«Հայ եմ: Հորս նախնիները Կարսից են: 1915-ի եղեռնին փախել են Բաքու,
որտեղից էլ 1918-ի ջարդերին` Միջին Ասիա: Մորս նախնիները Սյունիքից են:
Պապիս կյանքը ստալինյան ճամբարներում էր անցել, հայրս էլ անընդհատ
հալածանքների էր ենթարկվում: Ես ծնվել եմ Տաշքենդում, ապրել այնտեղ մինչեւ
1994-ը: Սովորել եմ դպրոցում, բուժքրոջ մասնագիտություն ստացել: Հետո
Տաշքենդի Համալսարանի անգլիական բանասիրության բաժինն եմ ավարտել: Մեր
շրջապատում շատերն էին օտարականներ: Ցարական կառավարության ժամանակ
Տաշքենդ աքսորված գրողների, նկարիչների, դեկաբրիստների ժառանգներն էին մեր
թաղամասում: Հրաշալի մարդիկ էին: Մեր ծանոթներն ու հարազատները, ճիշտ է,
ավելի շատ այլազգիներ էին, բայց եղած ուզբեկներն էլ մեզ վատ չէին
վերաբերվում: Նրանք մարդասեր ազգ են, սովետական կարգերը դեռ փչացրել էին
նրանց: Ամուսինս նկարիչ էր: Սիրում էր տարբեր երկրներում լինել: Մենք
ապրել ենք Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում: Լավ ժամանակներ էին:
Հետո ամեն ինչ շուռ եկավ: 90-ականներին ազգերի խտրականություն սկսվեց: Դա
որոշ խմբերի կազմակերպածն էր: Երբ Սովետական Միությունը փլուզվեց, վատացավ
երկրի վիճակը, շատ բան փոխվեց: Օրվա հացը դժվար էր ունենալ, տան իրերն
էինք վաճառում: Աստիճանաբար փոխվում էր ուզբեկների վերաբերմունքն օտարների
նկատմամբ: Շատերը հեռանում էին: Ամուսինս մահացավ, մենակ էի, եւ երբ
հանցավոր խմբերը շրջում էին քաղաքով ու ավելի շատ օտարների տները մտնում,
սկսեցի մնալ տարբեր բարեկամների տներում ու մտածել արտասահման գնալու
մասին: Նույնիսկ այդ ժամանակ Գերմանիայի հետ Ուզբեկստանը պայմանագիր ուներ
կնքած, ըստ որի՝ դժվար էր որպես փախստական հեռանալ այդ երկրից, բայց շատ
բարի մարդիկ կային, օգնեցին ինձ: Վաճառեցի տունս, հերիքեց միայն
ճանապարհածախսին, գնացի Գերմանիա: Բավարիայում էի ապրում: Աշխարհի տարբեր
երկրներից մարդիկ կային: Փախստականներ էին` մեծամասամբ նախկին Սովետական
Միությունից: Մինչ փաստաթղթերի ստուգումը Գերմանիա եկածները ճամբարում են
ապրում: Մեզ ապահովում էին ապրելու համար անհրաժեշտ պայմաններով, բայց
ճամբար էր` կիսասպարտական ճամբար: Եկածներն այնքան շատ էին, որ
գերմանացիներն իրենք էլ չգիտեին ինչ անել: Առանձին երկհարկանի տնակներ
կային, որտեղ ընտանիքավոր փախտականներն էին ապրում ու միայնակ կանայք, մի
մեծ կառույց էլ տղամարդկանց համար էր: Ճաշարանն առանձին էր, բաց էր ամբողջ
օրը, օրական երեք անգամ սնունդ էին տալիս. գերմանացիներն աշխատում էին
կարգավորված անել ամեն ինչ, բայց երբեմն մարդկանց հորձանքն այնքան մեծ էր,
որ Աստված գիտի՝ ինչ էր կատարվում: Ես հիվանդ էի: Դրա երեւի իմ ապրած
դժվարությունների հետեւանքն էր. դեռ Ուզբեկստանում էր սկսվել, որ գնալով
բարդացավ: Ինձ հիվանդանոց տեղափոխեցին. պարզվեց՝ տուբերկուլյոզ է: Անհնար
է բառերով նկարագրել այն, ինչ անում էին այնտեղ ինձ համար: Գլխավոր բժիշկն
ամեն օր իմ սենյակ էր մտնում, հարցնում` ինչպե՞ս եմ, ի՞նչ կուզեի: Մեզ
ավելի լավ էին նայում, քան գերմանացի հիվանդներին: Հիվանդությունս, որ
անբուժելի է համարվում շատ երկրներում, նրանք ամբողջովին բուժեցին:
Մտածելով, որ ճամբարում պայմանները նպաստավոր չեն, նրանք երկարաձգում էին
հիվանդանոցում մնալու իմ ժամկետը, հետո էլ առողջարան ուղարկեցին լրիվ
ապաքինվելու համար: Դրանից հետո ես սկսեցի ապրել հանրակացարանում, որտեղ
պայմաններն ավելի լավ էին: Այնտեղ որոշ գումար էին տալիս, որով կարող էիր
նաեւ անկախ ապրել: Բայց Գերմանիայում այդ տարիներին գնացածներին արագ
քաղաքացիություն չէին տալիս, մանավանդ՝ Ուզբեկստանից, որովհետեւ համարվում
էր, որ այնտեղ պատերազմական իրավիճակ չէ: Ես փորձեցի քաղաքացիություն
ստանալ Հոլանդիայում: Այնտեղ ավելի հեշտ էր, բայց խանգարեց այն, որ
սկզբում այլ երկրում եմ քաղաքական ապաստան խնդրել: Եվ ինձ մնում էր
սպասել: Այդ ժամանակ քույրս Երեւանում հիվանդ էր: Նամակներ էի ստանում նրա
վատացման մասին: Դա էր հիմնական պատճառը, որ ես որոշեցի Երեւան գալ: Բացի
այդ, ես Գերմանիայում ապրելիս միշտ մտածում էի, որ Հայաստանում, հարազատ
երկրում ավելի լավ կլիներ: Դրսում հայերը Հայրենիք են ուզում, այստեղ
տեսա` բոլորը դեսուդեն են փախչում: Քիչ անց հասկացա, որ սխալ տեղ եմ
հայտնվել: Ես խնամում էի քրոջս, թեեւ վիճակն անհուսալի էր: Քույրս
մահացավ, ավելի մենակ մնացի: Գնացի Մոսկվա, բայց երկար մնալ չկարողացա.
այդ տարիներին այնտեղ էլ այլազգիներին, հատկապես՝ կովկասցիներին հալածում
էին: Ես մտածեցի, որ էլի Հայաստան գալն է ճիշտը: Պարզվեց՝ ոչ ոք
փախստականին օգնելու համար իսկապես չի մտածում: Ինձ տեղավորեցին
հանրակացարանում, շատերն այդ հարցն էլ իրենք պիտի լուծեին: Ո՛չ աշխատանք
ունեն նրանք, ո՛չ ապրուստի որեւէ միջոց, ո՛չ ապահովվում են նրանք գոնե
նվազագույնով: Բաքվից եկածներն ավելի վատ վիճակում են, շատերն այնտեղի
դեպքերից հոգեկան խանգարում են ստացել, ու շատերն էլ շարունակում են
ստանալ ապրելով անմարդկային պայմաններում: Նրանցից շատերի երեխաները
նորմալ չեն: Ամեն ինչ ասում են միայն Փախստականների կենտրոնում,
խոստանում, բայց իրականում ուրիշներն են օգտվում այն ամենից, ինչ
փախստականներին պիտի տրվեր, նույնիսկ փախստական լինելուց: Ես օրենքով
փախստականի կարգավիճակ ունեմ, բայց դա էլ չեն տալիս: Հայաստանի
քաղաքացիություն էլ չունեմ: Անձնագիրս սովետական է: Ո՛չ նպաստ եմ ստանում,
ո՛չ էլ ժամանակն է կենսաթոշակի: Գերմանիայից գալուց հետո էլ, երբ զգացի,
որ անհնար է ապրել այստեղ ու դիմեցի ետ վերադառնալու համար, այստեղի
աշխատողներն էին մեղավոր. փաստաթղթերիս մեջ սխալ բաներ գրեցին,
գերմանացիներն էլ շատ կարգապահ են, ամեն ինչ ճիշտ պիտի լինի` բառը, տառը.
փաստաթղթերս ստուգելուց մտածեցին, թե խաբում եմ ինչ-որ բան, չկարողացա
գնալ: Անանցանելի պատեր են, միայն փողով կծակվեն: Փողով այստեղ ինչ ասես
կանեն: Սովորական մարդուն փախստական կդարձնեն եւ այնպես, որ ցանկացած
երկիր կգնա ու հարցազրույցի կարիք անգամ չի լինի:
Ես այստեղ արմատներ չունեմ, ու ընդհանրապես` աշխարհում էլ: Կային
հարազատներ, ծանոթներ, բոլորը ցրիվ եկան աշխարհով մեկ: Գերմանիայում լավ
էր. գերմանացիներն ամեն ինչով օգնում էին, հանկարծ որեւէ բանի կարիք
չունենաս, ապահովում էին ամեն ինչով, բայց, ամեն դեպքում, սառն են նրանք:
Միշտ մենակ ես այնտեղ: Ասում են` Իսպանիայում ու Իտալիայում լավ է: Մարդիկ
ջերմ են, ասես հարազատների շրջապատում լինես: Մի ջահել հայ տղա
Գերմանիայում, որ մեր ճամբարում էր ապրում, պատմում էր, որ մի քանի
երկրների սահմաններ անցնելուց հետո իսպանական մի քաղաք է հասել, հոգնած
նստել մի հրապարակում, աչքերը կիսափակ, հանգստանալ է ուզել: Մեկը մոտեցել
է, թեթեւ խփել ուսին, բացել է աչքերը, դիմացը` մրգերով ու ուտելիքներով
լիքը զամբյուղը: Այդ տղան ոչնչի կարիք չուներ, գրպանը լիքը փող էր,
սահմաններն անլեգալ էր անցնում, բայց ասում է` տեսա այն, ինչ ոչ մի տեղ
չէի տեսել: Նա էլ ուզում էր Գերմանիայից այնտեղ գնալ: Ինձ էլ, մի քանի
տարի առաջ կային մարդիկ, ասում էին՝ անլեգալ ճանապարհով ավելի հեշտ է
գնալը, չուզեցի. դրա համար շատ փող է պետք, բացի այդ` ես այդպես չեմ
կարող: Միշտ մտածել եմ՝ օրինականն է ճիշտը: Բայց ճահճից դուրս գալ է պետք:
Մի մեծ բարդակ է այս քաղաքը: Անհնար է էլ մնալը: Ես ամեն օր չգիտեմ՝ ինչի՞
է լույսը բացվում: Ես ամեն րոպե չգիտեմ՝ ի՞նչ անեմ, որ ապրեմ: Ձմեռները
սարսափելի են իմ այս սառը, անլույս սենյակում, հիմա լավ է: Ես առավոտյան
դուրս եմ գալիս, երեկոյան ուշ վերադառնում: Համալսարանի ծառուղին իմ
ամենասիրելի տեղն է այս քաղաքում: Այնտեղ բոլորն ինձ գիտեն արդեն: Մի
ծանոթ ունեմ Պարսկաստանում, պիտի գա, գուցե օգնի: Պարսկաստանից Թուրքիայով
Եվրոպա հնարավոր է անցնել: Կամ էլ Ռուսաստան եմ մտածում փորձել: Ես իմ
լեզվով ու մտածողությամբ այնտեղ ավելի հեշտ կապրեմ: Մի տեղ կորչել է պետք:
Մենակ գնամ այստեղից: Հայրս, պապս երբ վատ բաներ էին պատմում, չէի
հավատում: Հայրս, որ աշխարհի շատ երկրներում էր եղել, ասում էր` Կովկասում
մարդիկ կլաններով են ապրում, օտար մեկի համար այնտեղ դժվար է: Տատս միշտ
Հայաստանն էր ուզում: Հենց տուն ստացանք Տաշքենդում, ամեն օր ասում էր՝
փոխանակեինք, Հայաստան գնայինք: Իմ մեջ էլ երազի նման էր Հայաստանը:
Չհասկացա՝ որն է Հայրենիքը: Այսքան տարի ոչ մի լավ բան չտեսա. անհոգի
մարդիկ, չարություն միայն: Չեն օգնի, լավդ չեն ուզի, վատիդ վրա
կուրախանան: Անցյալում տեսածս խանգարում է ինձ ապրել: Իմ ուղեղում այս
մարդիկ չեն տեղավորվում, ես էլ երեւի` նրանց: Լավ է, չեմ խելագարվել դեռ:
Մեկ-մեկ կան, ուրիշ են, բայց նրանք էլ ոչինչ անել չեն կարող: Մտածում եմ`
ուզբեկներն ավելի լավ էին: Դարերի հանգստություն կար նրանց մեջ: Տների
առաջ նստած ծերերը օտարականին թեյի կտանեին զոռով: Ճամփեզրերին մրգատու
ծառեր էին. թե զգային` օտար է անցնողը, մի երեխա վազելով ետեւից կհասցներ
իրենց մրգից: Նրանց մուրացկանն էլ չարացած չէր: Կուզեր օգնել: Ցավ է ինձ
համար սա զգալը: Մուսուլմանները գոնե վախ ունեն իրենց Աստծուց,
քրիստոնյաները դա էլ չունեն»: