Հրանտ Դինքին սպանողը կառույց է

29/10/2008

Թուրքիայի արդարադատության համակարգը շատ թերություններ ունի: Եվրամիության անդամակցության գործընթացում մի շարք օրենքներ փոփոխվեցին, սակայն դրանց կիրառումը խնդրահարույց է: Նման գնահատական է տվել Ստամբուլում սպանված` «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի շահերի պաշտպան Ֆեթիհե Չեթինը երեկ` Հ.Դինքի գործով դատավարության վերաբերյալ «Արմենպրեսի» հարցին ի պատասխան: Հ. Դինքի սպանության փաստով հարուցված քրեական գործով 19 անձ է անցնում, ովքեր մարդասպանի մերձավոր շրջապատից են: «Հ. Դինքին սպանողն իրականում շատ խորն արմատներ ունեցող կառույց է: Սպանության պատասխանատուները, բացի ներկայումս դատական գործով անցնող կասկածյալներից, շատ կարեւոր կառույցի ներկայացուցիչներն են: Հ. Դինքի սպանության մեղավորներն ի հայտ կգան այն ժամանակ, երբ բացվեն իրական կազմակերպիչների դիմակները»,- ասել է Ֆ.Չեթինը:

Նա նաեւ նշել է, որ շարունակվում է ուսումնասիրվել, թե որքանով գործը կապ ունի «Էրգենեկոն» կազմակերպության հետ:

Դատական հաջորդ նիստը կկայանա երեք ամիս անց: