Ուզում են բարձրացնել սեփական աշխատավարձը

29/10/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ կրկին Ազգային ժողով էր բերվել օրենսդիր, գործադիր ու դատական մարմինների (բացառությամբ՝ դատավորների) պաշտոնյաների աշխատավարձը կրկնակի չափով բարձրացնելու նախագիծը:

Հիշեցնենք, որ այդ նախագիծը կազմել էին կոալիցիոն պատգամավորները եւ ԱԺ-ում շրջանառության մեջ էին դրել դեռեւս այս տարվա գարնանը: Սակայն այդ ժամանակ այն արժանացավ պատգամավորների, նույնիսկ՝ կոալիցիային մաս կազմող ուժերի անդամ պատգամավորների մի մասի քննադատությանը: Բացի այդ, նախագիծը ենթադրում էր նաեւ լրացուցիչ ծախսեր` տարեկան կտրվածքով մոտ 600 մլն դրամ, եւ այդ առումով պետք էր ստանալ նաեւ կառավարության համաձայնությունը: Նախաձեռնող խումբն այն ժամանակ նաեւ առաջարկել էր աշխատավարձերը բարձրացնել այս տարվա հունիսի 1-ից: Դրանից հետո կառավարությունն էր առաջարկել աշխատավարձերը բարձրացնել 2009թ. հունվարի 1-ից, սակայն հաջորդ տարվա պետական բյուջեում այդ բարձրացումը չի նախատեսել: Նախագիծը այս օրերին քննարկվում է ԱԺ Սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովում եւ հավանության արժանանալու դեպքում՝ քննվելու է նաեւ լիագումար նիստում: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքերով, «այժմ բանակցություններ են վարվում աշխատավարձերի առաջարկված մոտեցումը 2009-ի բյուջեում արտացոլելու համար»: «Էությունն այն է, որ համապատասխանեցվի այն 2003թ. եղած հարաբերակցությանը: Կար սահմանված բարեփոխումների հստակ սցենար, եւ դրա արդյունքում այս պահի դրությամբ արդեն հանրային ծառայության մնացած ոլորտներում տեղի է ունեցել փոփոխություն աճի ուղղությամբ, սակայն այս ուղղությամբ որեւէ քայլ չի արվել: Նախագծի նպատակն է՝ բերել 2003թ. ստատուս-քվոյին եւ հաջորդ տարի իրականացնել արմատական փոփոխություն արդեն հանրային ծառայության ողջ ոլորտում, որի մեջ կմտնեն եւ դատարանները, եւ քաղաքացիական ծառայությունը, եւ հատուկ ծառայությունները, եւ այլն»,- նշում է Ա. Մինասյանը:

ՀՀ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն էլ ասում է, թե իրենք ընդհանուր աշխատավարձերի բարձրացման հայեցակարգի մեջ պետք է քննարկեն պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը: Ներկայումս 2009թ. պետական բյուջեի քննարկումներն են ընթանում ԱԺ-ում, եւ չի բացառվում, որ զուգահեռաբար այս հարցն էլ քննարկվի: Փոխնախարարի խոսքով` կառավարությունը սպասում է, թե ինչ առաջարկներ կներկայացնեն պատգամավորները: Իսկ եթե պատգամավորների առաջարկներն ու քննարկվող նախագիծն ընդունվեն, պատգամավորի աշխատավարձը 300.000 դրամի փոխարեն՝ կդառնա 600.000 դրամ, հարկերն ու պահումները հանած` մոտ 500.000 դրամ: Պատգամավորներից շատերն, ովքեր բիզնես չունեն, հաճախ են դժգոհում, որ իրենց աշխատավարձը ցածր է, այն չի բավարարում ոչ միայն ապրելու, այլեւ պատգամավորական գործունեության ընթացքում հասարակական այլ գործունեության, ընտրողների հետ ու տարբեր այլ հանդիպումների մասնակցելու համար: Բացի աշխատավարձից, նման դեպքերում պատգամավորին ամսական հատկացվում է եւս 15.000 դրամ լրացուցիչ գումար: Առաջարկված նախագծով այդ գումարն էլ պետք է կրկնապատկվի: «Ժառանգություն» խմբակցությունն իր ստորագրությունը չի դրել այս նախագծի տակ: «Նախ՝ կողմ կլինեմ, որ մեր բոլոր քաղաքացիների աշխատավարձերը բարձրանան, նվազագույն աշխատավարձը բարձրանա: Բայց մի դիտարկում ունեմ` ես անթույլատրելի եմ համարում, որ ՀՀ նախագահը 400.000 դրամ աշխատավարձ ստանա: Ավելի լավ կլինի, որ նախագահը նորմալ աշխատավարձ ստանա, ԿԲ շարքային ծառայողը նրանից շատ է ստանում: Ես կարծում եմ, որ ՀՀ նախագահն այնքան աշխատավարձ պետք է ստանա, որ կարողանա իր բնակարանային պայմաններն ու ընտանիքները նորմալ ապահովել: Եվ ոչ թե պաշտոնավարման ժամկետը ավարտելուց հետո նրան բազմամիլիոնանոց 1 ամբողջ վիլլա նվիրենք»,- իր անձնական տեսակետը հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Պատգամավորների գործունեությունը բարելավելու մեկ այլ օրինագիծ էլ դեռեւս անցած աշնանն առաջարկել էր «Ժառանգություն» խմբակցությունը: Նախագծի համաձայն, յուրաքանչյուր պատգամավոր պետք է ունենա պետությունից ֆինանսավորվող 1 օգնական: Խոսքը քարտուղարուհիների մասին չէ: Հիմա նման հնարավորություն ունեն միայն խմբակցության ղեկավար եւ հանձնաժողովի ղեկավար պատգամավորները: Ներկայումս յուրաքանչյուր պատգամավոր կարող է ունենալ հասարակական հիմունքներով աշխատող երկու օգնական: Առաջարկվող նախագիծը նախատեսում է, որ այդ օգնականներից մեկը պետք է վարձատրվի պետության միջոցներով: «Մենք աշխատանքի մեծ ծավալ ունենք, եւ մեր աշխատանքն ամբողջությամբ կատարելու համար պետք է օգնեն նաեւ օգնականները: Պատգամավորները չունեն հատուկ ֆոնդեր, ինչպես այլ երկրներում է, որոնց միջոցով փորձագետներ կամ օգնականներ են վարձում: Եվ նրանց կատարած աշխատանքի համար պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերվի»,- ասում է Ա.Մարտիրոսյանը:

Սակայն այսօր ԱԺ-ում կան շատ պատգամավորներ, ովքեր հազվադեպ են մասնակցում նիստերին: Քիչ են նաեւ աշխատող ու օրենքներ գրող պատգամավորները: Ըստ էության, նրանց օգնական պետք չէ: Եվ ստացվում է, որ հայրենի ընտրյալներից մեծ մասի համար պետական բյուջեից ֆինանսավորվող օգնական ունենալը անիմաստ ծախս կլիներ պետության ուսերին: Իհարկե, պատգամավորներն ասում են, թե այդ դեպքում էլ թող գնահատվի պատգամավորի աշխատանքի արդյունավետությունը, կիրառվի պատգամավորի աշխատավարձի պահման մեխանիզմը: «Այսօր կա արդեն այդ մեխանիզմը, պետք է պարզապես գործադրվի: Չաշխատող պատգամավորի աշխատավարձի պահման մեխանիզմը կարող է գործադրվել, եւ այդ առումով արդարությունը հաստատել»,- ասում է Ա. Մինասյանը: