Իսկ հարկատուներին հարցրե՞լ եք

29/10/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«2009թ. ՀՀ նախագահի աշխատակազմի պահպանմանը հատկացվելու է 2 մլրդ 562 մլն դրամ: Դրա մեջ մտնում է նաեւ նախագահի ինքնաթիռի պահպանման ծախսերը»,- երեկ Ազգային ժողովում 2009թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մարտին Զաքարյանը: Նա ասաց նաեւ, որ նախագահի աշխատակազմն ունի 343 աշխատող: Այս տարի ավելացել են եւս 3-ը, որոնք հաշվառված են ՀՀ նախագահի աշխատակազմում, սակայն աշխատելու են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում: Ռ. Քոչարյանն ունենալու է պետությունից ֆինանսավորվող մամուլի քարտուղար` Վիկտոր Սողոմոնյանը, քարտուղարուհի եւ մեկ այլ աշխատակից: «Սակայն բյուջեի գերատեսչական դասակարգման դեպքում նշված է, որ նախագահի աշխատակազմին հատկացվելու է 3 մլրդ 646 մլն դրամ: Իսկ ի՞նչ է արվելու մյուս 1 մլրդ-ից ավելի գումարը»,- հարցրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Մ.Զաքարյանը տեղեկացրեց, որ արդեն առանձին շենք են կառուցում Անվտանգության խորհրդի քարտուղարի` Արթուր Բաղդասարյանի աշխատակազմի համար: Եվ այդ գումարի 80 տոկոսը` 800 մլն դրամից ավելին հատկացվելու է այդ շենքի կառուցման համար: Բացի այդ, պրն Զաքարյանն ասաց, որ նախագահն ունի ծխելու դեմ պայքարի պետական ծրագիր, որին էլ տրվելու է գումարի մյուս մասը: Ծրագրի շրջանակում 4 հասարակական կազմակերպությունների տրվելու է 200 մլն դրամից ավելի գումար` դրամաշնորհների տեսքով: Մ. Զաքարյանը շատ կարճ ներկայացրեց բյուջեի իրենց հատվածն ու շտապ դուրս եկավ: Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին: Գնալուց միայն ասաց, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատակազմի շենքը կառուցվում է Ակադեմիայի տարածքում:

Իսկ 2009թ. պետական բյուջեի քննարկումը Ազգային ժողովում երեկ շարունակվեց Պետաիրավական եւ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Հիշեցնենք, որ հաջորդ տարվա բյուջեի ծախսային մասը նախատեսված է 945 մլրդ, իսկ եկամտային մասը` 905 մլրդ դրամ: Ծախսային մասը երեկ ընդհանուր գծերով ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը եւ ասաց, թե բյուջեի կառուցվածքի հիմնական փոփոխությունները կապված են այս տարի ավելացած երկու նախարարությունների եւ մի շարք գերատեսչությունների հետ:

Հիշեցնենք, որ ավելացել են Սփյուռքի եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունները, Անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատակազմը, Հատուկ քննչական ծառայությունը եւ այլ կառույցներ: Եվ ահա նաեւ այս փոփոխությունների պատճառով՝ հաջորդ տարվա համար 7,5 մլրդ դրամով ավելացվել եւ 52,2 մլրդ դրամի են հասել պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերը: Եթե այս տարվա սկզբին ՀՀ պետական կառավարման համակարգում աշխատում էր 16.208 մարդ, ապա 2009 թ. կաշխատի 17.190 հոգի: Իսկ 52,2 մլրդ դրամի մեծ մասը` 33,5 մլրդ-ն կազմում է զուտ այդ աշխատողների 2009թ. աշխատավարձը: Բացի այդ, պետական կառավարման համակարգին հաջորդ տարի կսպասարկեն 977 ծառայողական մեքենաներ, այս տարվա 885-ի փոխարեն: Որոշվել է ավելացնել նաեւ պետական ծառայողի գործուղման ծախսերը: Մեր երկրի տարածքում գործուղումների դեպքում օրապահիկին հատկացված 720 դրամը հասցվելու է 2000 դրամի: 5-10 հազար դրամի հասնող գիշերավարձը բարձրացվելու է մինչեւ 10-15 հազար դրամի: Արտերկիր կատարվող գործուղումների հատկացումները եւս բարձրացվելու են: Թե որքա՞ն, Պ. Սաֆարյանը չասաց` նշելով միայն, որ այդ ծախսերը փոփոխության են ենթարկվում միջազգային համապատասխան ցուցանիշների հիման վրա, սակայն շարունակում են չհամապատասխանել միջազգային գոյություն ունեցող պայմաններին: «Փաստորեն, միայն մեր երկրի ներսում գործուղման 1 օրվա գիշերավարձը հավասար է առաջարկվող նվազագույն աշխատավարձի չափին»,- նկատեց ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը: «Նվազագույն աշխատավարձը 30.000 դրամ է եւ 2 անգամ գերազանցում է գիշերավարձին»,- հպարտորեն պատասխանեց Պ. Սաֆարյանը:

Երեկ բյուջեից հատկացվելիք իրենց ծախսերն էին հիմնավորում պետական 12 գերատեսչություններ` ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության, Սահմանադրական դատարանի աշխատակազմերը, Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Վերահսկիչ պալատի, Դատական դեպարտամենտի, Քաղծառայության խորհրդի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարները: