9 տարի անց

29/10/2008

Երեկ լրացավ հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած ոճրագործության 9-րդ տարին: ԱԺ բակում տեղադրված զոհերի հուշաքարի մոտ երեկ վաղ առավոտյան հավաքված էին պատգամավորները, ներկա էր նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Զոհերի հիշատակը ԱԺ հուշաքարի մոտ հարգելու Հ. Աբրահամյանի հրավերն ընդունել էին միայն Կարեն Դեմիրճյանի հարազատները` Ռիմա Դեմիրճյանն ու Ստեփան Դեմիրճյանը, իսկ Վազգեն Սարգսյանի հարազատներից ոչ ոք այդպես էլ չեկավ այնտեղ: Ներկա էր նաեւ Յուրի Բախշյանի այրին` պատգամավոր Անահիտ Բախշյանը:

«Մենք կրկին անգամ ոչ ենք ասում ահաբեկչությանը, անհանդուրժողականությանը եւ թշնամանքին, ու չնայած հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 9 տարի, սակայն մեզանից յուրաքանչյուրն իր ողջ կյանքի ընթացքում տանելու է այն ցավը եւ ապրումները, որ զգացել ենք ազգովի 99-ի հոկտեմբերի այս օրը,- հուշաքարի մոտ հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը,- 9 տարի անց մենք կրկին փաստում ենք, որ նման ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն, եւ ամեն ինչ պետք է անենք, որ նման ոճիրները չկրկնվեն, ուստի ամեն անգամ հավաքվելով այս հուշարձանի մոտ` մենք պետք է հավաստենք, որ մեր ուժը մեր միասնության մեջ է, եւ որ միայն միասնաբար կարող ենք կառուցել ավելի արժանապատիվ ու բարեկեցիկ Հայաստան, որը, վստահ եմ, հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչներ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրի Բախշյանի եւ մյուս մեր գործընկերների երազանքն էր: Որպես ԱԺ նախագահ՝ վստահ ասում եմ, որ ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, որ մեր երկրում վերջնականապես հաղթանակի համերաշխությունը, հանդուրժողականությունը եւ փոխադարձ հարգանքը»: Նա նաեւ վստահորեն խոստացավ. «Չեմ կասկածում, որ մեր զոհված գործընկերների երազած Հայաստանը մենք կառուցելու ենք բոլորս միասին, միասնաբար»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը դեռեւս չի բացահայտվել, քանի որ այն հարցերը, որոնք իր մեջ եղել են` մինչեւ հիմա էլ մնացել են անպատասխան: «Ուչաստկովին» չկարողացավ բացահայտել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա: