Շատ քաղաքականություն ու մի քիչ սեքս

02/11/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Կիեւի միջազգային «Մոլոդիստ» կինոփառատոնը երկար կյանք ունի, այն անցկացվում է արդեն 38-րդ անգամ եւ համախմբում է կինոյի ասպարեզում առաջին քայլերն անող կինեմատոգրաֆիստներին։ Փառատոնն իր մրցութային ծրագրում ընդգրկում է լիամետրաժ, կարճամետրաժ ու ուսանողական կինոդեբյուտները, եւ հաղթողներին, բացի «Ոսկե եղնիկ» արձանիկից, նաեւ՝ գումարով է պարգեւատրում։

«Մոլոդիստը» շատ խորհրդանիշեր ունի, որպես կարգախոս ընտրվել են բարոն Մյունհաուզենի «Ճշմարտությունը ստի մեջ է» խոսքերը, եւ հենց այդ ՝մեծ երեւակայությամբ օժտված, հնարամիտ «սուտասանի» դեմքն էլ զարդարում է փառատոնի պաստառներն ու տեսահոլովակները։ Երիտասարդների մուտքը դեպի կինոաշխարհ խրախուսող Կիեւը շատ հարմար աշխարհագրական դիրք ունի, քանի որ գտնվում է եվրոպական երկրների հարեւանությամբ եւ զարգացած երկաթուղային ցանց ունի։ Գնացքով ճամփորդող երիտասարդ ռեժիսորներն ու կինոյի պրոֆեսիոնալները Կիեւ են գալիս առանց մեծ ծախսերի, բայց մեծ սպասումներով։ Նրանք ուզում են նոր անուններ բացահայտել, գտնել այն ֆիլմերն ու ռեժիսորներին, որոնք վաղը ճաշակ ու ոճ են թելադրելու։ Իսկ դա բավականին բարդ խնդիր է, քանի որ ստացվել է այնպես, որ հիմա աշխարհում ավելի շատ են կինոփառատոները, քան արժեքավոր ֆիլմերը։ Ֆիլմարտադրությունը դեռ սաղմնային փուլում խթանելու համար «Մոլոդիստը» կազմակերպել էր «Հանդիպումներ նավի վրա» քննարկումը, որին մասնակցում էին կինոնախագծեր ներկայացնող սցենարիստներն ու ռեժիսորները։ Նրանց թվում էր նաեւ հայկական մի նախագիծ, որի հեղինակներն են Կարինե Վերդիանն ու Նիկա Շեկը։ Նախագիծը զարգացնելու համար գումար որոնելը ամենալուրջ խնդիրներից մեկն է, եւ «Մոլոդիստը»՝ շնորհիվ իր երիտասարդական ֆորմատի՝ ճանապարհ հարթելու լավ հարթակ է հանդիսանում։ Միգուցե հաջորդ տարի ավելի մեծ թվով հայկական նախագծեր կմասնակցեն նման ծրագրերի, որոնք, թերեւս, կան յուրաքանչյուր փառատոնի շրջանակներում, եւ որոնց մասին կարելի է տեղեկանալ՝ շրջանցելով դանդաղ ու հաճախ անարդյունավետ աշխատող պետական կառույցները։

Այս տարի Ուկրաինայի մայրաքաղաքում հոկտեմբերի 18-26-ն անցկացվող «Մոլոդիստ» փառատոնին ներկա լինելով՝ կարելի էր նկատել, որ երիտասարդ ռեժիսորների կինոփորձարկումներում մեծ դեր է խաղացել իրենց երկրների ներքին ինքնազգացողությունը։ Փառատոնի գեղարվեստական տնօրեն Անդրեյ Խալպախչին ասաց. «Մեր փառատոնը ոչ միայն ժամանակակից կինոյի զարգացումներ է ցույց տալիս, այլեւ՝ այսօրվա հասարակության յուրահատուկ հայելի է հանդիսանում»։ Կինոն որպես հասարակությանը տեղեկացնելու ու աշխուժացնելու զենք ներկայացնող «Մոլոդիստը» այդ առումով շատ է տարբերվում է մեր «Ոսկե ծիրան» կինոփառատոնից, որը հիմնական շեշտը դնում է կինոն որպես արվեստ ներկայացնելու վրա եւ Հայաստան է բերում այն ֆիլմերը, որոնք զերծ են ակնհայտ քաղաքական ենթատեքստից ու կոնյունկտուրայից։ Հայկական մոտեցումը, թերեւս, ավելի հեռանկարային ու գրավիչ է, քանի որ, ինչպես հայտնի է՝ քաղաքական խճանկարն ու տարաբնույթ նորամուծությունները շատ արագ են փոխվում ու հնանում, իսկ ֆիլմերը մնում են հիշողության մեջ՝ առաջին հերթին, իրենց գեղագիտական տարրի շնորհիվ։

«Մոլոդիստ» փառատոնն անկասկած հետաքրքիր է ոչ այնքան ֆիլմերով (ճիշտն ասած, նրանց որակը շատ դեպքերում բավականին ցածր է, համենայնդեպս, լավագույն ֆիլմեր ճանաչված իրանուհի Հանա Մախմալբաֆի «Բուդդան պայթեց ամոթից» ու Բակուր Բակուրաձեի «Շուլտես» ֆիլմերն առաջին օրվանից իսկ միակ լուրջ հավակնորդներն էին), որքան քննարկումների դաշտով։ Քանի որ փառատոնի բոլոր հյուրերն ապրում էին Դնեպր գետի ափին կայանած նավի վրա, նրանք հնարավորություն ունեին անընդհատ շփվել միմյանց հետ ու «կիսվել» նորություններով։ Եվ հաճախ այդ նորությունները կինոյի դաշտից դուրս էին լինում…

Մրցութային ֆիլմերի դիտումից բացի՝ յուրաքանչյուր փառատոն ընտրում է իր յուրահատուկ այցեքարտը, որով էլ փորձում է հետաքրքիր լինել աշխարհին։ Հայաստանյան «Ոսկե ծիրանն» օրինակ, ընտրել է կինոն որպես խաչմերուկ եւ երկխոսություն ներկայացնելու կերպը, իսկ «Մոլոդիստն» իր բոլոր ծրագրերը կապում է այսօրվա հետ՝ նշելով, որ կինոն ոչ միայն արվեստ է, այլեւ՝ հասարակության զարթուցիչ է։ «Մոլոդիստ» փառատոնն այս տարի հատուկ ծրագիր էր կազմել՝ ներկայացնելու համար ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող ռեժիսորների ֆիլմերը։ «Sunny bunny» (արեւի շողք) արտամրցութային ծրագրում հավաքված էին լեսբուհիների ու արվամոլների ֆիլմերը, որոնք հիմնականում սեքսի ու քաղաքականության եզրագծում էին, քանի որ ֆիլմերն ու հեղինակները հիմնականում ոչ միանշանակ են ընդունվել հանդիսատեսի ու կինոդիստրիբյուտորների կողմից։ Եվ ցանկանալով հաստատել իրենց սեռական իրավունքները՝ շատերը ստիպված են եղել պայքարել ու հասարակական կարծիքին դեմ գնալ։

Տոտալիտար համակարգերն ու կինոն

Կիեւում քաղաքականությունը յուրաքանչյուր պահի այս կամ այն կերպ զգացնել էր տալիս։ Ուկրաինան, որը վերապրել է իր «նարնջագույն հեղափոխությունն» ու հպարտորեն է արձանագրում դեմոկրատական հովերի հաստատումը, հատուկ ծրագրեր էր կազմել՝ քննարկելու համար այն դերն ու պայքարի ձեւերը, որոնք օգնում են հաղթահարել տոտալիտար համակարգերի ճնշումը։ «Կինոն ընդդեմ տոտալիտարիզմի» ծրագիրը շատ մեծ արձագանք ստացավ կինեմատոգրաֆիստների շրջանում, քանի որ յուրաքանչյուր կինոմասնագետ իր սեփական ցավով ու խնդիրներով էր եկել Կիեւ։ Ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Միշել Կարրեի «Պուտինի սիստեմը» վավերագրական ֆիլմը թեժ քննարկում առաջացրեց, քանի որ Ռուսաստանի նախկին նախագահին ներկայացնում էր որպես բացահայտ դիկտատոր, որն օգտագործելով ԿԳԲ-ի սկզբունքներն ու օլիգարխների փողերը՝ ստեղծեց նոր մի կայսրություն, որտեղ ոտնահարվում են մարդկանց իրավունքները։ Ակնհայտ հակառուսական տրամադրությունը, որը զգացվում էր վրացական պատվիրակության շրջանում (իսկ այն շատ մեծ ու ներկայանալի էր), դրդեց Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գագա Չխեիձեին՝ ասել, որ Պուտինը հանդիսանում է Ստալինի հետնորդը։ Ֆրանսիացի ռեժիսորն ու Վրաստանի Կինոկենտրոնի տնօրենը եկան համաձայնության, որ ֆիլմը պիտի շարունակվի ու հետագայում ընդգրկի նաեւ Վրաց-ռուսական պատերազմը։ «Պուտինը ոճրագործ ու մարդասպան է, նրա ձեռքերն արյան մեջ են»,- ասաց Գ.Չխեիձեն։ Նույն միտքը, բայց արդեն իր նախագահի մասին, հնչեցրեց նաեւ բելառուսական ընդդիմության ներկայացուցիչը, որը ներկայացնում էր ընդդիմության պայքարի մասին պատմող «Հրապարակ» ֆիլմը։ Ցուրտ ձմռանը նախագահ Լուկաշենկոյի դեմ դուրս եկած մարդկանց զանգվածը փորձում էր բողոքարկել ընտրությունների արդյունքները, եւ այլ միջոց չտեսնելով՝ հրապարակում վրանային քաղաք էր ստեղծել ու դիմակայում էր ոստիկաններին։ Իսկ Լուկաշենկոն ասում էր. «Դուք ընտրություն չունեք, դուք ձեր ձայներն արդեն տվել եք ինձ»։ Բելառուսում ծավալվող դեպքերը ներկայացվում էին մի երիտասարդ, փխրուն աղջկա տեսանկյունից, որը եղել է ընդդիմադիրների շարքերում, բանտարկվել ու ծեծի է ենթարկվել, բայց ում աչքերը փայլփլում էին փոփոխությունների ակնկալիքից։ «Մեզ մոտ միայն մեկ օլիգարխ կա, դա Լուկաշենկոն է, եւ ամեն ինչը միայն նրան է պատկանում, մեր էկրաններին կարելի է տեսնել միայն նրա դեմքն ու նրա բեղերը»,- ասաց ընդդիմադիր Անատոլի Լեբյադկոն, ում անձնագրում հատուկ կնիքով նշված է, որ նա իրավունք չունի երկրի սահմաններից դուրս գալ, քանի որ նրա ազգային նկարագիրը վստահություն չի ներշնչում նախագահին։ Վրացիներն ասացին, որ իրենց հեռուստաալիքներով ցուցադրվող նման ֆիլմերը մեծ թվով մարդ է դիտում, իսկ Բելառուսում, որտեղ անթաքույց գրաքննություն կա, նման ֆիլմերն արգելված են։ Եվ բելառուսական «Հրապարակը» կարելի է դիտել միայն ինտերնետում։ Ինտերնետում կարելի է դիտել նաեւ Պուտինի ծննդյան օրը սպանված լրագրող Աննա Պոլիտկովսկայայի մասին պատմող «Աննայի ցուցակը» ֆիլմը, որը ռուսական հեռուստաալիքները հրաժարվել են ցուցադրել։ Լրագրողի որդին՝ Իլյա Պոլտկովսկին ասաց, որ ինքը նույնիսկ ուրախ է, որ իր մոր մասին պատմող ֆիլմն «Առաջին ալիքը» չի ցուցադրում։ «Իրապես մտածող մարդիկ հեռուստացույց չեն դիտում, նրանք գերադասում են նորություններն իմանալ ինտերնետից»,- ասաց նա։

Քրոնիկան ու արխիվային նյութերը շատ արդիական ֆիլմեր են դառնում, եւ ոչ միայն զուտ փաստացի ինֆորմացիա են հաղորդում, այլեւ՝ օգնում են հետագա որոշումներում խուսափել անցյալի սխալներից ու տեսնել այլ երկրների փորձը։

Ընդհանրապես վավերագրական կինոն հզոր ուժ է, քանի որ հավաստի դեպքերի շարանը հաճախ գերազանցում է մարդու երեւակայությունը։ Եվ վավերագրական կինոն մեծ լսարան է ունենում հենց անառողջ ու անկայուն հասարակություններում, որոնք հարցեր ունեն ու քրոնիկա դիտելով՝ պատասխաններ են փնտրում։

Հայաստանը ներկայացնող միակ լրագրողը լինելով, ես ինքս շատ ծանր դրության մեջ էի հայտնվել, քանի որ բոլորն ուզում էին իմանալ մեր հանրապետության ներքին իրավիճակի մասին, ցանկանում էին տեղեկանալ քաղբանտարկյալների թվի ու նրանց ազատ արձակման ժամկետների մասին, ուզում էին իմանալ՝ որտեղից կարելի է ձեռք բերել հետընտրական դեպքերի մասին պատմող արխիվային կադրերը։ Այդ բոլոր հարցերին հանգիստ ու վստահ պատասխանելու ցանկություն ունենալով՝ ամեն դեպքում, չէր ստացվում ցույց տալ, որ Հայաստանում ամեն բան կարգին է։ Ժողովրդի ու ղեկավար մարմիների միասնության պատրանքն ամեն անգամ փշրվում էր «քաղբանտարկյալ» բառի պատճառով։ Բելառուսները նկատեցին, որ նույնիսկ իրենց «ֆաշիստական կոմունիզմի» պայմաններում, բոլոր բանտարկվածներին 3 օր անց բաց են թողել։ Մարդկանց ծեծել են, բայց չեն սպանել։ «Իսկ ի՞նչ է մտածում ձեր նախագահը, մարդասպանները պատժվեցի՞ն»,- հարցնում էին ինձ մեր երկրի անցուդարձին քաջ տեղյակ ուկրաինացիները, վրացիներն ու ռուսները։ Մնում էր պատասխանել, որ դա ընդամենը օրերի հարց է, քանի որ մարդկային նկարագիրը թույլ չէր տալիս սեփական երկիրը «կեղտոտ» ներկայացնել այլազգի մտավորականներին։ Նման հարցեր ընդհանրապես չպիտի ծագեն, քանի որ հարցերի այդ բեռը շատ ստորացուցիչ է եւ միանգամից թեւաթափ է անում շարքային հայաստանցուն, որը կարող է հպարտորեն խոսել իր կինոյի, իր արվեստի, իր պատմության մասին, բայց ներկան նրա համար կամ «տաբու» է, կամ էլ այլանդակ իրողություն է։ Միգուցե լավ է, որ մենք «տաք հետքերով» մեր քաղաքական պայքարի մասին ֆիլմեր չենք նկարահանել ու շուտափույթ բաց չենք թողել աշխարհ։ Միգուցե հիմա ոչ թե կինոն որպես պայքարի զենք ներկայացնելու, այլ՝ մեր հայացքներն ու սխալները շտկելու ժամանակն է։ Զոհ լինելը, նույնիսկ, եթե դու ընդամենը քաղաքական գործիչների զոհ ես, այդքան էլ լավ կեցվածք չէ։ Հայաստանից դուրս գտնվելով, հասկանում ես, որ ցանկանում ես քո երկիրն ավելի կայուն ու դեմոկրատական ներկայացնել եւ նույնիսկ պատրաստ ես փոքր-ինչ մեղանչել իրականության դեմ։ Բայց փոքր-ինչ, ոչ՝ ավելին։ Չէ՞ որ յուրաքանչյուր հայ իր հայրենիքի յուրահատուկ դեսպանն է։

Եվ եթե Կիեւում Հայաստանը ներկայացնող ֆիլմեր չկային, ապա շատ էին հայազգի կինոգործիչները, ովքեր վաղուց արդեն ասոցիացվում են ոչ թե «քաղբանտարկյալների», այլ՝ մեծ բարձունքների հասած պրոֆեսիոնալներ ծնող հողի հետ։ «Մոլոդիստը» բացվեց Ուկրաինայում ապրող ու ստեղծագործող Ռոման Բալայանի «Դրախտի թռչունները» ֆիլմով (որը մենք ավելի վաղ տեսել էինք «Ոսկե ծիրանի» բացմանը), իսկ Ռոման Գուրգենովիչը՝ հանդիպելով բազմազգ լրագրողների հետ, նշեց, որ անհատի ու համակարգի հակամարտությունը միշտ էլ լինելու է, մարդու ներքին ազատությունն ամենաթանկ բանն է։ Ուսանողական ֆիլմերի ցանկում էր Ռուսաստանը ներկայացնող Դիանա Մկրտչյանի «Գաթա» կարճամետրաժ ֆիլմը, իսկ ամենամեծ իրադարձությունը «Դոմովոյ» բլոկբաստերի պրեմիերան էր, որն աստղային դերասաններ Խաբենսկու, Մաշկովի ու Խամատովայի մասնակցությամբ նկարահանել էր Գյումրիում ծնված ռեժիսոր Կարեն Հովհաննիսյանը։ Ֆիլմը ստեղծվել է «Ցենտրալ պարտյորշիփ» ընկերությունում, որի ղեկավար պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը նույնպես Կիեւ էր ժամանել եւ միանգամից մի քանի ֆիլմ էր ներկայացնում։ Ռ.Դիշդիշյանն, անկասկած, աշխարհի ամենաազդեցիկ պրոդյուսերներից մեկն է, ով լավ կինոյի «հոտառություն» ունի։ Պատահական չէ, որ այս տարի «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացված կլինի նրա ընկերության միջոցներով նկարահանված, ռեժիսոր Աննա Մելիքյանի «Ջրահարսը» ֆիլմը, որն այս տարի նաեւ «Ոսկե ծիրանի» գլխավոր մրցանակի է արժանացել։

Կինոն, իհարկե, ազգություն ու սահմաններ չի ճանաչում, սակայն, երբ տեսնում ես, որ մենք հսկայական ուժեր ունենք, բայց սակավ ֆիլմերն են որպես հայկական ներկայացվում, ափսոսում ես, որ կինոն որպես սեփական երկրի ներուժը բացահայտող, նաեւ՝ գովազդող զենք չի օգտագործվում։ Նկարահանված նյութը կարող է ճամփորդել ու գրավիչ դարձնել հայկական մտածողությունն ու Հայաստանի պատկերները, եթե փոքր-ինչ հետեւողական վերաբերվեն կինոդաշտին։ Կիեւում հավաքված կինոմասնագետները շատ բարձր էին գնահատում երեւանյան «Ոսկե ծիրանը», ափսոսանքով նշելով, որ շատ հայտնի կինոգործիչներ գերադասում են ոչ թե իրենց երկրներ, այլ՝ Հայաստան այցելել։ Մենք ավելի լավ կազմակերպիչներ ու գնահատողներ ենք։ Եվ շատ ավելի լավ հանդիսատես ենք։ Հուսանք, որ մոտ ապագայում հայրենիքում ստեղծագործելու խոչընդոտներն ավելի նվազ կլինեն, ու տարբեր փառատոներին մենք մեր սեփական արտադրանքով կներկայանանք։ Նաեւ՝ կկարողանանք ասել, որ առանց հեղափոխությունների էլ մենք ազատ ու պաշտպանված ենք։

Հ.Գ. Երեւանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հեղինակության շնորհիվ կազմակերպված այս այցը լրագրողական շփումների շղթայի մեկ օղակն է, որը շարունակվելու է եւ տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող կինոլրագրողներին հնարավորություն է տալու տեղեկանալ միջազգային կինոփառատոների գործունեությանը։