«Ախր ո՞վ արեց, ո՞վ կազմակերպեց, ո՞վ ուղարկեց դրանց ԱԺ»,- «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության պարագլուխներ Նաիրի եւ Կարեն Հունանյանների հայրը` Հրաչյա Հունանյանը: «Մարդիկ ասում են՝ ով կազմակերպել ա, նա էլ թող տեր կանգնի տղաներիդ, բայց կկանգնի՞: Չի կանգնի»,- հավելել է նա: Հարցին, թե ո՞վ էր ուղարկել նրանց ԱԺ, Հ. Հունանյանը պատասխանել է. «Ես չգիտեմ, համենայնդեպս, եթե թեւավորող չլիներ, դրանք ի՞նչ սրտի տեր էին, որ գնային էդ գործը անեին, դարպասից ներս կարո՞ղ էին մտնել»: Նա նաեւ ասել է, որ իր տղաների հետ հանդիպում է 4 ամիսը մեկ անգամ: Հարցին, թե հետաքրքրվե՞լ է որդիներից՝ զղջո՞ւմ են նրանք իրենց արածի համար, Հ. Հունանյանը պատասխանել է. «Էդ մասին չեն էլ թողնում խոսենք: Հասկանալի է` ի՞նչ են շահել, որ փոշմանած չլինեն: Ո՞ւմ են պետք այդպիսի մարդիկ, մարդ, որ իրեն պետք չգա, հարազատներին պետք չգա, ժողովրդին, պետությանը, Հայաստան երկրին պետք չգա, խայտառակի իր երկիրը, ո՞ւմ է պետք այդպիսի մարդը: Ես էդ նույն օրը հենց տեղում դրանց վերջը կտայի: Իմ ինչի՞ն են պետք դրանք, ես դրանց ձեռքը բռնեմ, տանեմ մանկապարտեզ, տանեմ դպրոց, տանեմ համալսարան, ես վատ հագնվեմ, իրենց համար գրքեր առնեմ, որ դրանք սենց բան անե՞ն: Ի՞նչ փրկել, ինչի՞ց էին փրկում ժողովրդին, ախր ո՞վ էին դրանք, որ փրկեին»: Հ. Հունանյանն ասել է, որ հասկանալի պատճառներով իր հետ հարաբերությունները խզել են ոչ միայն հարեւաններն ու բարեկամները, այլեւ անգամ մերձավոր հարազատները: «Մեռած եմ ու թաղած չեմ»,- ասել է նա: Հրաչյա Հունանյանն ասել է, որ որդիների համար «լավագույն» օրինակ է ծառայել մայրը. «Դրանց մերը բաժանվել էր, ուրիշ ընտանիք էր կազմել, ու դրանց անընդհատ լարում էր իմ դեմ: Մի տեղ ենք ապրել, բայց ընտանիքի նման չի եղել: Նա ուզում էր, որ ես տնից դուրս գամ, գնամ. հոգեկան հիվանդ էր, իմ հեռախոսը, լույսը անջատում էր, սպառնում էր, ահաբեկում էր, ինքը պրոֆեսիոնալ ահաբեկիչ էր, իրենք էլ էդ կողմից են, էլի, հանցագործ, քեռին էլ էր, չէ՞, հետները: Է, ինչ ասեմ, երեւի քեռուն են քաշել: Ես այդպիսի բանով երբեք չեմ զբաղվել»: