«Եթե նրանք մտածում են, որ այդ տարածքները տալով կարող են շարունակել հանգիստ ապրել, սխալվում են»,- մեկ շաբաթ առաջ Ղարաբաղում` Մարտակերտում ասաց հաշմանդամ Գարիկը: Ես փորձեցի նրան զրույցի մեջ ներքաշել` տեսնելու, թե ինչ են մտածում Արցախի ազատագրման համար կռված տղաները ղարաբաղյան խնդրի կարգավորման վերջին զարգացումների մասին: Բայց իմ հարցերը կարծես թե հունից հանեցին պատերազմում գլխից վիրավորված զինվորին: Զգացի, որ սխալվել եմ` ասելով, թե ղարաբաղցիներին չեն էլ հետաքրքրում հողերի հանձնման մասին խոսակցությունները: Իսկ երբ ասացի, որ զարմանում եմ, որ կռված տղաները վախենում են խոսել այդ թեմայով, հասկացա, որ անցել եմ սահմանը: Ու նա սկսեց խոսել առանց դադարի:
«Ով ուզում է լինի, մենք` ղարաբաղցիներս, կխփենք: Ոչ մեկը չի կարող էդ տեսակ թուղթ ստորագրի: Դու գոնե պատկերացնո՞ւմ ես` ինչ է նշանակում՝ հողերը ետ տալ: Բա էդ արյան գինը ո՞վ է վճարելու: Սերժը պատրա՞ստ է այդ գինը վերցնի իր վրա: Դու գիտե՞ս` ինչ է նշանակում դա. Ղարաբաղը նորից շրջապատված չորս կողմից, էստեղ մարդ չի մնա: Չէ, կմնա, կմնանք մահապարտների մի խումբ, բայց մի խումբ էլ կուղարկենք Երեւան, չմտածես, որ էդպես էլ կանցնի: Էնտեղ շա՜տ, շա՜տ անելիքներ կան: Էդ հարստությունները որ դիզել են, իմ, Նորիկի, Արմենի, Սամոյի, Մոնթեի, Պետոյի, Արջի, էլի հազարների արյան հաշվին է եղել, ու հիմա հողեր են ուզում հետ տան: Իսկ ինձնից հարցրե՞լ են, թե ես ինչ եմ ուզում, ընկերներիցս հարցրե՞լ են, էն զոհվածներից հարցրե՞լ են: Եթե հող եք ուզում հետ տաք, Երեւանը տվեք: Ինչո՞ւ եք պահում էդ քաղաքը, ինչների՞դ է պետք: Կգնաք Լոս, Ռուսաստան, Սոչի, գնացեք էնտեղ ապրեք, Երեւանն ի՞նչ եք անում: Ձեզ ուտել-խմելու տեղ չի՞ պետք, սաղ աշխարհը էդպիսի տեղեր են: Գնացեք, իսկական հայը էնտեղ կգտնեք, որովհետեւ գիտե՞ս ինչ` հայը իրա հայրենիքում չի կարողանում ապրել: Հայը պիտի փախչի, անընդհատ պիտի փախչի, փախչի, փախչի: Բայց էս աշխարհից հո փախուստ չունի, հայը մենակ իրա հայրենիքից է փախչում:
Ես գիտեի, որ մի օր էս խոսակցությունը ինձ հետ լինելու է: Ու հիմա դու ես եկել էդ խոսակցությունը ինձ հետ տանում: Ինձնից չեն էլ հարցրել, էսքան տարի ինձնից չեն էլ հարցրել, ու հիմա դու ես եկել ու ինձ հարցնում ես, բայց ես գիտեի, որ մի օր հարցնելու են ինձնից: Ուրեմն լսիր. մի ժամանակ Լեւոնն էր ասում, հիմա էլ Սերժն է ասում: Էդ Հայաստանի սահմանները իրե՞նք են պահելու, իրենց տղե՞րքն են պահելու, կամ էն ժամանակ իրե՞նք են պահել: Նրանց համար՝ ի՞նչ, նրանք հացի խնդիր չեն էլ ունեցել, իսկ մենք հիմա մեր օրվա հացը չենք կարողանում գտնել: Էս տառապանքը իրա՞նք են քաշել, որ հիմա ուզում են մեզնից էդ էլ խլեն: Բայց էդ տառապանքը մենք ենք, չէ՞, ընդունել մեր վրա: Սերժը, Ռոբերտը կամ Լեւոնը ի՞նչ կապ ունեն մեզ հետ, որ հիմա մեր անունից խոսում են:
Ես գիշերները գոռգոռալով վեր եմ թռնում` քրտինքը վրես, գոռում եմ ամեն գիշեր: Տնեցիք ինձ «փսիխ» են ասում, ինչի՞ համար: Ինչի՞ համար, իմ երեխեքը չգիտեն, թե ես ինչ տառապանքներ եմ քաշել, ու չեմ էլ ուզում իմանան: Բայց էդ չիմանալու համար ենք, չէ՞, ձների մեջ ամիսներ անցկացրել: Դու գիտես, լսել ես պարտիզանների մասին: Գիտես, որ նրանք անտառներում էին ապրում, էս անտառներում, ու տարիներով ամեն ինչից զրկված: Ու հիմա հո՞ղն եք ուզում հետ տալ: Կպայթեցնենք բոլորիդ: Ձեզ էլ, որ սուտ բաներ եք գրում, սրանց էլ, որ ձենները գցել են փորները ու սաղին խեղճացրել: Էսօր գիտե՞ք ինչ վիճակում են էդ կռվող տղերքը, էսօր նրանց ոչ մեկը չի հասկանում: Նրանք էս երկրի մարդիկ չեն: Նրանք ձեզ հետ ոչ մի կապ չունեն: Բոլորը խմում են օրերով, խմում են, որ մոռանան, որ իրենցից հեռու մնան, որ իրանց լուրջ չընդունեն: Հա, ես էդպես եմ ուզում, ուզում եմ ինձնից հեռու մնան ու դրա համար էլ էսքան խմում եմ, որ հեռու մնան ինձնից: Ես էլ, ընկերներս էլ էլ աշխատել չենք կարողանում, չէ` ոչ թե աշխատանք չկա, այլ չենք կարողանում:
Դե արի բացատրի, որ չի թողնում, էդ գլխիդ մեջ եղածը քեզ չի թողնում մի գործ անես: Հասկանո՞ւմ ես, թե ինչ է նշանակում, որ գլխիդ մեջ եղածը քեզ խանգարում է մարդավայել ապրել, քեզ չոքեցնում է, ու դատարկություն է լինում չորս կողմդ: Բայց ո՞վ է քեզ հասկանում, ո՞վ է ուզում հասկանալ քեզ: Իսկ հիմա հողերը տալու մասին ինձ հարցեր ես տալիս: Էստեղ հող պահողներն են, հող տվողը ստեղ մի փնտրի, նրանց գնա Երեւանում փնտրի ու ասա, որ վատ է լինելու, մեզ համար մեկ է, հիմա էլ վատ է, գրի, որ շատ վատ է լինելու իրենց համար»:
Սկզբում մտածում էի, որ նման հարցեր պիտի տամ նաեւ Ստեփանակերտում` պատգամավորներին եւ պաշտոնյաներին: Բայց Գարիկի հետ զրույցից հետո զգացի, որ նրանք ինչ էլ որ ասեն, անիմաստ է լինելու:
www.hetq.am