Դեռ չեն որոշել

26/10/2008

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ` չնայած փորձագիտական փաստահավաք խմբի ձեւաչափը հավասարակշռված է, սակայն որոշ վերապահումներ կան ՀՀ նախագահի ստորագրած համապատասխան հրամանագրում: Ըստ նրա, նախ պետք է հնարավորություն տրվեր փաստահավաք խմբին, որպեսզի այն կարողանա հրավիրել ու լսել ցանկացած ՀՀ քաղաքացու: Բացի այդ, նրա հավաստմամբ` «ծածկադմփոցի» հիմք կարող է լինել այն դրույթը, ըստ որի` «իր անձը չբացահայտած անձանց կողմից ներկայացված տեղեկություններն ու փաստերը չեն կարող հիմք լինել քրեական գործ հարուցելու համար»: «Ժառանգությունը» դժգոհ է վերոնշյալ կարգադրության նաեւ այն դրույթից, որը թույլ չի տալիս ընթացքում փոխել փաստահավաք խմբի անդամին: «Իսկ ի՞նչ պետք է անել, եթե այս կամ այն անդամը չի արդարացրել սպասելիքները: Կամ` ի՞նչ է նշանակում, թե փաստահավաք խմբի անդամը չպետք է հարի որեւէ քաղաքական ուժի: Այդ ինչպե՞ս է որոշվելու, այս կամ այն անհատը որեւէ ուժի հարո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասել է նա: Ի դեպ, երեկ երեկոյան «Ժառանգությունը» եւ Հայ Ազգային կոնգրեսն առանձին-առանձին նիստ էին անցկացնում, որտեղ պետք է որոշվեր` մասնակցելո՞ւ են արդյոք փաստահավաք խմբի ձեւավորմանը, թե՞ ոչ: Եվ եթե՝ այո, ապա ո՞վ է իրենց կողմից ներկայացված լինելու այնտեղ: Իսկ ինչ վերաբերում է կոալիցիային, ապա, մեր տեղեկություններով, փաստահավաք խմբում կոալիցիային հատկացված երկու ներկայացուցիչներին ընտրելու են ոչ թե կոալիցիոն ուժերը, այլ` անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: