Արվեստն էժանանում է

02/11/2008

Ժամանակակից արվեստի շուկայում վերջին ժամանակներս գների անկում է նկատվում: Artprice ընկերության ուսումնասիրությունների տվյալներով` արվեստի գործերի գները կընկնեն: Դեռ կես տարի առաջ ժամանակակից արվեստագետների գործերն աճուրդներում վաճառվում էին ռեկորդային գներով, սակայն Artprice-ում պնդում են, որ իրավիճակը փոխվել է: Օրերս հրապարակված զեկույցում Artprice-ի մասնագետները նախազգուշացնում են, որ գնային բումը սկսել է անկում ապրել: Համաձայն նրանց դիտարկումների` «դեռ անցած տարի գները վստահորեն աճում էին, սակայն վերջին ժամանակներս գների աճի տեմպերը դանդաղել են»: Շուկայից կարող են հեռանալ առեւտրականները` ազատված տարածքը թողնելով արվեստի իսկական գնահատողներին եւ կոլեկցիոներներին, ինչը կօգնի, որ գները վերադառնան իրենց իրական արժեքին: Artprice-ի փորձագետ Մարտին Բրեմոնդի խոսքերով` այսօր շատ բան է կախված Ասիայի, Մերձավոր Արեւելքի, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի հարուստ գնորդների տրամադրություններից, քանի որ, չնայած ճգնաժամին` նրանք շարունակում են մասնակցել աճուրդներին: Այս տարի Ռոման Աբրամովիչը իր հավաքածուն լրացրել է Ֆրենսիս Բեկոնի 86 մլն դոլար արժողությամբ «Տրիպտիխ 1976» եւ Լյուսիեն Ֆրեյդի 33 մլն դոլար արժողությամբ «Ձեռնարկների քնած տեսչուհին» նկարներով: Այս գործերը Աբրամովիչը գնել է Sotheby՚s եւ Christie՚s աճուրդներում: Այդ գումարները ռեկորդային են հետպատերազմյան արվեստի գործերի համար: «Ռուսաստանից, Չինաստանից, Հնդկաստանից գնորդները շատ են: Բայց առայժմ դժվար է հասկանալ, թե ինչի համար են նրանք դա անում` հավաքածուներ ստեղծելո՞ւ, թե՞ գները բարձրացնելու նպատակով»,- ասել է Բրեմոնդը: Այլընտրանքային ներդրումների Marquee Capital հիմնադրամի տնօրեն Չիտան Տրիվեդին կարծում է, որ ժամանակակից արվեստի գներին օժանդակություն կարող է ցուցաբերել պորտֆելների դիվերսիֆիկացիան: Marquee Capital-ում վստահ են, որ հիմա ճիշտ ժամանակն է ներդրումներ անելու ժամանակակից արվեստագետների գործերում, ինչը կարող է շահույթ բերել: Բոլորովին վերջերս Փարիզում բացվեց FIAC միջազգային հինգերորդ արտշուկան: Փորձագետները նշում են, որ մինչեւ 100.000 եվրո արժողությամբ նկարների, կտավների, ինստալացիաների եւ քանդակների պահանջարկը շատ մեծ է: Սակայն նրանք զգուշացնում են, որ այդ ձեռքբերումները կարող են վտանգավոր լինել` հաշվի առնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Իսկ հոկտեմբերի 19-ին Լոնդոնում կայացած Frieze Art Fair տոնավաճառի կազմակերպիչները հավատացնում են, որ մի շաբաթ տեւած տոնավաճառի ընթացքում գների անկում տեղի չի ունեցել, այնինչ ինֆորմացիոն գործակալությունները խոսում էին գնորդների «սառը տրամադրության» եւ «չվաճառված գործերի» մասին: