Աղքատամետ բյուջե

26/10/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը երեկ Ազգային ժողովում 2009 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարեց, թե պետության եկող տարվա «ծախսերն ավելի աղքատամետ են»: Ու այդպիսով նախարարն ակամա սահմանեց եկող տարվա բյուջեի անվանումը կամ բնութագիրը` «աղքատամետ բյուջե»:

Հիշեցնենք, որ անցած աշնանն այս տարվա բյուջեն ներկայացնելիս այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե «2008-ի բյուջեն հավակնոտ» է, որովհետեւ ոչ միայն հատելու է 2 մլրդ դոլարի սահմանագիծը, այլեւ հասնելու է մինչեւ 2,5 մլրդ դոլարի: Իսկ քանի որ այս տարվա ընթացքում դոլարն արժեզրկվեց ավելի քան 10 տոկոսով, 2008-ի բյուջեն հասավ մինչեւ 2,7 մլրդ դոլարի: Եվ անցած ողջ նախընտրական աշնանը խորհրդարանականներն ու կառավարության անդամները մեծամտորեն հայտարարում էին, թե 2008-ի բյուջեն աննախադեպ մեծ է լինելու: Իսկ 2009-ին, երբ բյուջեն պետք է հատի արդեն 3 մլրդ դոլարը, ֆինանսների նախարարը տալիս է շատ համեստ` «աղքատամետ» գնահատականը: Ինչեւէ:

Երեկվանից ՀՀ Ազգային ժողովը սկսեց 2009 թվականի բյուջեի նախագծի քննարկումը: Բյուջեն նախ ԱԺ դատին ամբողջությամբ ներկայացրեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Տ. Դավթյանը: Եվ այսպես, եկող տարվա բյուջեի ծախսային մասը կազմում է 945,4 մլրդ դրամ կամ 3,1 մլրդ դոլար` նախորդ տարվա 822 մլրդ դրամի կամ 2,5 մլրդ դոլարի փոխարեն: Եկամտային մասը կազմում է 905 մլրդ դրամ կամ ամբողջ 3 մլրդ դոլար` այս տարվա 746 մլրդ դրամի փոխարեն: 2009-ի բյուջեի դեֆիցիտը կազմում է 40 մլրդ դրամ կամ Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 1 տոկոսը: 2008-ի բյուջեի դեֆիցիտը կազմում էր 76 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 2,1 տոկոսը: Դեֆիցիտի առումով՝ Տ.Դավթյանը հայտարարեց, որ սա Հայաստանի համար աննախադեպ երեւույթ է, ինչը պետք է պահպանեն նաեւ հաջորդ` 2010-ի բյուջեի դեպքում: Եկամտային մասում հարկերին ու տուրքերին բաժին է հասել 726 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 17,4 տոկոսը՝ անցած տարվա 597 մլրդ-ի ու 17 տոկոսի փոխարեն: Նշենք, որ ՀՀ կառավարությունը ծրագրել է, որ յուրաքանչյուր տարի հարկեր/ՀՆԱ հարաբերությունը պետք է ավելացնի 0,4 տոկոսով, ինչը եւ արել է: Սակայն ավելացնենք, որ համաշխարհային տնտեսության մեջ այդ թիվը համարվում է նվազագույն շեմ, եւ մեր կառավարությունն իր բյուջեի հարկային մասն ավելացնելու համար ընտրել է հենց նվազագույն ցուցանիշը: Դրա համար էլ Հայաստանի դեպքում տարեկան նույնիսկ 0,4 տոկոսը համարվում է «ձեռքբերում»: Պատկերացնո՞ւմ եք, եթե ՀԴՄ-ների կտրոններ պահանջելով հնարավոր է հասնել այդ ցուցանիշին, ինչերի կհասներ մեր կառավարությունը, եթե գոնե 0.4 տոկոսով հարկային դաշտ բերեր օլիգարխներին: Պարզապես հիշեցնենք, որ մեր հարեւան Ադրբեջանում եւ Վրաստանում ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի մակարդակը վաղուց հատել է 20 տոկոսի սահմանը: Իհարկե, այս դեպքում էլ հայրենի իշխանավորներն ասում են, թե այդ երկրներն ունեն բնական հարուստ ռեսուրսներ, ծովային ելք եւ տարանցիկ ճանապարհներ, ինչը հնարավորություն է տալիս ավելի շատ ՀՆԱ եւ հարկեր ստանալ:

2009-ին ՀՀ կառավարությունը նախատեսել է 9,2 տոկոս տնտեսական աճ: Սա եւս աննախադեպ է վերջին 8 տարիների համար այն առումով, որ 2001թ. սկսած իշխանությունները հայտարարել են բացառապես երկնիշ տնտեսական աճի մասին` միջինը 13 տոկոս: Իսկ 2008-2012թթ. կառավարությունը որպես նպատակ սահմանել է պահպանել 8-10 տոկոս աճը: Եկող տարվա բյուջեի հիմքում դոլարի փոխարժեքը հաշվարկվել է 302 դրամ: Գնաճը նախատեսված է 4+/-1,5 տոկոսի սահմաններում: Նախորդ տարվա բյուջեով էլ այդպես էր նախատեսված, սակայն այս տարի գնաճը շատ բարձր էր, նույնիսկ պաշտոնական տվյալներով՝ օգոստոսին հասել էր արդեն 9,5 տոկոսի:

Հաջորդ տարի ՀՀ կառավարությունը նախատեսել է նաեւ բարձրացնել մի շարք ոլորտների ֆինանսավորումն ու նվազագույն աշխատավարձի եւ կենսաթոշակի չափը: Կրթության ոլորտում նախատեսված է ուսուցիչների 1 դրույքի վարձատրությունը հասցնել 116 հազար դրամի՝ այս տարվա 89,6 հազարի փոխարեն: Վարչական աշխատողների աշխատավարձը՝ 176 հազար դրամի` 136 հազարի փոխարեն: Իսկ ընդհանրապես նվազագույն աշխատավարձը 25 հազարից դառնալու է 30 հազար դրամ: Նախատեսված է 21,8 հազարից 25,5 հազարի բարձրացնել նաեւ աշխատանքային կենսաթոշակի չափը: Իսկ ընտանեկան նպաստը 21 հազարից պետք է դառնա 23,6 հազար դրամ: Ֆինանսավորման ու աշխատավարձերի ավելացում է նախատեսվում նաեւ առողջապահության ոլորտում, որտեղ առաջնային է համարվել ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնությունը: Երրորդ երեխա ունենալու դեպքում միանվագ օգնությունը 300.000 դրամից հասցվել է 430.000 դրամի: Ընդ որում, եկող տարվանից այս օգնությունը տրվելու է ոչ միայն սոցիալապես անապահով, այլ բոլոր խավերին` անխտիր: 7,5 մլրդ դրամով բարձրացվելու եւ 52,2 մլրդ-ի են հասցվելու պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերը:

Այս «ճոխ» թվերի ֆոնի վրա արժե հիշել, որ եկող տարի գազը թանկանալու է ավելի քան 40 տոկոսով, ինչն իր հետ բերելու է գնաճի մեծ ալիք: Արդյո՞ք հայրենի կառավարությունը բյուջեն կազմելիս այս հանգամանքը հաշվի է առել: «Այո»,- պատասխանեց Տ. Դավթյանը: Սակայն թե՛ նախարարը, թե՛ վարչապետը բյուջեն ներկայացնելիս այս հանգամանքին ընդհանրապես չանդրադարձան: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանն արդյո՞ք գոհ է նպաստների ու կենսաթոշակների բարձրացումից, եւ արդյո՞ք բարձրացված այդ չափը համարժեք է լինելու հնարավոր թանկացումներին: «Այո»,- իր հերթին պատասխանեց պարոն Համբարձումյանը: Իսկ գազի գնի թանկացման պարագայում հնարավո՞ր է պահպանել 2009թ. գնաճի սահմանած 4+/-1,5 տոկոս ցուցանիշը: «Իհարկե»,- բոլոր կասկածները «փարատեց» ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Ավելացնենք, որ երեկ բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ սկզբում դահլիճում ներկա էր մոտ 2 տասնյակ պատգամավոր: Իսկ երբ ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանը Տ.Սարգսյանի հետ դուրս եկավ, պատգամավորների կեսը լքեց դահլիճը: Իսկ եկող շաբաթվանից բյուջեի իրենց մասը պատգամավորներին կներկայացնեն նախարարություններն ու պետական մյուս գերատեսչությունները: