Ալվարդ Պետրոսյանը զարմացած է

02/11/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Վերջերս հայտնի դաշնակցական, պատգամավոր, գրող Ալվարդ Պետրոսյանը հյուրընկալվել էր «Ճանապարհ» հաղորդաշարին եւ հաղորդման ընթացքում մի քանի զարմացական հարց ուղղեց հեռուստադիտողին։

Հայտնի բան է, որ մեր իշխանավորներից ու պատգամավորներից շատերը չեն ուզում հարցերի պատասխանել, իսկ պատասխանելիս էլ կա՛մ խուսանավում են բուն նյութից, կա՛մ չհասկանալու են տալիս։ Այս փաստը, պարզվում է, չի բավարարում ոչ միայն հասարակ ժողովրդին (ինչպես սիրում են նրա մասին արտահայտվել ոչ հասարակ իշխանավորները), այլեւ այնպիսի գիտակ պատգամավորի, ինչպիսին Ալվարդ Պետրոսյանն է։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ լրագրողի առաջնահերթ խնդիրը առավելապես հարց տալն է, քան պատասխանելը, եւ փորձենք պատասխանել պատգամավորին հուզող հարցերին, որ նա ժողովրդից խռով չմնա։

Նախ, սկսենք նրա այն դիտարկումից, թե ժողովուրդն արժանի է այն իշխանությանը, որ նա ունի, եւ սրանից բխող նրա այն հարցից, թե՝ դուք եք (ժողովուրդը) մեզ ընտրել, եւ մենք էլ ձեր միջից ելած պատգամավոր ենք, էլ ի՞նչ եք ուզում։

Տիկին Պետրոսյանին հիշեցնեմ, որ մեր ժողովուրդը մի անգամ է ընտրության հնարավորություն ունեցել, այնուհետեւ նրա բոլոր ընտրությունները կեղծվել են, իսկ ինքը եւ նրա նման շատերը պատգամավորի աթոռին հայտնվել են ոչ թե ժողովրդի անմիջական ընտրությամբ, այլ կուսակցական ցուցակներով, եւ ըստ այդմ էլ գործում են հանուն իրենց խմբակային շահի։ Վերջապես, եթե անգամ մի կողմ դնենք այս փաստը, տիկին Պետրոսյանն այնքան էլ պատահական անձնավորություն չէ ժողովրդի համար. մինչ պատգամավոր լինելը նա գրող էր, եւ, կարծում եմ, է, ինչպես ինքն է ասում, ու եթե ժողովուրդը իրեն սխալմամբ ձայն է տվել, ու նա չի արդարացրել ժողովրդի հույսերը, մի՞թե սույնով ժողովուրդը վերածվում է անգրագետ զանգվածի, որին կրթելու մտահոգությունը հանգիստ չի տալիս նրան։

Մյուս հարցը, որ հուզում է տիկին Պետրոսյանին, սեփական աշխատավարձի բարձրացման խնդիրն է։ Նա բողոքեց այն փաստից, որ դատախազների աշխատավարձը բարձրացավ, իսկ պատգամավորինը՝ ոչ, այն դեպքում, երբ ինքը կաշառք չի վերցնում։ Ինչո՞ւ ոչ ոք չբողոքեց այս քայլի դեմ։

Նախ, տիկին Պետրոսյանին ասեմ, որ բողոքեցին եւ, ըստ ամենայնի, բողոքեցին թե՛ պատգամավորի, թե՛ դատախազի աշխատավարձի բարձրացման դեմ, սակայն հարցին լուծում տրվեց ըստ իրենց իսկ ստեղծած օրենքի ու տրամաբանության։ Հարգելի տիկին Պետրոսյան, ձեզ տեղեկացնեմ, որ ձեր թերագնահատած ժողովուրդը եւս կաշառք չի վերցնում, եւ նրա աշխատավարձն էլ այդ նույն տրամաբանությամբ չի բարձրանում, քանի որ մեր պետության համար ոչ թե աղքատությունն է սպառնալիք, այլ կոռուպցիան, իսկ կոռուպցիան արմատահանելու կառավարության տրամաբանությունը, որի դեմ, ի դեպ, դուք էլ չեք բողոքում, կաշառակերին ոչ թե պատժելն է, այլ սիրաշահելը։ Եվ հետո, որքան էլ տարօրինակ լինի, կաշառակերներն ավելի քիչ են, քան ազնիվները, իսկ մեր աղքատ պետության համար ուրիշ էլ ո՞ր տրամաբանությամբ կարելի է շարժվել. հեշտ չէ՞, արդյոք, քչերին բավարարել։ Խոսքի մեջ չմոռանամ ասել նաեւ, որ այդ նույն կաշառք չվերցնող ժողովուրդը ձեզանից առնվազն 5-8 անգամ քիչ է աշխատավարձ ստանում, որը նույն կենսաբանական սկիզբն ունի, իսկ նրա բողոքը, չգիտես ինչու, ձեզ համար անհասկանալի է մնում։

Ցուցադրված դրվագներում, ուր ժողովուրդը ձեռքը թափ էր տալիս կուսակցությունների վրա ու ասում, թե նրանցից ոչ մի սպասելիք չունի, քանի որ նրանք միայն իրենց կուսակցական շահն են հետապնդում, դուք դարձյալ զարմացաք. լավ, կոնկրետ ի՞նչ են ուզում նրանք, ոչ մի կոնկրետ բան չասվեց։

Հարգելի պատգամավոր, մի՞թե ձեզ պետք է հրավիրեն հեռուստաստուդիա, որ դուք տեղեկանաք եւ զարմանաք, թե ինչ է ուզում ժողովուրդը. մի՞թե դուք Ազգային ժողովում նրա համար չեք, որ պարզեք, թե ի՞նչ է ուզում նա. քանի՞ անգամ եք հանդիպել ժողովրդի հետ, քանի՞ անգամ եք լսել նրան եւ նրա ո՞ր խնդիրքն եք բավարարել, որ աթոռը ժառանգած միապետի զարմանք եք արտահայտում. իբր այդ աթոռը ժառանգել եք ձեր կամքին հակառակ, էլ ի՞նչ են ուզում ձեզնից։

Կոնկրետ ձեզնից, որպես գրողից, որ Ազգային ժողովում է, կարող էր, չէ՞, ժողովուրդը ակնկալել, որ իր մտավորականի համար ջանք կգործադրի, կնպաստի համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծելուն, որ ստեղծագործողը, կոնկրետ դեպքում՝ գրողը, ապրի սեփական ստեղծագործությամբ, չասեմ ձեր խոսքով՝ բարեկեցիկ, գոնե արժանավայել կենցաղով, եւ ոչ թե ուժը վատնի այն ասպարեզներում, ուր առանց իրեն էլ յոլա կգնան, իսկ իր ասպարեզը խոպանի վերածվի։ Հիշեցնեմ նաեւ, որ մինչ օրս, քչից շատից, եթե որոշ շերտերի աշխատավարձ էլ ինչ-որ չափով ավելացավ, ապա գիտնականներին խոստացված աշխատավարձի բարձրացումը այդպես էլ մնաց օդից կախ, եւ մեր երկրում գիտությունների թեկնածուն ստանում է ընդամենը 47.000 դրամ աշխատավարձ, իսկ դուք, որ օրենսդիր եք, չեք բողոքում դրա դեմ, մինչդեռ մեր գիտնականի աշխատավարձը ոչ միայն համեմատության եզր չունի իրեն հարգող երկրների գիտնականների, այլեւ ձեր իսկ աշխատավարձի հետ։ Ժողովուրդը շատ պարզ, մարդկային բաներ է ուզում, հավակնոտ էլ չի, ինչպես ձեր ծրագրերը, սակայն եւ՛ ձեր կուսակցությունը, եւ՛ մնացած կուսակցությունները չլսելու ու չհասկանալու են տալիս ժողովրդի պահանջը, ձեր նման մտավորականները իրենց թույլ են տալիս կասկածել ժողովրդի գրագիտությանը, արժանապատվությանն ու ունակություններին, նրանից պահանջել այն, ինչ իրենցից է պահանջվում։ Ժողովուրդը կարիք չունի էժանագին, ծեծված, տափակ հումորների, ֆոնոգրամայով երգուպարի, հարեւանների հետ սուրճ խմող կնանիքի բազմասերիանոց բամբասանքների, բայց, եթե չասեմ՝ ձեր համաձայնությամբ, ապա հանցավոր լռությամբ շարունակում են ջարդել ժողովրդի գլխին իրենց աղբը եւ միաժամանակ՝ բողոքել ժողովրդի մակարդակից։

Վերջապես, որպես ավարտ, ուզում եմ հիշեցնել գինու հասունացման ընթացքում հումքի վրա հավաքվող մլակների ձեր օրինակը. դուք ասում եք, թե առանց դրանց գինի չի խմորվի, սակայն այստեղ էլ պիտի հիասթափեցնեմ ձեզ, քանի որ մլակները կեղծ խմորիչներ են, եւ ժողովուրդը դա շատ լավ գիտի, սակայն դրանց բանի տեղ չի դնում, կարեւորություն չի տալիս, քանի որ հասունացած գինու վրա դրանք այլեւս վրա չեն տալիս, իսկ ժողովուրդը ոչ թե մլակների, այլ նրանցից սերված մուտանտների դեմ է պայքարում, որովհետեւ դրանք են, որ խժռում են պատրաստի արտադրանքը։