ՀՀ պետական բյուջեի եկամուտների ապահովման «բեռը» շարունակում են կրել հիմնականում սպառողները: Այդ մասին է վկայում 2008 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտների կառուցվածքի ուսումնասիրությունը:
Հայտնի է, որ անուղղակի հարկերը՝ ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) ու ակցիզային հարկը, որոնք ներառված են ապրանքների ու ծառայությունների գների մեջ, ըստ էության վճարում են վերջնական սպառողները, իսկ ուղղակի հարկերը՝ շահութահարկն ու եկամտահարկը, վճարում են գործարարները: Նորմալ տնտեսություններ ունեցող երկրներում ուղղակի հարկերի տեսակարար կշիռը բավականին բարձր է եւ կազմում է հարկային եկամուտների ավելի քան 2/3-ը: Այսինքն՝ հարկային բեռը հիմնականում ընկնում է գործարարների վրա: Հայաստանում լրիվ հակառակ պատկերն է, ընդ որում, վիճակը գնալով վատանում է: 2008 թվականի հունվար-սեպտեմբերին 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջե մուտքագրված ԱԱՀ-ն աճել է 40.8%-ով կամ ավելի քան 66.6 մլրդ դրամով, այն դեպքում, երբ, օրինակ՝ նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերն աճել են ընդամենը 17.9%-ով կամ շուրջ 10 մլրդ դրամով, եկամտահարկինը՝ 22.2%-ով կամ 7 մլրդ դրամով: Ընդհանուր առմամբ, 2008 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 549.1 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության սահմանված իննամսյա ծրագրի 100.2 տոկոսը: Իսկ որքա՞ն է առանձին հարկատեսակների տեսակարար կշիռը բյուջեի եկամուտների կառուցվածքում: 2008 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների ավելի քան 52.6%-ը կամ մոտ 229.5 մլրդ դրամը կազմել է ԱԱՀ-ն: Նշված գումարից 147.7 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից (ապրանքների ներմուծումից), 81.8 մլրդ դրամը՝ ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից (ներմուծված ապրանքների վերավաճառքից եւ տեղական արտադրությունից ու վերավաճառքից): Ակցիզային հարկի մուտքերը կազմել են ավելի քան 34.3 մլրդ դրամ` ապահովելով հարկային եկամուտների 7.9%-ը: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է շուրջ 24.8 մլրդ դրամ, որից 11.8 մլրդ դրամը` բենզինի եւ դիզելային վառելիքի, 9.6 մլրդ դրամը՝ ծխախոտի ներմուծումից: Ինչ վերաբերում է ուղղակի հարկերին, նշենք, որ շահութահարկի հաշվին ապահովվել է բյուջեի հարկային եկամուտների 15.1%-ը, որը կազմում է շուրջ 65.9 մլրդ դրամ, իսկ եկամտահարկի տեսակարար կշիռը հարկային եկամուտներում 8.9% է կամ շուրջ 38.6 մլրդ դրամ:
Նշված ժամանակահատվածում զգալի աճ է արձանագրվել նաեւ մաքսատուրքի գծով: Այն կազմել է ավելի քան 26.2 մլրդ դրամ՝ 72.4%-ով կամ 11 մլրդ դրամով գերազանցելով 2007 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը եւ ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների 6%-ը: 2008 թվականի ինն ամիսների ընթացքում գործունեության առանձին տեսակներից գանձված հաստատագրված վճարները կազմել են շուրջ 14.6 մլրդ դրամ` 11.2%-ով կամ շուրջ 1.5 մլրդ դրամով գերազանցելով 2007 թվականի նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը: Ուշագրավ է հատկապես պարզեցված հարկի դինամիկան: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 30.4%-ով կամ 2.1 մլրդ դրամով` պայմանավորված «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով, որոնցով 2008 թվականի հունվարի 1-ից կրճատվել են պարզեցված հարկի գործունեության տեսակները, ինչպես նաեւ նախատեսվել են սահմանափակումներ առեւտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար: Գուցե այս հանգամանքը գիտակցելով է կառավարությունը փորձում «տերողորմյա» անել` պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած հարկատուների համար, այս տարվա օգոստոսին ընդունված փոփոխություններով, 2008թ. երրորդ եւ չորրորդ եռամսյակներում սահմանելով որոշակի արտոնություններ: Վերադառնալով ուղղակի եւ անուղղակի հարկերի տեսակարար կշիռներին, նշենք, որ այս վերջին փոփոխություններով կառավարությունը մի «խորամանկ» քայլ է արել: Վերացվել է պարզեցված հարկը եւ սահմանվել է ԱԱՀ-ով հարկման նվազագույն շեմ: Այսինքն՝ 2009թ. հունվարի մեկից այլեւս չի լինելու պարզեցված հարկ, իսկ մինչեւ 58.3 մլն դրամ շրջանառություն ունեցող կազմակերպությունները չեն վճարելու ԱԱՀ: Բանն այն է, որ պարզեցված հարկը համարվում էր ԱԱՀ-ին եւ շահութահարկին փոխարինող հարկ. դրա 60%-ը համարվում էր ԱԱՀ, 40%-ը՝ շահութահարկ: Իսկ փոփոխություններով նախկինում պարզեցված հարկ վճարող մանր ձեռներեցները (եւ նաեւ՝ ներկայումս ԱԱՀ վճարող փոքր կազմակերպությունները) ըստ էության կանցնեն ԱԱՀ-ով չհարկվող դաշտ եւ կվճարեն միայն շահութահարկ՝ 20% դրույքաչափով: Սրա հետեւանքով բյուջեի հարկային եկամուտների կազմում ԱԱՀ-ի տեսակարար կշիռը փոքր-ինչ կնվազի, իսկ շահութահարկինը՝ կաճի: