Պայման է առաջադրել

02/11/2008

«Վրաստանի իշխանությունները պատրաստ են ոչ պաշտոնական հանդիպում անցկացնելու Սուխումի եւ Ցխինվալի ներկայացուցիչների հետ, բայց որոշակի պայմանների կատարմամբ»,- այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Գեորգի Բոկերիան: Նա ասել է, որ Վրաստանի իշխանություններն աշխատանքային խմբերի շրջանակներում պատրաստ են հանդիպել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի դե ֆակտո իշխանությունների ներկայացուցիչների հետ, պայմանով, որ հանդիպմանը ներկա լինեն այդ տարածաշրջանների լեգիտիմ իշխանությունների ներկայացուցիչները (խոսքը Աբխազիայի Ինքնավար Հանրապետության տարագիր կառավարության եւ Վրաստանի ղեկավարության կողմից նշանակված, Դմիտրի Սանակոեւի գլխավորած Հարավային Օսիայի ժամանակավոր վարչակազմի մասին է): Բոկերիայի խոսքով՝ Վրաստանը չի պատրաստվում խափանել Անդրկովկասի անվտանգության եւ կայունության հարցերի շուրջ նոյեմբերի 18-ին Ժնեւում նշանակված բանակցությունները, սակայն, նաեւ մտադիր չէ փոխել բանակցությունների ձեւաչափը՝ որպես բանակցային գործընթացի մասնակիցներ ճանաչելով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պատվիրակությունները: