Սարոյանական դասեր

02/11/2008

Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին իրենց մասնակցությունն են ունենում նաեւ հանրապետության որոշ դպրոցներ: Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում դեռ անցյալ ուսումնական տարվա վերջից Սարոյանական ցերեկույթներ եւ բաց դասեր են կազմակերպվում։

Հոկտեմբերի 25-ին դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արմինե Շահինյանը 11-րդ դասարանցիների մասնակցությամբ Սարոյանին նվիրված ցերեկույթ էր կազմակերպել։ Աշակերտները յուրահատուկ սիրով եւ պատասխանատվությամբ էին պատրաստվել ցերեկույթին։ Աշակերտները մինչ այդ ընթերցել էին Վ. Սարոյանի ստեղծագործությունները, ավելին, նրանք «Ես ճանաչում եմ Վ. Սարոյանին» թեմայով շարադրություններ էին գրել, որոնցից հատվածներ էին ընթերցում ցերեկույթի ընթացքում: Աշակերտները նաեւ ընթերցել էին Վ. Սարոյանի ստեղծագործությունների մասին ամերիկյան քննադատների խոսքերը, ինչպես, օրինակ, Բ. Լասկոյինը, որից մեջբերում էին կատարել. «Սարոյանը բուռն է, պոռթկուն եւ խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձեւանում, սակայն բնավ միամիտ չէ… Նա ատում է դաժանությունը իր բոլոր դրսեւորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։ Սարոյանական դասերը սովորեցնում են մեկ եւ կարեւոր բան. ինչպես ինքը՝ Սարոյանն է ասել՝ Մարդ մնալու արվեստը։ Բարություն, ազնվության եւ միամտության հետ խառնված մի մեծ փիլիսոփայություն, որ կոչվում է՝ իսկական մարդ։ Ցերեկույթի ավարտին դպրոցի տնօրեն Աիդա Ղազարյանն իր դրվատանքի խոսքն ուղղեց աշակերտներին, որ նվիրումով արտահայտեցին իրենց ջերմ երախտագիտությունը մեծանուն գրողին։ Նա նշեց, որ քչերն են ունենում մարդկանց սիրելու դժվարագյուտ տաղանդը, իսկ Սարոյանն այդպիսին էր, որի համար էլ նա բացասական կերպարներ չունի։ Եվ կարեւորն այն չէ, որ Վ. Սարոյանն ապրել է հայրենիքից հեռու, այլ այն, որ նա ապրել է հայրենիքով։ Տնօրենը կարեւորեց նաեւ անգլերեն լեզվի մասնախմբի նախագահ Աիդա Էլչիբեկյանի կազմակերպած միջոցառումը, քանի որ այն անցկացվել էր անգլերենով, եւ ներկաները հնարավորություն էին ունեցել ունկնդրելու Վ. Սարոյանի ձայնը։

Ցերեկույթին նաեւ մասնակցում էին փոխտնօրենները եւ հայոց լեզվի եւ գրականության մասնախմբի նախագահ Թամարա Մանվելյանը։