Համահունչ չէ

02/11/2008

«ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ամենօրյա մոնիտորինգը վերջին օրերին հայաստանյան շուկայում մի քանի ապրանքատեսակների գների նվազում է արձանագրել: Դրանք հիմնականում առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներ են եւ այն շուկաները, որտեղ Հանձնաժողովի ուղարկած նյութերի հիման վրա ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն վերահսկողական գործողություններ եւ որոշակի միջոցառումներ է իրականացրել»,- այս մասին ասված է ՏՄՊՊՀ-ի մամլո քարտուղարի` երեկ տարածած հաղորդագրությունում: Ըստ այդմ, մասնավորապես միջազգային շուկայում բենզինի գնի 20 տոկոսով նվազման պարագայում Հայաստանում տեղի է ունեցել գնի համահունչ նվազում մոտ 20 տոկոսով` 80 դրամ: «Բրնձի շուկայում, ինչպես հայտնի է Հանձնաժողովի վարույթի արդյունքներից, մուտք են գործել նոր տնտեսվարող սուբյեկտներ, եւ արդյունքում, ինչպես նաեւ պայմանավորված միջազգային գներով` մոնիտորինգի ենթակա մի շարք առեւտրի կետերում (սուպերմարկետներ) բրնձի գինն իջել է մինչեւ 80 դրամով (450 դրամից): Հանձնաժողովի վարույթից հետո ալյուրի գինն իջել է եւս 10-15 դրամով: Եվ այժմ ալրաղացներից ալյուրը կարելի է ձեռք բերել կիլոգրամը 205-210 դրամով: Շինարարական նյութերի մոտ 20 տոկոսով գների նվազում է արձանագրվել, ինչպես եւ դա տեղի է ունեցել միջազգային շուկայում: Հացի շուկայում եւս տասնօրյա «կայունությունից» հետո գնի նվազման միտումներ նկատվում են` մոնիտորինգի ենթակա որոշ առեւտրի կետերում 10-20 դրամով հացի գինը նվազել է, սակայն Հանձնաժողովը դա բավարար չի համարում եւ չի գնահատում որպես համահունչ նվազում (ալյուրի գներին): Հացի շուկայում Հանձնաժողովի վարույթը շարունակվում է: Իսկ վերոհիշյալ մյուս շուկաներում, ուսումնասիրությունները թույլ են տալիս ակնկալել, որ գների նվազումը կիջնի մինչեւ միջազգայինին համահունչ մակարդակի»,- նշված է հաղորդագրությունում: