Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով, Գերմանիայի ավտոմոբիլային խոշոր ընկերությունները պատրաստվում են աշխատակիցների կրճատումներ կատարել: Ըստ «Միլիեթի», այդ ավտոմոբիլային արդյունաբերության մեջ զբաղված 20.000 թուրք աշխատավորներ կանգնել են գործազուրկ դառնալու վտանգի առաջ: Արտադրանքի քանակի կրճատման հետ միասին, գերմանական ավտոմոբիլային ընկերությունները, որպես առաջին քայլ, շաբաթական աշխատաժամերը 38 ժամից կրճատել են 30 ժամի: Գերմանիայում 14 գործարաններից բաղկացած մոտ 5500 թուրք աշխատավորներ ունեցող «Մերսեդես» ընկերությունը հայտարարել է, որ նոր տարվա արձակուրդների կապակցությամբ արտադրությունը կդադարեցվի մոտ 1 ամսով: Բացի այդ, «Մերսեդեսը» պայմանագիր է ստորագրել Հունգարիայի կառավարության հետ Կեցսկեմետում նոր գործարան կառուցելու մասին: Մոտ 2500 մարդու աշխատելու հնարավորություն ընձեռող այդ գործարանի համար «Մերսեդեսը» պետք է ներդնի 800 մլն եվրո: Գերմանական BMW-ն մեկ շաբաթով փակել է Լայպցիգի գործարանը: Ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է մեկ ամսով դադարեցնել Ռեգենսբուրգ եւ Մյունհեն քաղաքներում գտնվող գործարանները: Արտադրանքի ծավալները խիստ պակասեցրել են նաեւ «Օպել», «Ֆոլկսվագեն» եւ «Ֆորդ» ընկերությունները: «Ֆորդում»՝ մոտ 4700, «Ֆոլկսվագենում»՝ մոտ 3500, BMW-ում՝ մոտ 3000, իսկ «Օպելում» մոտ 1500 թուրքեր են աշխատում: Ի դեպ, գրեթե նույն վիճակն է նաեւ Ֆրանսիայի ավտոմոբիլաշինության ոլորտում: Ֆրանսիայի խոշորագույն ավտոարտադրողները՝ «Renault»-ը եւ «PSA Peugeot-Citroen»-ը, երկրի մի շարք գործարաններում ժամանակավորապես դադարեցրել են արտադրությունը, ինչպես նաեւ հայտարարել են մի շարք այլ միջոցառումների մասին, որոնք պայմանավորված են ԵՄ տարածքում վաճառքի ծավալի նվազման հետ: Երկու ավտոարտադրողների մի շարք գործարանների աշխատանքի ժամանակավոր դադարեցումը սկսվել է երկուշաբթի օրը: «PSA Peugeot-Citroen»-ի վարչությունը որոշում է ընդունել մինչեւ տարեվերջ Ֆրանսիայի մի շարք գործարաններում 10-ից մինչեւ 18 օր ժամկետով դադարեցնելու արտադրությունը: Գործարաններում որոշ արտադրական գծեր արդեն կանգնեցվել են: Վարչությունը նաեւ այլ միջոցներ է ձեռնարկում՝ կապված Եվրոպայում վաճառքների անկման հետ. դրանց թվում են կրճատումները եւ գիշերային հերթափոխների վերացումը: «Renault»-ի վարչությունն այս շաբաթ որոշում է կայացրել դադարեցնել աշխատանքը Ֆրանսիայի վեց գործարաններում: Հաջորդ շաբաթ նույն միջոցը կտարածվի եւս մի քանի գործարանների վրա: Անցյալ շաբաթ հայտնի է դարձել, որ «Peugeot-Citroen» խումբը 2008թ. 3-րդ եռամսյակում շրջանառությունը կրճատում է 5,2%-ով եւ չորրորդ եռամսյակի համար պլանավորում է արտադրության ծավալների կրճատում՝ կապված աշխարհում ընկերության ավտոմոբիլների վաճառքների 9,9% նվազման հետ: 2008թ. երրորդ եռամսյակում ընկերության հասույթը կազմել է 13,301 մլրդ եվրո՝ պլանավորված 14,024 մլրդ եվրոյի փոխարեն: Ցուցանիշների վատթարացումը կապված է հիմնականում Արեւմտյան Եվրոպայում վաճառքների 10,7% նվազման հետ: Այնուամենայնիվ, հայտարարության մեջ ասված է, որ ՌԴ-ում եւ Լատինական Ամերիկայի երկրներում վաճառքները շարունակել են աճել, նվազել է միայն աճի տեմպը: Ընկերությունը կանխատեսում է 2008թ. 4-րդ եռամսյակում վաճառքների ծավալների հետագա նվազում. Եվրոպայում վաճառքները կնվազեն 17%-ով: Վաճառքների անկման 2 եռամսյակը կվատացնի ընդհանուր տարեկան ցուցանիշը, որը պետք է Արեւմտյան Եվրոպայում նվազի 8%-ով: Զարգացող շուկաներում վաճառքների աճը կդանդաղի եւ, ըստ կանխատեսումների, կկազմի շուրջ 10%: 2008թ. ընկերության համաշխարհային ընդհանուր վաճառքների անկումը 2007թ. համեմատությամբ կկազմի 3,5%: