Գրքերի տոնավաճառ

26/06/2005

Այսօր Հայաստանում 160 հրատարակչություն կա, նույնքան էլ տպարան: Ի՞նչ
ենք տպում, ի՞նչ վաճառում, եւ ի՞նչ կա կարդալու: Ամեն տարի պետությունը
100 մլն դրամ է տալիս Գրողների միության անդամների գրքերը տպելու համար,
սակայն հազվադեպ գրքեր են իրականում գրահրատարակչական իրադարձություններ
դառնում: Այսօրվա գրքերի շուկայի մասին պատկերացում է ստեղծում եւ նաեւ՝
գրքերը շուկայականից ավելի ցածր գներով գնելու հնարավորություն տալիս
Օպերայի եւ բալետի շենքի առաջին հարկում գործող գրքերի
ցուցահանդես-վաճառքը: Երեք օր շարունակ՝ հունիսի 7-9-ը, հայկական 29
հրատարակչություն կներկայացնեն իրենց արտադրանքը: Նման տոնավաճառի
գաղափարը պատկանում է «Հանուն գիտության զարգացման» հասարակական
կազմակերպությանը, եւ պետք է ոչ միայն հասարակությանը ծանոթացնի այսօր
տպվող գրքերի տեսականու հետ, այլեւ՝ հրատարակիչներին օգնի կողմնորոշվել,
թե որ գրքերը պահանջարկ ունեն: Որոշ տաղավարների մոտ դատարկություն էր,
սակայն կային տաղավարներ, որտեղ առեւտուրը եռում էր: Ամենամարդաշատն էին
ռուսական եւ մանկական գրքեր ներկայացնողները: «Արեւիկ» մանկական գրքերի
հրատարակչությունը հեքիաթների ժողովածուները վաճառում էր տաք կարկանդակի
նման, քանի որ մարդկանց հրապուրում էր եւ՛ տպագրության որակը, եւ՛ հարմար
գինը: Գրախանութներում, օրինակ, «Հայկական ժողովրդական հեքիաթները» շատ
ավելի թանկ են վաճառվում, իսկ «Արեւիկը» չունի իր սեփական գրախանութը:
Երեւանի ամենամեծ եւ բազմազան տեսականի ներկայացնող Մաշտոցի պողոտայում
գտնվող «Գրքերի աշխարհում» գրախանութի տաղավարից գրքերը կարելի է գնել 20%
զեղչով: Ընդհանրապես, տոնավաճառի բոլոր գրքերը վաճառվում են 5-40%
զեղչերով, յուրաքանչյուր հրատարակչություն ինքն է որոշել իր զեղչերի
չափերը:

Ն.Հ.