Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ձեռք է բերել մասնավոր սեփականություն հանդիսացող Արարատբանկ ընկերության բաժնետոմսերի 25 տոկոս գումարած 1 բաժնեմասը` նրա հետագա աճի եւ զարգացման ծրագրերին աջակցելու նպատակով: Պայմանագիրը երեկ ստորագրեցին Կովկասում, Մոլդովայում եւ Բելառուսում ՎԶԵԲ-ի տնօրեն Մայք Դեւինը, Արարատբանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը եւ բանկի հիմնական բաժնետեր Բարսեղ Բեգլարյանը: ՎԶԵԲ-ի ներդրումն ապահովելու է ռազմավարական աջակցություն` բանկի խորհրդի անդամության, բանկի ներքին քաղաքականությունների եւ ընթացակարգերի հզորացման, կորպորատիվ կառավարման եւ ներկա կառավարչական կառուցվածքի միջոցով: Այն միաժամանակ աջակցելու է բանկի մանրածախ, միջին, փոքր եւ միկրո վարկավորման ծրագրերին: «Ներդրում կատարելով` մենք արտահայտում ենք նաեւ մեր վստահությունը Արարատբանկի նկատմամբ: Այսօր աշխարհի շատ երկրներին սպառնում է ֆինանսական ճգնաժամը, մենք մեր գործունեությունը կենտրոնացնում ենք ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ»,- ասել է Մ. Դեւինը: «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում չափազանց կարեւոր է նման ներդրում կատարելը, քանի որ դա խոսում է այն մասին, որ Հայաստանի ֆինանսական համակարգը ոչ միայն շարունակում է հստակ եւ կայուն զարգանալ, այլեւ գրավել նոր ռեսուրսներ: Այս մասնակցությունը վստահություն է Հայաստանի ֆինանսական, բանկային եւ տնտեսական կայուն զարգացման նկատմամբ»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը ՀՀ-ում խոշորագույն ներդրողներից մեկն է, որն ավելի քան 202 մլն եվրո է տեղաբաշխել 52 ծրագրերի միջոցով: