Երեկվա տվյալներով՝ Լոռու մարզում նկատվել է հիվանդների թվի նվազում, վարակի օջախը հայտնաբերված է: Այդ մասին երեկ Ազգային ժողովում լրագրողներին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը` նշելով, որ օջախը չեզոքացված է, եւ կարելի է ասել` գործընթացը կասեցված: Ըստ նրա, լաբորատոր հետազոտություններով հաստատվել է վարակի` ջրից փոխանցվելու վարկածը: Բացի այդ, նաեւ հիվանդության բնույթն է վկայում, որ այն կարող էր առաջանալ խմելու եւ կոյուղաջրերի խառնվելուց, որը, հավանաբար, տեղի է ունեցել վթարի ժամանակ: Համենայն դեպս, ըստ Հ. Քուշկյանի, այնպիսի միկրոբներ են անջատված, որոնք լինում են հենց այդ տիպի վթարների ժամանակ: Ինչ վերաբերում է այն վարկածին, որ վարակը կարող էր տարածվել չինական կաթի փոշու միջոցով, որտեղ գերակշռել է մելամինի քանակությունը, ապա նախարարը նշել է, որ կլինիկական տեսակետից նմանություն չկա այդ միջոցով վարակի տարածման առումով: