինչ վերաբերում է մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման փաստահավաք խմբին՝ Հայ Ազգային կոնգրեսի մասնակցությանը, ապա Ա. Մանուկյանը նշեց, որ դրա վերաբերյալ դեռեւս վերջնական որոշում չի կայացվել: Սակայն, ՀՀՇ վարչության անդամը, դատելով իր շրջապատում պտտվող խոսակցություններից, ենթադրում է, որ ամենայն հավանականությամբ իրենք կմասնակցեն փաստահավաք խմբի աշխատանքներին: