Ամփոփվել են «Երեւանի լավագույն ռեստորան 2008» մրցույթի արդյունքները: www.yerevacity.am ինտերնետային ժամանցային կայքի կազմակերպած մրցույթում նախապես ներկայացվել էին 12 անվանակարգեր, որոնցում հաղթողի կոչման համար մրցում էին կազմակերպիչների կողմից ընտրված մայրաքաղաքի 86 ռեստորանները: «Լավագույն հայկական խոհանոց» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Աֆրիկյանների պանդոկ» ռեստորանը, «Լավագույն ազգային խոհանոց (օտարերկրյա)»-ում` «Կակտուս»-ը, «Լավագույն միջավայր»-ում` «Մալխաս ջազ կլուբ»-ը, «Լավագույն սպասարկում»-ում` «Լգ Օրանժ»-ը: «Լավագույն ձեւավորում» եւ «Լավագույն հյուրանոցային ռեստորան» անվանակարգերում քվեարկության մասնակիցների մեծ մասը նախապատվությունը տվել է համապատասխանաբար «Լե բուշոն» եւ «Ռոսսինի» ռեստորաններին: «Լավագույն բանկետային սրահ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Հարսնաքար» ռեստորանը, «Լավագույն գարեջրատուն»-ում` «Բերլոգա»-ն, «Լավագույն ռեստորանային ցանց»-ում` «Ջազվե»-ն: «Կամի լաունջ կլուբ»-ը հաղթող է ճանաչվել «Լավագույն երաժշտական ձեւավորում» անվանակարգում, իսկ «Թռչող առագաստ»-ը` «Լավագույն ամառային սրճարան»-ում: «Լավագույն գիշերային բար-ակումբ» անվանակարգը շահել է «Կարաոկե 96» ռեստորանը: Ինչպես նշել է կայքի հիմնադիր Գայանե Բրեիովան, Երեւանի ռեստորաններն ուսումնասիրվել են մեկ տարի, եւ հաշվի առնելով մի շարք հատկանիշներ` ընտրվել են ամենամրցունակները: Անվանակարգերում լավագույն ռեստորաններն ընտրել են ինտերնետ կայքից օգտվողները եւ նրանք, ովքեր ուղարկել են «sms» հաղորդագրություններ նախապես հայտարարված հեռախոսահամարին: Քվեարկությունն անցկացվել է սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում: