Ջութակահարների նոր սերունդ

26/06/2005

Արամ Խաչատրյանի անվան երիտասարդ ջութակահարների առաջին միջազգային
մրցույթի մասնակիցները պարտավոր էին կատարել շատ բարդ ծրագիր՝ կազմված
Բախի, Պագանինիի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից: Հեղինակավոր
ժյուրիի կարծիքով՝ բոլոր մասնակիցների պատրաստվածությունը շատ բարձր էր եւ
պատիվ կարող էր բերել յուրաքանչյուր մրցույթի: Սահմանված խոշոր դրամային
մրցանակները կիսվել են: Լավագույնները Ժան Տեր-Մերկերյանի աշակերտուհի
ֆրանսիացի ուսանող Սաթենիկ Խուրդոյանն ու Երեւանի Կոնսերվատորիայի
ասպիրանտ Մարտին Յավրյանն են: Երկրորդ տեղը կիսեցին երեւանցիներ Գեւորգ
Ղարաբեկյանը եւ Սյուզի Երիցյանը: Վրացուհի Մարիաննա Ասրիեւան եւ ԱՄՆ
ներկայացուցիչ, ազգությամբ ճապոնուհի Այա Մուրակին երրորդ տեղում են:
Ժյուրիի նախագահ, Արամ Խաչատրյանի եղբորորդի, կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանն
ասաց, որ ջութակահարների բարձրակարգ կատարումները իրեն պարզապես ապշեցրել
էին, եւ անգնահատելի համարեց Երեւանի Կոնսերվատորիայի մասնագետների
ներդրումը: Տաղանդավոր կատարողներ բացահայտող այս մրցույթը պետք է
ավանդական դառնա, իսկ հաջորդ տարի, բացի ջութակահարներից, կմրցեն նաեւ
թավջութակահարները: