Կիրակի օրը Գյումրիում անցկացված քաղաքապետի ընտրություններն անցել են բազմաթիվ ընտրախախտումներով: Վաղ առավոտից Գյումրիի բոլոր տեղամասերի մոտ հավաքված էին հատուկջոկատայինները, ինչն արդեն, կարծես, սովորական է դարձել Հայաստանում տեղի ունեցող բոլոր ընտրությունների համար: Համենայնդեպս, վերջին շրջանում անցկացված բոլոր ՏԻՄ ընտրություններում հատուկ դերակատարում են ունենում նաեւ հատուկջոկատայինները: Եվ չնայած բազմաթիվ ընտրախախտումներին` 31.375 ձայնով Գյումրիի քաղաքապետ է «վերընտրվել» գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վարդան Ղուկասյանը: Մյուս թեկնածու, անկուսակցական, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որին սատարում էին «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» կուսակցությունները՝ ստացել է 19.905 ձայն, իսկ ԱԻՄ անդամ Դանիել Դարբինյանը` 769 ձայն: Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սայաթ Մինասյանի ասելով, սակայն, դրանք լուրջ ընտրական խախտումներ չեն եղել. «Որեւէ արտառոց դեպք չի եղել, որը կարող է կասկածի տակ առնել ընտրությունների կայացման փաստը»: