Վտանգավոր պատգամներ

29/10/2008

Հոկտեմբերի 24-25-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ, բացի ԼՂ իշխանությունների հետ հանդիպումներից, նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է պաշտպանական դիրքեր, այդ թվում` ազատագրված տարածքներ: Հենց ԼՂ-ում Հ1-ին տված հարցազրույցում Ս. Սարգսյանը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, «մադրիդյան սկզբունքների» հիման վրա: «ԼՂ խնդրի կարգավորումը հնարավոր է, եթե Ադրբեջանը ճանաչի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եթե ԼՂ-ն ցամաքային սահման ունենա Հայաստանի հետ, եւ եթե միջազգային կազմակերպություններն ու առաջատար երկրները երաշխավորեն ԼՂ ժողովրդի անվտանգությունը»,- ասել է Ս. Սարգսյանը: «Ղարաբաղի անկախությունը եւ անվտանգությունը ենթակա չեն որեւէ սակարկության եւ շահարկումների»,- կարծես ի պատասխան Ս. Սարգսյանի՝ հայտարարել է ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, շեշտելով, որ ազատագրված տարածքներն ամրագրված են ԼՂ Սահմանադրությունում եւ որակվում են որպես անվտանգության գոտի: (Հիշեցնենք, որ «մադրիդյան սկզբունքները» ենթադրում են ազատագրված տարածքների վերադարձ): Բ. Սահակյանը նաեւ ավելացրել է. «Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ առանց որեւէ նախապայմանի բանակցություններ սկսել: (գ) Հարցը լուծվելու է միայն ու միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի մասնակցությամբ»: Արդյո՞ք այս հակասությունը վկայում է ՀՀ եւ ԼՂ իշխանությունների միջեւ առկա իրական տարաձայնությունների մասին, թե՞ իրականում արտաքին աշխարհին ուղղված այլ նպատակ ունի, ցույց կտա ժամանակը: Սակայն անկախ այդ հակասությունների բնույթից, դրանով 10 տարի ղարաբաղյան հակամարտության հետ կապված գործընթացներից ամբողջությամբ դուրս մղված ԼՂ-ն գոնե ինչ-որ մասնակցության «չափաբաժին» է ապահովում: Դա երեկ արձանագրել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Ես ուրախ եմ, որ վերջապես բացատրվում են ԼՂՀ եւ ՀՀ իշխանությունները, որովհետեւ 10 տարի է` ԼՂ իշխանությունները մեկուսացված էին այս գործընթացից,- հայտարարել է Լ. Տեր-Պետրոսյանը` ավելացնելով,- ԼՂ հարցում օրեցօր ահագնանում է վտանգը»: Իսկ Ս. Սարգսյանի` ԼՂ-ում արած հայտարարությունների վերաբերյալ Լ. Տեր-Պետրոսյանն ասել է. «Ես ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Ալիեւի, ոչ ամերիկացի, ոչ ֆրանսիացի, ոչ էլ ռուս համանախագահների հայտարարություններին բացարձակապես չեմ հավատում: Ես այդ հայտարարություններից որոշ ինֆորմացիա քաղում եմ: Այդ ինֆորմացիան նրանք պատահական էլ չեն տալիս: Դրանք պատգամներ են, որոնք դիվանագիտական մի քիչ փորձ ունեցող մարդը շատ արագ կարող է հասկանալ: Ես գիտեմ գործընթացը: Ինձ հետաքրքրում է պրոցեսը եւ պրոցեսի տրամաբանությունը, իսկ պրոցեսի տրամաբանությունը ինձ հուշում է, որ բոլոր հայտարարությունները դատարկ են։ Պրոցեսն այն է, ինչ ես ներկայացրել եմ իմ վերջին ելույթում»: