Մուլտիպլիկատոր Ալեքսանդր Պետրովը եւ՛ նկարիչ է, եւ՛ ռեժիսոր։ Իր բոլոր մուլտֆիլմերը նա ստեղծում է «կենդանացած կերպարվեստի» ոճով. յուղաներկով նկարում է ապակու վրա, եւ մինչ ներկի շերտը դանդաղորեն սառչում ու քարանում է` նա նկարահանում է այդ պատկերներն ու ստանում այն շողշողացող կադրերի շարանը, որը դարձել է նրա յուրահատուկ այցեքարտը։ Ալեքսանդր Պետրովը երբեք վրձին չի օգտագործում, այլ՝ գործի է դնում սեփական մատները՝ ասելով. «Դա իմ ամենակենդանի գործիքն է»։ Նա համոզված է, որ այդ մոտեցումը դեպի հանդիսատեսի սրտերը տանող ամենակարճ ճանապարհն է։
Նա միակ ռուս ռեժիսորն է, ում ֆիլմերը չորս անգամ հայտնվել են «Օսկար» մրցանակի հավակնորդների ցանկում։ 2000թ. նրա` Էռնեստ Հեմինգուեյի համանուն վիպակի հիման վրա ստեղծած «Ծերունին ու ծովը» մուլտֆիլմը ստացավ ամերիկյան Կինոակադեմիայի գլխավոր արձանիկը։ Ուշագրավ է, որ այդ ֆիլմն Ա. Պետրովը գրեթե միայնակ է ստեղծել, եւ 3 տարվա ընթացքում հազարավոր նկարներ է արել։
Ա. Պետրովի բոլոր մուլտֆիլմերի («Կովը», «Ջրահարսը», «Սիրային պատմությունը») հիմքում գթասրտության ու հավատի խնդիրն է։ Մուլտիպլիկատորը, ով ապրում է Յարոսլավլի մոտակայքում գտնվող ռուսական գյուղերից մեկում, ուղղափառ եկեղեցու հարեւանությամբ, ասում է, որ հաջողության կարող է հասնել միայն այն մարդը, ում համար աղոթողներ կան։ Նրա բոլոր մուլտֆիլմերի հիմքում լավ գրականությունն է ու գեղեցիկ մարդկային պատմությունը։ Նա ասում է, որ միշտ ձգտում է ռեալիստական ոճով աշխատել, քանի որ այդպես է դաստիարակվել, եւ այդպես են ստեղծվել դասական կերպարվեստի ամենամնայուն գործերը։
Ա. Պետրովը, որպես պատվավոր հյուր, մասնակցում էր Երեւանի Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնին։ Նա շնորհակալ էր, որ այստեղ հնարավորություն ստացավ կրկին հանդիպել իր ընկերների ու կոլեգաների հետ։ Խորհրդային Միության փլուզումից հետո շատ մուլտիպլիկատորներ հայտնվեցին մեկուսացման մեջ, քանի որ դադարեց բազմազգ ու բազմաոճ համատեղ ֆիլմարտադրությունն, ու շատերն անկախ պետությունների քաղաքացիներ դարձան։
– Շատերս «մուլտիպլիկացիա» ասելով՝ հասկանում ենք զվարճացնող, անլուրջ ու թեթեւ ժանրը։ Ձեր ֆիլմերով, սակայն, կարծես ստիպում եք ընդունել, որ մուլտֆիլմերը նաեւ փիլիսոփայական հարցեր պարունակող արվեստի գործեր են։
– Սկզբում զվարճալի կարճ մուլտֆիլմեր ստեղծելուց չէի խորշում, ինձ համար դա հետաքրքիր փորձ էր, սակայն եկավ մի ժամանակ, երբ ես սկսեցի անշտապ ու լավ գրականության ձգտել։ Էպիկական պատմությունն ինձ ավելի է դուր քալիս, քան անեկդոտը։ Թեեւ ես, իհարկե, ընդունում եմ, որ իմ ստեղծած ֆիլմերը չեն կարող բոլորին դուր գալ։
– Անիմացիան հիմա հաճախ է օգտագործվում գովազդային հոլովակների կամ կլիպերի մեջ։ Այն ավելի լայն դաշտ է գրավում։ Դա լա՞վ է։
– Իհարկե, ժամանակն առաջ է գնում ու իր փոփոխություններն է բերում մուլտիպլիկացիայի ոլորտ։ Հիմա այնպիսի բաներ են արվում, որոնց մասին 20 տարի առաջ մենք նույնիսկ չէինք էլ կարող երազել։ Նկատի ունեմ անիմացիոն գովազդային ֆիլմերը, համակարգչային խաղերը։ Եվ այդ մեդիա-նախագծերը հիմա մեծ տեղ են զբաղեցնում ինֆորմացիոն տարածքում։ Եվ նկարիչները ստիպված են լինում սրբագրել մուլտիպլիկացիայի հանդեպ ունեցած իրենց մոտեցումը։ Մանավանդ երիտասարդ նկարիչները հիմա ընտրության առջեւ են կանգնած, ընտրում են՝ փողո՞վ, թե՞ առանց փողի նկարահանել մուլտֆիլմերը։ Իրականում հիմա դա ամենաարդիական հարցն է մեր ոլորտում։ Նախկինում մենք փողի մասին չէինք էլ մտածում, քանի որ, եթե նկարչին վստահվում էր մուլտֆիլմ նկարահանել, նա այլեւս չէր մտածում փողի ու իր ֆիլմերի վաճառքի մասին: Այդ բոլոր հարցերն իր վրա էր վերցնում պետությունը։ Իսկ հիմա մենք շատ յուրահատուկ ժամանակներում ենք աշխատում։ Ես տարբեր պայմաններում աշխատելու հնարավորություն եմ ունեցել, եւ հիմա իրոք ժամանակի մեծ ճնշում եմ զգում։
– Իսկ երեխաները փոխվե՞լ են։
– Թեեւ ես երեխաների մասին շատ բան ասել չեմ կարող, բայց վախենում եմ, որ նրանք իրոք փոխվել են։ Հիմա երեխաները կարծես այլ մոլորակի վրա մեծացած էակներ են, եթե փորձենք համեմատել նրանց հոգեբանությունը իմ, կամ նույնիսկ՝ իմ որդու սերնդի հետ։ Այսօրվա երեխաներն, իհարկե, բոլորովին այլ ինֆորմացիոն տիեզերքում են գտնվում։ Դա ոչ վատ, ոչ էլ լավ է. պարզապես յուրահատկություն է, որը պետք է հաշվի առնել եւ վերջ։ Ես ինքս ոչ թե երեխաների, այլ՝ մեծահասակների համար եմ մուլտֆիլմեր նկարում եւ մանուկ հանդիսատեսին լավ չեմ ճանաչում, բայց իմ բոլոր կոլեգաներն ասում են, որ հիմա շատ դժվար է մանկական սրտերին «դիպչել», որովհետեւ մանկական ընկալումը, մանկական հոգեբանությունը շատ է փոխվել։ Մենք՝ մուլտիպլիկատորներս, այդ հոգեբանությունն անվանում ենք «մոխրացած աչք»։ Պատանու, երիտասարդ մարդու հայացքը (չեմ ուզում ասել, որ «փչացել» է), ամեն դեպքում վերափոխվել է՝ այն անճաշակ, անորակ, հրեշավոր կոմերցիոն մուլտֆիլմերի հեղեղի պատճառով, որն ուղղակի ժայթքեց մեր էկրաններից վերջին տարիներին։ Չգիտեմ, ինչպե՞ս է Հայաստանում, բայց Ռուսաստանում այդ անորակ անիմացիայով են լցված բոլոր հեռուստաէկրանները։ Եվ այդ անիմացիոն արտադրանքը խեղաթյուրում է երեխաների մտածողությունը։
– Ձեր կարծիքով՝ ի՞նչ ուղով է շարունակելու զարգանալ անիմացիան։
– Ես տեսաբան չեմ, ես ընդամենը կոնստրուկցիաներ ստեղծող եմ, որն իր առջեւ վերլուծական խնդիրներ չի դնում։ Ես ինքս, օրինակ, միշտ փորձել եմ իրերի ու դեպքերի բնական էությունը գտնել։ Եվ այդ հնարավորությունն ինձ տվեց կերպարվեստը, որը հետագայում դարձավ մուլտիպլիկացիա։
– Իսկ հայ անիմատորների հետ համագործակցության հող տեսնո՞ւմ եք, կարո՞ղ են համատեղ նախագծեր արվել։
– Հողը, կարծում եմ, միշտ էլ կգտնվի, առաջնային խնդիրն ամեն դեպքում փողն է մնում։ Կողմերից մեկը պետք է պատրաստ լինի ֆինանսավորել նման նախագծերը, որպեսզի որոշակի միավորումներ տեղի ունենան։ Ինչ վերաբերում է նկարիչների, կինոստուդիաների համագործակցությանը, ապա դա հիմա էլ է տեղի ունենում, միգուցե կան նաեւ «մերկ էնտուզիազմի» վրա հիմնված ալտրուիստական նախագծեր, բայց ես, ճիշտն ասած, դրանց մասին տեղյակ չեմ։
– Գոյություն ունե՞ն ուսումնասիրություններ, որոնք պարզում են, թե ինչպիսի թեմաների, հերոսների ու պատմությունների են նախապատվությունը տալիս մուլտիպլիկացիա սիրողները։
– Իհարկե, շուկայի ուսումնասիրություններ կան, բայց ես շատ հեռու եմ շուկայից, քանի որ իմ մուլտֆիլմերը շուկայական չեն։
– Որպես միաժամանակ եւ՛ հեղինակ, եւ՛ հանդիսատես՝ ինչպիսի՞ մուլտ-հերոսների կարիք եք տեսնում։
– Ճիշտն ասած, ես շատ վատ հանդիսատես եմ, քանի որ չեմ կարող անկողմնապահ լինել, դե հասկանում եք՝ ես շահագրգռված անձ եմ (ծիծաղում է.- Ն.Հ)։ Իսկ որպես մասնագետ՝ կասեմ, որ երբ իմ հերոսներին եմ նկարում, երբեք չեմ մտածում, որ ունիվերսալ հերոսի տիպար եմ ստեղծում, չեմ ուզում, որ այն իր նմանակներն ունենա ու բազմանա աշխարհում։ Ավելի շուտ մտածում եմ՝ ի՞նչ պիտի անել, որպեսզի իմ հերոսները լիարժեք ու ճկուն լինեն, արյուն ու էմոցիաներ ունենան։ Ես պարզապես փորձում եմ պրոֆեսիոնալ անել իմ աշխատանքը, իսկ թե ի՞նչ է ստացվում արդյունքում, թող դատի հանդիսատեսը։ Եթե նրան դուր են գալիս իմ մուլտֆիլմերը, ես դրանով մխիթարվում եմ։ Ճիշտն ասած, ես խորը համոզմունք ունեմ, որ մուլտիպլիկացիան մասսայական ժանր չէ, իսկ մուլտիպլիկատորներն էլ չեն ձգտում առանձնահատուկ առաքելությանը։ Նույնիսկ, եթե մուլտֆիլմը հաջողություն է ունենում, նրա հաջողությունը չի կարող համեմատվել գեղարվեստական ֆիլմերի հաջողության հետ։ Ֆիլմերը միլիոնավոր հանդիսատես է դիտում, իսկ մուլտֆիլմերը՝ մի քանի տասնյակ հազար հանդիսատես։ Այդ ժանրը շատ նեղ շրջանակներ ունի ու կարծես մի ստվար խմբի համար է հետաքրքիր։ Մուլտիպլիկատորների անունները քիչ հայտնի են, իհարկե, բացառություն են կազմում ճապոնական մուլտֆիլմերը, որոնք շատ մեծ պահանջարկ ունեն, ու յուրաքանչյուր ճապոնացի գիտե իր մուլտիպլիկատորներին։ Կարող է թվալ, որ պարադոքսալ բան եմ ասում, բայց միգուցե հարկավոր էլ չէ ձգտել մուլտֆիլմերն ավելի ու ավելի մասսայական դարձնել։
– Իսկ «Օսկարը» փոխե՞ց Ձեր կյանքը։
– Ամեն դեպքում այն ստանալը հաճելի էր։ Այդ ոսկե մարդուկի շնորհիվ էլ ես կարողացա Յարոսլավլում իմ սեփական ստուդիան հիմնել։
– Հաջող մուլտֆիլմ ստեղծելու բանաձեւ կա՞։
– Տաղանդի, մտքի ուժ է հարկավոր։ Եվ շատ կարեւոր է, որ այդ տաղանդը հմայիչ լինի, ոչ թե քանդի իր շրջապատը, այլ՝ «կարկատի» այն իր բարությամբ։ Ես համոզված եմ, որ արվեստը պետք է լուսավոր լինի։ Եթե աշխատանքի հիմքում լույսն է, ապա ժանրն ու ոճը երկրորդական նշանակություն են ունենում, քանի որ լույսն ինքնին արդեն նպատակ է։