Այլ թիրախ ընտրեք

26/10/2008

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է վերաբերվում Գրողների միության նախագահի ընտրության շուրջ տիրող մթնոլորտին: Ի պատասխան՝ նա ասաց. «Գիտեք, ինձ հետաքրքիր է, թե մինչեւ ո՞ր մակարդակի կարող է իջնել այս հակագեղագիտական «ռազբորկան», եւ է՞լ ինչի մեջ են միմյանց մեղադրելու հայ գրողները։ Չնայած, բնության մեջ գոյություն ունեցող գործող մեղք կարծես չի էլ մնացել, որ իրար վրա շպրտած չլինեն ազգի գրողները։ Ողջ այս անառողջ պատմության մեջ, սակայն, ինձ համար անակնկալ էր, որ ԳՄ նախագահի աթոռի հավակնորդ Աբգար Ափինյանն իր նախընտրական PR-ի ոլորաններում որոշել է շահարկել Հրանտ Մաթեւոսյանի անունը, որին, պարզվում է, ինքը միշտ էլ պաշտել է։ Փաստորեն, երբ ժամանակին Ափինյանն աբսուրդագույն մեղադրանքներ էր հնչեցնում վարպետի հասցեին, ընդհուպ, որ թարգմանիչ Սամվել Մկրտչյանը Հ.Մաթեւոսյանի հրահանգով իր դեմ մահափորձ է կազմակերպել, որի պատճառով ինքս էլ եմ ստիպված եղել ժամերով ցուցմունք տալ նախաքննական մարմնին` հերքելով այդ մարազմը, դա երեւի մեծ ու անձնուրաց սիրուց էր արված։ Ես չգիտեմ` ի՞նչ են մտադիր անել գրողները, միայն թե հատկապես նրանց, ովքեր ժամանակին ուղղակի թունավորել են Հ.Մաթեւոսյանի կյանքն իրենց զառանցանքներով, պարզապես խորհուրդ կտայի այլ PR թիրախներ ընտրել։ Ազնիվ չէ»: