Փնտրվում են «խելոք» իրավագետներ

26/10/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ թերեւս չի եղել մի դեպք, երբ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվող թեկուզ ժամանակավոր ինչ-որ խմբում ներգրավելու համար իշխանական ուժերը ոչ միայն իրար տակ չփորեն, այլեւ` բացարձակ անտարբերություն ու չկամություն ցուցաբերեն:

Խոսքը, բնականաբար, վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից հոկտեմբերի 23-ին ստորագրված` մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող փորձագիտական փաստահավաք խմբի ստեղծմանը: Ինչպես հայտնի է, փաստահավաք 5 հոգանոց խմբում պետք է ներկայացված լինի երկու ներկայացուցիչ իշխող քաղաքական կոալիցիայից, մեկական անդամներ «Ժառանգություն» կուսակցությունից եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող քաղաքական ուժի կողմից, մեկ անդամ էլ պետք է առաջադրվի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Այսինքն` կոալիցիան, որը բաղկացած է քաղաքական չորս ուժերից, հնարավորություն չունի յուրաքանչյուրի կուսակցությունից մեկական անդամ գործուղել փաստահավաք խումբ: Սակայն, դատելով ԱԺ կոալիցիոն ուժերի երեկվա հայտարարություններից, նրանք ամենեւին խանդավառված չեն այդ խմբում մաս կազմելու համար, եւ բոլորն էլ միաձայն ասում էին, թե իրենց համար միեւնույն է` իրենց ներկայացուցիչն այնտեղ կլինի՞, թե՞ ոչ: Օրինակ, ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի ասելով` իրենց համար կարեւորն այն է, որ այնտեղ լինեն «բանիմաց, խելոք» փորձագետներ, իսկ թե նրանց կոալիցիայի որ կուսակցությունը կառաջադրի` կարեւոր չէ: «Անընդհատ դժգոհություններ կան` կապված հանձնաժողովի աշխատանքների հետ, եւ այս փաստահավաք խմբով վերջապես հստակություն կմտցվի»,- ասաց նա: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արտյուշա Շահբազյանը, ով նաեւ ԱԺ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի անդամ է, գտնում է, որ փաստահավաք խումբը պետք է կատարի զուտ մասնագիտական աշխատանք, ուստի կարեւոր չէ` այնտեղ կոալիցիայի որ ուժի կողմից ներկայացուցիչ կներգրավվի: «Այն չունի նաեւ քաղաքական, այսպես ասած` ներկայանալի խնդիր: Այսինքն` հրապարակային չի լինելու, եզրակացություններ չի կայացնելու, հավաքելու է փաստերը եւ դասդասելով՝ փոխանցելու է հանձնաժողովին: Այնպես որ` այս երկուսի աշխատանքի արդյունքներն էլ կերեւան այն եզրակացությունից, որը հրապարակելու է մեր հանձնաժողովը»,- ասաց Ա. Շահբազյանը` հավելելով, թե իր կարծիքով՝ կարեւոր չէ` ՀՅԴ-ն այնտեղ իր մասնագետը կունենա՞, թե՞ ոչ:

Ա. Շահբազյանի գնահատմամբ` կարեւոր չէ նաեւ այն, որ փաստահավաք խումբը ստեղծվում է ոչ թե ԱԺ-ի կողմից, այլ` նախագահի, քանի որ, ըստ նրա` միեւնույն է` այդ խումբն աշխատելու է` սպասարկելու համար հանձնաժողովին: ԲՀԿ-ում նույնպես դեռեւս չի քննարկվել փաստահավաք խմբին մաս կազմել-չկազմելու խնդիրը: Ըստ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` կարեւորն այն է, որ այդ խումբն իր փորձագիտական փաստերով զգալի կօգնի ԱԺ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովին: «Ընդդիմությունը վերապահում ուներ հանձնաժողովի նկատմամբ, որովհետեւ, իրենց կարծիքով, պարիտետը պահպանված չէ հանձնաժողովում, եւ իրենք առաջարկում էին այլ մոդել, ինչն այսօր կա փաստահավաք խմբի ստեղծմամբ: Կարծում եմ` իրենք որեւէ վերապահում այլեւս դժվար թե ունենան»,- ասաց հանձնաժողովի անդամ Ն. Զոհրաբյանը: Ըստ նրա, ԵԽ ԽՎ մարդու իրավունքների հանձնակատար Թ. Համարբերգը բանակցությունների ընթացքում, որին ներկա է եղել նաեւ ինքը, կողմ էր, որպեսզի փաստահավաք խումբը ստեղծվի ՀՀ նախագահի կարգադրությամբ, այլ ոչ թե ԱԺ-ի կողմից: «Այնպես որ` այստեղ էլ որեւէ խնդիր չկա»,- ասաց նա:

Ճեպազրույցին մասնակցող մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը կարծում է, որ փաստահավաք խմբի ստեղծումից հետո այլեւս պետք է քիչ լինեն հանձնաժողովի աշխատանքներից դժգոհները: «Գոնե ես դա եմ ակնկալում եւ ցանկանում եմ, որ այդպես լինի»,- ասաց նա: Սակայն, նրա գնահատմամբ` փաստահավաք խմբի լիազորությունների շրջանակը մեծ չէ: «Ես չէի ասի, թե շատ մեծ լիազորություններով է օժտված այդ խումբը, բայց, այնուամենայնիվ, նրան տրված է լիազորությունների այն շրջանակը, որը հանձնաժողովն ուներ` փաստահավաք գործունեություն իրականացնելու համար»,- հայտարարեց Ս. Նիկոյանը` հավելելով, թե որեւէ խոչընդոտ չկա, որպեսզի այդ խումբն արագ ձեւավորվի եւ իր առջեւ դրված խնդիրներն արագ լուծի: Ըստ Ս. Նիկոյանի` փաստահավաք խմբի ստեղծումն էական աջակցություն է հանձնաժողովին: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ից ներկայացուցիչ այնտեղ լինել-չլինելուն, ապա, ըստ Ս. Նիկոյանի, իրենք խնդիր չունեն պնդելու, որ այնտեղ անպայման իրենց ներկայացուցիչն ընդգրկվի: «Մեր խնդիրն այն է, որպեսզի այնտեղ լինի անձնավորություն, որը կբավարարի նշված չափանիշներին»,- ասաց նա: Սակայն, ըստ Ս. Նիկոյանի, եթե փաստահավաք խումբը ստեղծվեր հանձնաժողովի որոշման ներքո, ապա նրանց եզրակացություններն իրենց համար կունենային պարտադիր նշանակություն: «Իսկ փաստահավաք խմբինը, զուտ իրավական տեսանկյունից, պարտադիր լինել չեն կարող. դրանք կարող են լինել օժանդակող»,- ասաց նա:

Սեպտեմբերին Հայաստան ժամանած ամերիկացի փորձագետների խմբի անդամներն ԱԺ մարտի 1-2-ի դեպքերն ու պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի հետ անցկացրած բոլոր նիստերի ժամանակ (որի նպատակը բացառապես փորձի փոխանակումն էր), բազմաթիվ անգամներ հատուկ ընդգծում էին, որ ամենակարեւոր հանգամանքը հանձնաժողովի հրապարակային գործունեությունն է, եւ որ նրանց կողմից իրականացված ցանկացած քայլ պետք է անմիջապես դառնա հանրային քննարկման առարկա: Հակառակ պարագայում, ըստ ամերիկացի փորձագետների` անվստահությունը տվյալ հանձնաժողովի նկատմամբ անխուսափելի է: Փաստահավաք խումբը, սակայն, ըստ կարգադրության` գործելու է խիստ գաղտնի պայմաններում եւ ժամանակ առ ժամանակ իր եզրակացությունները փոխանցելու է ԱԺ վերոնշյալ հանձնաժողովին: Մեր հարցին, թե արդյոք փաստահավաք խմբին հրապարակային գործունեություն ծավալելու հնարավորությունից զրկելով՝ չե՞ն նպաստում նրա նկատմամբ էլ անվստահություն ձեւավորելուն, Ս. Նիկոյանն ասաց. «Ոչ, փաստահավաք խումբը փակ է գործելու, բայց մեր հանձնաժողովն իր աշխատանքները շարունակում է, չէ՞: Փաստահավաք խմբում մասնագետներ են, պատկերացրեք` փաստագետներ են, իրենք գնում են իրենց գործն անում են, հետո մեզ զեկուցում են, ու այդ փաստերը տալու են մեզ, ու մենք օգտագործելու ենք դրանք: Բայց կարգադրության մեջ գրված է, որ նրանք մեզ պետք է ընթացքում պարբերաբար տրամադրեն: Դա է հարցը: Կարգադրության մեջ գրված է, որ հանձնաժողովը կարող է վերջում նրանց լրացուցիչ հանձնարարություն տալ: Բայց ինչո՞ւ վերջում: Ճիշտ կլիներ, եթե հանձնաժողովը նրանց ընթացքում հանձնարարություններ տար: Մենք, արդեն 6 ամիս է, աշխատում ենք, որոշ նուրբ տեղեր արդեն գիտենք, ու պետք չէ, որ նրանք 6 ամիս աշխատեն, ինչ-որ բաներ հասկանան ու այդպես շարունակեն: Մենք իրենց կարող էինք հուշել, որ ուշադրություն դարձնեն ա՛յս, ա՛յս հարցերի վրա: Դա մենք կարող ենք անձնական շփումների մակարդակում անել, բայց ոչ պաշտոնական, բայց ճիշտ կլիներ, որ պաշտոնական փաստաթղթում այդ մասին նշված լիներ»: