ԴԱՀԿ-ի հորդորը

29/10/2008

ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ: «ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ս.թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից ստացել է կատարողական թերթ «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ից, համաձայն ՀՀ վարչական դատարանի 10.10.2008 թ. կայացված վճռի եզրափակիչ մասի, հօգուտ պետական բյուջեի 4 միլիարդ 67 միլիոն 201.600 դրամ բռնագանձելու պահանջով: Հոկտեմբերի 21-ին ԴԱՀԿ ԱԾ աշխատակիցները այցելել են «Բջնի» գործարան, կատարել են գույքագրում, արգելանք դրել անշարժ գույքի վրա, ինչը որեւիցե կերպ չի խոչընդոտել արտադրության ընթացիկ կամ հետագա աշխատանքին: Այդ գործողությունը բխել է օրենքներից եւ նպատակ է ունեցել ընդամենն անհնարին դարձնել գույքի հնարավոր օտարումը: Հոկտեմբերի 22-ին ընկերության ղեկավարությունը որոշում է ընդունել «դադարեցնել արտադրությունը «հետագա գործունեության անհնարինության պատճառով»: ԴԱՀԿ ծառայությանն անհայտ են հանգամանքները, որոնց հետեւանքում ընկերության գործունեությունը դարձել էր անհնարին: Առավել եւս այդ անհայտ հանգամանքները չեն կարող լինել ծառայության աշխատակիցների գործողությունների հետեւանք: Գործունեությունն ընկերության ղեկավարության կողմից կամովին դադարեցնելուց հետո, հոկտեմբերի 23-ին ԴԱՀԿ ծառայությունում, հաշվի առնելով կատարողական թերթով սահմանված գործի մեծածավալ լինելը եւ աշխարհագրական սփռվածությունը, Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի հրամանով ստեղծվում է հարկադիր կատարողների խումբ: Վերջինում ընդգրկվում են ծառայության Կոտայքի մարզի, Կենտրոնական մարմնի Օպերատիվ եւ մի քանի այլ բաժինների աշխատակիցներ: Նույն օրը խումբն այցելում է մայրաքաղաքում գտնվող ընկերության պահեստը եւ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում գտնվող «Բջնի» գործարան: Կատարողական գործողությունների ընթացքում ԴԱՀԿ ծառայություն է բերվում ընկերության թվով 36 տարբեր տեսակի շարժական գույք: Եվս մի քանի միավոր շարժական գույք, որոնք բացակայում էին այդ պահին, ընկերության ղեկավարության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ծառայություն են բերվում մյուս օրը: Բացի դա, կնքվել է ընկերության պատրաստի արտադրանքը ինչպես գործարանում, այնպես էլ պահեստում: Հարկ ենք համարում նշել, որ «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն հարկադիր կատարողների կատարողական գործողությունների առնչությամբ ոչ մի առարկություն, բողոք կամ դիտողություն չի ունեցել, ինչի համար ստորագրել են ընկերության լիազոր ներկայացուցիչներ Շ.Ստեփանյանը, Ա.Խաչատրյանը, Ա.Սարգսյանը: ԴԱՀԿ ծառայությունը կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին, մասնավորապես՝ «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերության փաստաբանին, զերծ մնալ անհիմն հայտարարություններից: ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները գործել են իրենց իրավասությունների շրջանակներում, հիմնվելով ՀՀ օրենսդրությանը, ներքին, փաստաթղթավորված որոշումներին եւ հրամաններին: Նույն թվում կատարողական գործողություններին մասնակցող ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների մի մասը կրել է ծառայության հատուկ համազգեստ եւ դիմակներ: Հայտնում ենք նաեւ, որ արգրավված գույքը դեռ չի հանվել աճուրդի»: