Չեն էլ փորձում հերքել

26/10/2008

«Հայաստանն աշխատում է Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»,- Տիրանայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Պատասխանելով թուրքական «Անատոլիա» գործակալության լրագրողի հարցին` Նալբանդյանն ասել է, որ ջանքեր են գործադրվում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը բացելու եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: «Ես լիահույս եմ հայ-թուրքական հարաբերությունների ապագայի առնչությամբ»,- հայտարարել է Է. Նալբանդյանը: Խոսելով սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպման մասին, Նալբանդյանն ասել է, որ կողմերը կարող են կրկին հանդիպել: Իսկ Թուրքիայի առաջարկած Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմը, ըստ նրա, երկրների միջեւ բանակցությունների օրակարգում է: «Այդ պլատֆորմը կնպաստի տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը», – ըստ «Անատոլիա» գործակալության, հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը: Նշենք, որ Տիրանայում, որտեղ երեկ կայացել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 19-րդ հանդիպումը, Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները երկկողմ հանդիպում կամ առանձնազրույց չեն ունեցել, որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: ՍԾՏՀ անդամ երկրների Արտգործնախարարների հանդիպումից հետո լրագրողներին հանդիպել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, որը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ խնդիրների լուծման ուղղությամբ նոր գործընթաց սկսելը որակել է «նշանակալի ջանք տարածաշրջանում կայունության համար»: «Թուրքիայի վերջնական նպատակը ինչպես Հայաստանի հետ իր հարաբերությունների, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումն է»,- հայտարարել է Բաբաջանը: Հիշեցնենք, որ օրերս ամերիկացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում Թուրքիայի միջնորդության հնարավորությանը վերաբերող հարցին` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել էր. «Անշուշտ, մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրների լուծումը: Մենք դա անկեղծորեն ցանկանում ենք եւ պատրաստ ենք նպաստել դրան: Այդ հարցը, երբ ես Երեւանում էի, ես չեմ բարձրացրել… Դա բարձրացրել է նախագահ Սարգսյանն ինքը, երբ մենք զրուցում էինք: Ես հենց սկզբում ասացի, որ Կովկասում առկա որեւէ խնդիր միայն ուղղակիորեն ներգրավված երկու երկրներին չի վերաբերում, ես նրան ասացի, որ դա առնչվում է Կովկասում բոլորին, եւ վկայակոչեցի Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հակամարտության վերջին օրինակը եւ ասացի, որ դա բոլորիս է առնչվում: Եվ ես ասացի նրան, որ, իմ կարծիքով, որեւէ հիմնախնդրի բռնկումը բացասաբար է ազդում մեզ վրա, եւ ես հավատում եմ, որ Կովկասում որեւէ խնդրի լուծումը դրական է ազդում մեզ վրա»: