Հաջողակ եւ սիրելի Լեոնիդ Արկադեւիչը

26/06/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Լեոնիդ Յակուբովիչի համար նման երջանիկ խաղատոմս դարձավ «Հրաշքների դաշտը»
հեռուստաշոուն, որը եթեր է դուրս գալիս տասը տարի շարունակ։ Այդ շոուի
շնորհիվ Լ. Յակուբովիչը ժողովրդի անսահման սերը վայելեց, մանավանդ՝
ռուսական գավառում։ Թեեւ վերջերս նա շատ է խոսում «Հրաշքների դաշտը»
շոու-ծրագիրը թողնելու մասին, վերջնական քայլն անել չի համարձակվում, լավ
հասկանալով, որ հենց այդ ծրագրի շնորհիվ է դարձել սուպերպոպուլյար,
հարուստ եւ սիրված։ Նա ունի իր հետաքրքրությունները՝ ինքնաթիռներ,
ճամփորդություններ, դահուկներ։ Երիտասարդ տարիներին սովորելով Մոսկվայի
Ինժեներաշինարարական ինստիտուտում, նա ստացել է «օդափոխանակման ինժեների»
մասնագիտություն եւ աշխատել է Մոսկվայի Ավտոմեքենաների գործարանում։ Տասը
տարի շարունակ հանդես գալով ՈւՀԱ-ի թիմում, նա ձեռք է բերել արագ ռեակցիա
եւ յուրաքանչյուր իրավիճակից հումորով դուրս գալու կարողություն։ Լ.
Յակուբովիչը նաեւ մի քանի հարյուր հումորիստական պատմվածքների եւ պիեսների
հեղինակ է, նրա ստեղծած պատմվածքները հաճախ են հնչում էստրադայից՝
Վլադիմիր Վինոկուրի եւ Եվգենի Պետրոսյանի կատարմամբ։
Լ. Յակուբովիչը երկու օր «Բրաբիոն» Ֆլորա-սերվիսի հրավերով գտնվում էր
Երեւանում։ Նա վարեց «Բրաբիոնը՝ բարեկամության ծաղիկ» տոնական ծրագիրը,
վարեց միայն իրեն հատուկ բայրացակամ ու միաժամանակ՝ ամեն ինչ հսկողության
տակ պահող պրոֆեսիոնալի ոճով։ Եվ նույնիսկ կազմակերպիչներին շփոթեցնում եւ
վրդովվեցնում էր, քանի որ չէր ցանկանում սցենարին հետեւել, անում էր այն,
ինչ հարմար եւ հետաքրքիր էր համարում։ Ծրագրի հաջողությունը պայմանավորված
էր հենց այդ մարդու ներկայությամբ եւ նրա վարակիչ էներգիայով։ Երեւանում
նա հազիվ էր հանդուրժում իր ստորագրությունը խնդրողների եւ իր հետ
լուսանկարվել ցանկացողների ներկայությունը կուլիսների ետեւում՝ ասելով.
«Հասկացեք, ես աշխատում եմ»։ Բայց վերջում հարգեց մի խումբ լրագրողների
պահանջը եւ «Սատանան ձեզ հետ» ասելով՝ կարճատեւ հարցազրույցի համաձայնեց։
Ընդ որում, այդ օրը նա ներկա մեծ ու փոքր ռուսական «աստղերից» միակն էր,
ով հարցազրույցի ժամանակ գտավ։ Բոլոր լրագրողներին հետաքրքիր էր, արդյո՞ք
նա չի ձանձրացել «Հրաշքների դաշտից»։
– Օ, նորից այդ հարցը։ Ուր գնում եմ՝ այդ հարցն են տալիս։ Այդ հաղորդումը շատերն են դիտում։ Ինչո՞ւ եք կարծում, որ ձանձրացել եմ։
– Վարում եք այդ հաղորդումը, ժպտում, սակայն ժպիտը մեկ-մեկ հոգնած եւ չարացած է երեւում։
– Թույլ տվեք շրջանցել այդ հարցը, մանավանդ, այսօրվա մեր հանդիպման առիթը շատ ավելի գեղեցիկ է. ծաղկի տոն է։
– Օրինաչա՞փ եք համարում ձեր փառքը։
– Ի՞նչ փառքի մասին կարող է խոսք գնալ։ Փառք ունի Արմեն Ջիգարխանյանը, իսկ
ես պարզապես հանրաճանաչ եմ, այն էլ՝ հեռուստատեսության շնորհիվ։ Իսկ դա
անցողիկ բան է. բավական է որոշ ժամանակ էկրանին չերեւալ, եւ մոռացվում ես։
Ես ինքս ինձ չեմ խաբում, թե փառքի եմ հասել։ Նման նպատակ էլ չունեմ,
պարզապես աշխատում եմ։
– Ձեր կարծիքով, մարդը պետք է այնքան աշխատի, որքան կարո՞ղ է, այսինքն, մինչեւ աշխատվո՞ւմ է։
– Իհարկե։ Մարդը պետք է աշխատի, քանի դեռ գերեզմանում չի հայտնվել։ Չաշխատելու միակ հիմնավորումը մահն է։
– Ձեզ անընդհատ նվերներ են տալիս։ Այդ նվերներն ի՞նչ ճակատագրի են արժանանում։
– Հաղորդման ժամանակ ստացված ոչ մի նվեր ես իրավունք չունեմ տուն տանել։
Բոլորը թանգարանում են հավաքվում։ Իսկ նվերներ են անում, քանի որ այդպես է
նախատեսում հաղորդումը։
– Քաղաքականությամբ զբաղվելու գայթակղություն չե՞ք ունեցել։
– Ես աշխատում եմ քաղաքականությունից հեռու մնալ, քանի որ չեմ սիրում, երբ
մարդկանց վրա փորձեր են անում։ Թեեւ ես էլ եմ խոսելով աշխատում, սակայն
քաղաքականությամբ զբաղվող մարդիկ ավելի շատ են խոսում ու հաճախ հենց միայն
դա էլ անում են։
– Դուք մի քանի անգամ եղել եք Հայաստանում…
– Ես իմ ամուսնության մեղրամիսն եմ անցկացրել Հայաստանում, երկու շաբաթ՝
Վրաստանում եւ երկու շաբաթ՝ Հայաստանում, այնպես որ, բառերն ավելորդ են։
Ես երեկ գնացի Էջմիածին ու հասկացա՝ դուք երջանիկ մարդիկ եք, որ նման
վանքեր ունեք։
– Դուք ծրագրի ընթացքում ասացիք, որ Կովկասը ձեզ համար արիության խորհրդանիշն է։
– Ես ասացի, որ գեղեցկությունը նաեւ արիություն է պահանջում։ Գիտե՞ք, ես
մանուկ ժամանակ ունեի սիրելի գիրք՝ «Կովկասի ժողովուրդների հեքիաթները»,
այնտեղ կային եւ՛ հայկական, եւ՛ վրացական, եւ՛ չեչենական, եւ՛ էլի շատ
ժողովուրդների հեքիաթներ։ Այդ հեքիաթները հիմա կարդում են եւ՛ իմ հինգ
տարեկան դուստրը, եւ՛ իմ յոթ տարեկան թոռնիկը, այդ հեքիաթները կարդացել է
եւ իմ 32 տարեկան որդին։
– Քանի որ Երեւանում այսօր ծաղկի տոն է, ասացեք, դուք սիրո՞ւմ եք ծաղիկներ նվիրել։
– Իհարկե, կնոջս հաճախ եմ ծաղիկ նվիրում։
– Իսկ ո՞րն է ձեր սիրած ծաղիկը։
– Գուցե օրիգինալ չպատասխանեմ՝ վարդը։