Նավթը

02/11/2008 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

XX եւ XXI դարերում պատմական զարգացման ընթացքը որոշող հիմնական գործոնը նավթն է: Քաղաքականությունը, իշխանությունը, նավթը` հոմանիշներ են: Այս տրիպտիխն ավելի համոզեցուցիչ է երեւում, երբ նայում ես ԱՄՆ-ի գնացող իշխանություններին: Նրա բարձր ղեկավարներից շատերի երակներում արյան փոխարեն նավթ է հոսում: Այսպես, ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին պետական ծառայության անցնելուց առաջ հանդիսացել է աշխարհի խոշորագույն նավթարդյունաբերության սպասարկման «Հալիբարտոն Քո.» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը եւ պրեզիդենտը: Ընկերությունն ակտիվորեն աշխատում է Ադրբեջանում: Նույն Չեյնին եւ առեւտրի նախարար Դոնալդ Էվանսը` ղեկավարելով էներգետիկ ընկերություններ, միլիոններ են դիզել: Նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերն ունի իրավաբանական ֆիրմա, որը ներկայացնում է Ադրբեջանում ակտիվորեն գործող «Էքսոն-Մոբայլ Կորպ.» եւ մի քանի այլ նավթային ընկերությունների հետաքրքրությունները: Պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը 1991-2001թթ. եղել է «Շեւրոն» ընկերության տնօրենը: Այստեղ նույնիսկ նրա անունով տանկեր կա: ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը 3,25-ից մինչեւ 15,5 միլիոն դոլար է ներդրել էներգետիկ ընկերություններում: Ցանկը կարելի է շարունակել, բայց եզրափակենք այն նախագահ Բուշով, որը հորից Տեխասում ժառանգելով նավթային բիզնես, ակտիվորեն զբաղվում էր դրանով մինչեւ նախագահ ընտրվելը: Անշուշտ, արգահատելի ոչինչ չկա, որ ամերիկյան քաղաքական գործիչները ժամանակին զբաղվել են նավթով: Ի տարբերություն հայկական քաղաքական էլիտայի՝ նրանք, ենթադրում եմ, «պետական բուրդը ջոկում են մասնավորից»: Բայց հոգեբանները գտնում են, որ երբ մագնատն առնում է նավթի հոտը, այն նրա մոտ դառնում է վտանգավոր սինդրոմ: Այստեղ հարց է ծագում, թե որքան են նրանք հավատարիմ մնում իրենց փայփայած դեմոկրատիայի, մարդու իրավունքների եւ ազատությունների գաղափարներին, երբ հերթը հասնում է իրենցից հազարավոր մղոնների վրա գտնվող նավթահանքերին եւ նավթատարներին: Նախ, Արեւմուտքը սարսափում է այն մտքից, որ երկրագունդն արագորեն զրկվում է նավթից: Մասնագետների կարծիքով՝ սեւ ոսկու պաշարները կհերիքեն 50-100 տարի, իսկ ԱՄՆ-ինը եւ Անգլիայինը` հազիվ հինգ տարի: Մինչդեռ ներմուծումը շատ թանկ հաճույք է անգամ հարուստ Վաշինգտոնի եւ Լոնդոնի համար: Այնպես որ, մարդկությունն իրաքյան ռեժիմի միջուկային զենքից փրկելու մասին անգլո-ամերիկյան առասպելները, այն դեպքում, երբ տիեզերքից հնարավոր է նկարահանել անգամ լուցկու տուփը, ընդամենը ծխածածկույթ է աշխարհաքաղաքական էքսպանսիան քողարկելու համար: Իսկ նպատակը մեկն է` նավթը: Իրաքն օկուպացվեց, զենքը չգտնվեց, Սադամը սպանվեց, շիաները եւ սուննիներն ավելի շատ են իրար մորթում: Մեկ էլ արաբների եւ ռուսների հիշողության մեջ երկար կմնա այն դրվագը, թե ինչպես հայ քաջարի զինվորների խումբն օգնեց Բուշին փրկել քաղաքակրթությունը: Իրաքի դեմ նավթային էքսպանսիան բազմաթիվ օրինակներից մեկն է: Անցած դարում նավթարդյունաբերական եւ նավթատար տարածքներում տեղի են ունեցել 21 մեծ ու փոքր ռազմական կոնֆլիկտներ եւ հեղափոխություններ: Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմները սկսվել են ոչ այլ ինչի, քան նավթի համար: Սակայն գանք Հարավային Կովկաս: Կասպից ծովի տակ, երկրաբանների հաշվարկումներով, գոյություն ունի 200 մլրդ բարել նավթ: Պայքարը սեւ ոսկու համար սկսվել է դեռեւս անցյալ դարի սկզբներին: Ռոքֆելլերները, որոնք ցարի օրոք ոչ մի կերպ չէին կարողանում ձեռք գցել Բաքվի նավթը, ճարպկորեն կարողանում են օգտվել Ռուսաստանում հեղափոխական իրավիճակից: Կաշառքի առաջին տրանշը նրանք օգտագործում են 1905թ., ֆինանսավորելով Տրոցկուն: Հեղափոխությունը տապալվում է: Հաջորդ` երկրորդ հեղափոխության համար 1916-ին 33-րդ աստիճանի մասոն լորդ Միլների միջոցով 21 մլն ռուբլի (50 մլն դոլար) է փոխանցվում Կերենսկուն եւ մենշեւիկներին: Հետո Համբուրգում գումարվում է «Մեծ Արեւելք» օթյակի արտակարգ նիստ: Բանկիր Յակով Շիֆիին հանձնարարվում է շտապ Ռուսաստան ուղարկել Տրոցկուն` Լենինի հետ հերթական հեղափոխություն իրագործելու համար: Հատկացվում է 20 մլն դոլար (այսօրվա արժույթով՝ 320 մլն դոլար): Բացի այդ, Տրոցկուն տրվում է՝ 10, իսկ Լենինին՝ 15 մլն դոլար «գրպանի ծախս»: Այս ամենը, բնականաբար, օգնում է բոլշեւիկներին զավթել իշխանությունը։ Հեղափոխությունից հետ ռոքֆելլերյան «Ստանդարտ օյլը» ձեռք է բերում Բաքվի նավթարդյունաբերության կեսը, հետո` ռուսական ողջ նավթի կեսը: 1926 թ. մարտին «Ստանդարտ Օյլ օֆ Նյու Յորք» ընկերությունը Մոսկվային հատկացնում է 75 մլն դոլար, գնելով 800.000 տոննա հում նավթ ու 100.000 տոննա կերոսին, հետո այն վաճառում է Եվրոպայում: Մեկ տարի անց նույն ընկերությունը Ռուսաստանում կառուցում է նավթավերամշակման գործարան, իսկ «Չեյզ Նեյշընլ» բանկն ԱՄՆ-ում վաճառում է խորհրդային բաժնետոմսեր: 1941-ին Ռոքֆելլերները կասեցնում են Ճապոնիայի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա (այս տեղեկատվությանը ես մեծ հավատ չեմ ընծայում): Պատերազմից հետո Նելսոն Ռոքֆելլերը կարողանում է հասնել այն բանին, որ ԱՄՆ-ը չխանգարի Ստալինին ստեղծել արեւելաեվրոպական իմպերիա, ինչի դիմաց Մոսկվան ձեռնպահ է մնում Սաուդյան Արաբիայի եւ Իրանի գործերին խառնվելուց: Իսկ Ռոքֆելլերները բացառիկ իրավունք են ձեռք բերում խորհրդային նավթի վրա: Ամերիկյան աղբյուրներից քաղած այս տեղեկությունները համոզիչ կերպով ցույց են տալիս որ եւ՛ կոմունիստների, եւ՛ կապիտալիստների համար իրենց դավանած գաղափարական դոկտրինները մի քոռ կոպեկ անգամ չարժեն, եւ որ նրանք թքած ունեն ամեն ինչի վրա, երբ խոսքը վերաբերում է շահին: Հանուն նավթի՝ բուրժույը օգնում է բոլշեւիկներին տապալել իշխանությունը: Նույն նավթի դիմաց` Լենինը եւ Ստալինը ամրապնդում են իրենց ռեժիմը: Պարզ ու գռեհիկ թվաբանություն: Իսկ հետո շա՞տ բան է փոխվել: Ձեւով` թերեւս, բովանդակությամբ` ոչինչ: Խորհրդային Միության փլուզումից հետո Ռոքֆելլերները` ստանալով նրա նավթի, գազի եւ էլեկտրաէներգիայի առույծի բաժինը, հայացքն ուղղում են Բաքվի նավթային պաշարների եւ նավթատարների կողմը: Բաքու-Սուփսա (Սեւ ծով), նավթատարը Արեւմուտքը կառուցեց հեշտությամբ, 1999 թ.: Հինգ տարի անց` օգտվելով Ելցինի «թուլությունից» եւ տապալելով Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի պլանները, Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը եւ Միացյալ Նահանգները իրականացրին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (Միջերկրական ծով) նավթատարի կառուցումը: Արդյունքում Մոսկվային մնաց միայն Չեչնիայով անցնող Նովոռոսիյսկի նավթատարը: Պուտինի Ռուսաստանը դա չներեց: Ռեւանշը կայացավ այս տարվա օգոստոսին: Մոսկվան հարվածեց, բայց ոչ թե նավթի աղբյուրին, այլ նրա զարկերակին` Վրաստանին, որի տարածքով է հոսում կասպիական նավթը: Սկսվեց, ավելի ճիշտ՝ ակտիվացավ քաղաքական-դիվանագիտական պայքարը Ադրբեջան-Ղազախստան-Թուրքմենստան եռանկյունու շուրջը, որը մասնագետներն անվանում են նավթային դրախտ: Թուրք-ամերիկյան հակամարտության ֆոնին, եթե այն շինծու չէ, ջերմանում են Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունները: Թուրքիան նավթային շահերը պաշտպանելու համար փորձում է մտնել Անդրկովկաս իր մշուշապատ պլատֆորմ-ծրագրով` մոռանալով, որ սեփական կանոնադրությամբ ուրիշի մենաստանը չեն մտնում: Ուժեղանում է Կրեմլի ճնշումը Բաքվի վրա, իսկ վերջինիս հարաբերությունները Վաշինգտոնի հետ ստանում են նոր նրբերանգներ: Թեհրանը համառ կերպով իր բաժին նավթն է ուզում, իսկ Թբիլիսին փորձում է պահպանել նավթատարները, խուսափել ֆեդերալիզմի, այսինքն՝ մասնատվելու վտանգից եւ աղերսագին անցաթուղթ է հայցում Հյուսիսատլանտյան դաշինք: Հարավային Կովկասում թեժ մթնոլորտ է, դիվանագիտական աժիոտաժ: Ցիցերոնը հարցրեց, Cui prodestգ Ո՞ւմ է ձեռնտու այս ամենը: Այն ձեռնտու է բոլորին, քանի որ ամեն մեկը կստանա իրեն հասնող բարել նավթը` իր ուժի եւ կարողության սահմաններում: Բոլորը: Բացի Հայաստանից: Կովկասյան նավթը, ինչպես նաեւ Միջին Ասիայից սպասվող տրանզիտային ածխաջրերն առայժմ տաբու են մեզ համար: Զրո: Հայաստանցու ներսում նավթը ընդամենը ասոցիացվում է մեր տաղանդավոր հայրենակից Մանթաշովի անվան հետ, մեկ էլ մեքենա բենզին լցնելիս՝ ամեն մեկը իր կուլտուրայի համեմատ՝ հայհոյում է բենզինի գինը սահմանողին, որն ամենաբարձրն է, գոնե, իմ իմացած երկրներում: Այսպիսով ստացվում է, որ մենք ընդամենը խաղագնդակ ենք նավթային ակումբի խաղերում: Այլ կերպ չէր էլ կարող լինել: 10 երկար տարիներ մեր արտաքին քաղաքականությունը նախ` քամահրանքով էր նայում ադրբեջանական նավթի ու գազի պաշարներին, դրանց զարգացման հեռանկարներին: Սա դեռ ոչինչ: Իսկ երբ հայկական սիրողական դիվանագիտությունը սկսեց լուրջ դեմքով տխմար հայտարարություններ անել 100 տարվա բլոկադայի առավելությունների, երկնիշ զարգացումների, վագրային ցատկումների, հայի բացառիկության եւ պետականության շահերը վտանգող այլ թեմաներով, պարզ դարձավ, որ տարածաշրջանային ինտեգրացիան անցնելու է Հայաստանի կողքով, եւ մի գրամ նավթ անգամ չի մտնելու Հայաստան: Հիշո՞ւմ եք անկախության առաջին տարիների ոչ պակաս հիմար խոստումները՝ ջերմուկով, ծիրանի չրով, լոլիկի մածուկով մեր սիրելի հայրենիքը դրախտավայր սարքելու մասին: Իմիջիայլոց, իներցիայի օրենքը տարածվում է քաղաքականության վրա եւս: Հիմա էլ են հնչում վիրտուալ, անհիմն, կյանքի հետ ոչ մի կետում չխաչաձեւվող խոստումներ, պլաններ ու ծրագրեր: Մենք զարմանալի վարպետ ենք ազատ անկման ժամանակ քաղաքականություն կերտելու մեջ: Իսկ ռեալ իրականությունում կարծես թե կորցնում ենք Ղարաբաղը` Հայաստանի համար բոլոր վտանգավոր հետեւանքներով հանդերձ: Այս իրադրությունում, թուրքերը, որոնք վերջերս սկսել են մեզ շատ սիրել, սփոփում են, թե՝ գիտե՞ք, որ ծրագրվող ՆԱԲՈՒԿՈ գազատարը (Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Հունաստան, Իտալիա, տարեկան 26-32 մլրդ քառակուսի մետր) անցնելու է Հայաստանով: Պաշտոնական Բաքուն կտրուկ հերքեց այս սփոփանքը, շեշտելով, որ քանի դեռ Հայաստանը չի ազատել գրավված տարածքները, Ադրբեջանը չի համագործակցի Հայաստանի հետ, իսկ տրանսազգային ծրագրերի մասին խոսք անգամ լինել չի կարող: Նման միտք արտահայտում են մեր եւ՛ բարեկամները, եւ՛ ոչ շատ բարեկամները, կարծես բոլորը խոսքները մեկ արած լինեն, եւ ավելացնում են, որ Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այնպես որ, եթե ՆԱԲՈՒԿՈՆ կառուցվի, մենք այդ ծրագրին եւս հրաժեշտ կտանք, միայն թե Վերդիի երկնային երաժշտության հնչյունների ներքո, քանի որ գազատարի հեղինակները, չգիտես ինչու, այն անվանել են անմահ օպերայի անունով: Ուրեմն ի՞նչ, մեզ համար նավթի գինը Ղարաբա՞ղն է: Աղոթենք, որ գոնե Կովկասը չվերածվի երկրորդ Մերձավոր Արեւելքի: Նավթը օգտակար, բայց նենգ հեղուկ է: