Ալտերնատիվ արվեստը՝ Վենետիկում

26/06/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Վենետիկում արդեն մեկ դար շարունակ՝ երկու տարին մեկ կազմակերպվում է
Եվրոպայի ամենաընդարձակ եւ հեղինակավոր արվեստի ստուգատեսը՝ Բիենալեն:
Նույնիսկ հայտնի Վենետիկի կինոփառատոնը ստեղծվել է այդ Բիենալեի
շրջանակներում: Սկսած 1999 թվականից՝ Հայաստանը ոչ մի Բիենալե բաց չի
թողնում: Այս տարի չորս հայ հեղինակներ կմեկնեն Վենետիկ՝ շնորհիվ «Նորարար
փորձառական արվեստի կենտրոնի» (ՆՓԱԿ) աջակցության: Հայկական տաղավարը
կհյուրընկալվի Մխիթարյան միաբանության Մուրադ Ռաֆայելյան հայկական
վարժարանի շենքում: Յուրաքանչյուր բիենալե իր առաջադրված թեման է
ունենում, որը պետք է բացահայտվի վիզուալ արվեստի, ճարտարապետության,
թատրոնի, պարի, երաժշտության եւ կինոյի միջոցով: Այս տարվա 51-րդ
Բիենալեն, որը տեւելու է հինգ ամիս, ավելի ընդհանուր կարգախոսներ ունի՝
«Էքսպերիմենտներ արվեստում» եւ «Միշտ մի քայլ առաջ»: Մասնակից երկրների
թիվը 70 է, եւ յուրաքանչյուր երկիր, բացի մասնակիցներից, պետք է ունենա
նաեւ իր կոմիսարը՝ համադրողը, ով պատասխանատու է լինելու ազգային նախագծի
պրեզենտացիան Բիենալեի չափանիշներին համապատասխանեցնելու համար: Հայաստանի
համադրողը Դավիթ Կարեյանն է: Մեր մասնակիցների՝ Դիանա Հակոբյանի, Տիգրան
Խաչատրյանի, Սոնա Աբգարյանի եւ Վահրամ Աղասյանի վիդեո եւ գեղանկարչական
գործերը համախմբված կլինեն «Դիմադրություն արվեստի միջոցով» ընդհանուր
թեմայով: Կարեւորը քաղաքացու դիրքորոշումն է, ինչպես ասում է Դ.Կարեյանը՝
ընտրությունը «իմ»-ի եւ «քո»-ի միջեւ: Իսկ ընտրությունն այսօր
դիմադրության է նման: Խորհրդային ժամանակաշրջանի ավարտից հետո մարդիկ
շփոթված են, չգիտեն՝ ո՞րն է մարդու բնական միջավայրը: Ինչո՞ւ է մարդը
փախչում իր բնական միջավայրից, վախենում շփվել իր նմանների հետ: «Ինչո՞ւ է
նրան թվում, որ անտառն ու ծովն են իր բնական միջավայրը»,- ասում է
Դ.Կարեյանը:
Դիանա Հակոբյանի rock&roll-ի ռիթմերով ուղեկցվող «Ուժի
տրամաբանությունը» տեսաշղթան ներկայացնում է էմանսիպացիան եւ սեռական
ազատությունը՝ որպես սեփական ճակատագիրը հսկելու փորձ: Իսկ Սոնա
Աբգարյանը, ով «Ինցեստ» ռոք-խմբի անդամ է՝ շարունակելով կնոջ
պատմությունը, իր «Վաղը նույն ժամին» տեսաինստալյացիայում ուսումնասիրում
է կնոջ դեմքը եւ դիմակները: Արհեստականը արհեստականությամբ թաքցնելու
փորձը երեւալու է մի քանի էկրանների՝ միաժամանակյա պատկերներով: Տիգրան
Խաչատրյանը՝ իր «Տոդիսի» տեսաֆիլմում՝ պատկերելով սափրվող Սանտա Կլաուսին
եւ վարտիքի վրա մուրճ եւ մանգաղ նկարելով, ուզում է ազատագրել կինոն
շտամպներից եւ վերախաղարկել պարզությունը: Վահրամ Աղասյանը «Գործարանների
երկնքում» երկէկրան տեսաինստալյացիայում ներկայացնում է «արդյունաբերական
նվաճումները» եւ աշխարհը ծխի վերածելու պրոցեսը:
Յուրաքանչյուր արվեստի գործ երկու բեւեռ ունի՝ նա, ով ստեղծում է, եւ նա, ով դիտում է: Դիտորդները ոչ պակաս կարեւոր են: