69-ամյա Գայանե Սարյանն այս անձրեւոտ, ցեխոտ եղանակին ամառային հողաթափերով իր մարմինը մի կերպ քարշ տալով՝ մտնում է խմբագրություն ու սկսում հեկեկալ:
Հարցնում եմ` «Ի՞նչ է պատահել»: Ծեր կինը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է, չի կարողանում խոսել, լացը խեղդում է: Ասում է` «Կներես, աղջիկս, շատ վատ վիճակում եմ, ուզում եմ մի քիչ կիսվեմ»: Կիսվելու համար էլ ուժ է պետք, քանի որ ամեն բառն արտաբերելիս տիկին Գայանեի հոգեկան աշխարհը տակնուվրա է լինում, լաց է լինում, որ խաղաղվի: Ասում է` «2 ամիս ա՝ լույս չունենք: 10.000 դրամ որտեղի՞ց տամ, որ լույսս միացնեն: Խելագարվում եմ, էս սթրեսներից գժվում եմ: Ես ինքս հասկանում եմ, որ կամաց-կամաց գժվում եմ»: 10.600 դրամ ծերության թոշակով այս կինը միայն կարողանում է երկու անկողնային հիվանդ տղաների համար ամեն օր երկու տուփ «Չիբուխ» գնել: Երկուսն էլ ծանր հիվանդ են ու երկուսն էլ մթի մեջ ծխելով լուսացնում են ամեն օրվա պարտադրված խավարը: Տիկին Գայանեի որդին` Գոռը, Շամշադինում զինվորական ծառայությունն անցկացնելուց հետո վերադարձել է տուն գլխի հատվածում երկար, խորը սպիով: Մայրը որդու վարքագծի մեջ ոչ ադեկվատ վիճակ է նկատել, որն աստիճանաբար արտահայտվել է որպես հոգեկան հիվանդություն: Ասում է` «Առաջ ահավոր էր, բանակից խելագարված եկավ, տան եղածը ջարդեց, փշրեց, ոչ մի բան չթողեց»: Հիմա համեմատաբար Գոռի վիճակը հանգիստ է, բայց, միեւնույն է, մտովի ապրում է մի ուրիշ, երեւակայական աշխարհում: Տիկին Գայանեն խնդրում է օգնել որդուն հոգեբուժարան տեղափոխելու հարցում: Ասում է` «Ինքը չի համաձայնվում, քանի անգամ տարել եմ, չի մնացել: Նույնիսկ Առողջապահության նախարարությունից ուղեգիր եմ խնդրել, տվել են, բայց իրան չեմ կարողանում տանեմ: Ինքը համարում ա, որ առողջ ա, բայց գնալով վիճակը խորանում ա»: Տիկին Գայանեի մյուս որդին` Ռաֆայելը, տարիներ առաջ աղիքային հիվանդություն է ձեռք բերել, այժմ ծանր վիճակում է: «Սկզբում Ռաֆայելիս փայծաղը հանեցին, բայց հետո էլի հիվանդություններ ստացավ` աղիքների կպում…, չկարողացանք բուժենք, փող չկար: Մնաց-մնաց ու դարձավ անկողնային: Հիմա ամբողջ օրը պառկած փսխում ա, ոչ կարողանում ա մի բան ուտի, ոչ էլ ոտքի կանգնի: Շատ ահավոր վիճակում ա: Աղջիկ ջան, խնդրում եմ, աղաչում եմ, ինձ օգնեք, անելանելի վիճակում ենք: Ցրտին, մթին կուչ ենք եկել էդ սենյակում, ոչ ուտելու բան ունենք, ոչ լույս, ոչ տաքություն: Ես իմ 10.000 դրամով ոչ մի բան չեմ կարում անեմ»,- ասում է տիկին Գայանեն, ու նրան հանգստացնելն այլեւս դառնում է անհնար: Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող բնակարանը վաճառել եւ մնացած գումարով Շենգավիթ համայնքում գտնվող նախկին «Շիննի» գործարանի 2-րդ հանրակացարանում մի սենյակ են գնել: Տիկին Գայանեն մասնագիտությամբ տնտեսագետ է, թվարկում է այն հիմնարկությունները, որտեղ նախկինում աշխատել եւ մեծ հարգանք է վայելել: Չնայած այժմ նա 69 տարեկան է, այդուհանդերձ, դիմում է բոլոր հնարավոր հաստատություններին՝ իրեն աշխատանքի տեղավորելու համար: Ասում է` «Ռեստորաններում խնդրում եմ, որ ինձ վերցնեն՝ որպես աման լվացող, հավաքարար, բայց չեն ուզում, ասում են` ծեր ես: Ես կարող եմ աշխատել, գոնե հիվանդներիս մի կտոր հաց կառնեմ, գոնե էդ խելագարության մթնոլորտից կցրվեմ: Էլ չեմ դիմանում ախր, մի օր մի պատի տակ կմեռնեմ: Մեր առաջվա տան հարեւաններն ինձ շատ էին հարգում, ամեն օր կանչում, մի աման ճաշ են տալիս, մի կտոր հաց են տալիս, որ սովից չմեռնեմ, բայց ամաչում եմ, ախր ժամանակին ես էնքան մարդու եմ օգնել, էնքան հարգված, լավ ապրած կին եմ եղել»: Որպես անապահով ընտանիք՝ նախկինում օգտվել են բարեգործական ճաշարանից, բայց քանի որ տիկին Գայանեի հիվանդ որդիները հաշմանդամության կարգ չունեն` այլեւս արգելել են նրանց օգտվել ճաշարանից: Ծայրահեղ թշվառության մեջ ապրող այս մարդիկ նույնիսկ «Փարոսի» նպաստառու չեն, դարձյալ պատճառը հաշմանդամության կարգ չունենալն է: Տիկին Գայանեն Գոռին հոգեբուժարանում բուժօգնություն ցուցաբերելու համար բազմիցս դիմել է առողջապահական հաստատություններին, սակայն համաձայն օրենքի` հոգեբուժարան տեղափոխելու համար անհրաժեշտ է հիվանդի համաձայնությունը: Խնդրում է միջամտել եւ օգնել որդուն, քանի որ հոգեկան հիվանդ Գոռի վիճակը օր օրի վատանում է:
Տիկին Գայանեին օգնելու խնդրանքով զանգահարեցինք ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանին, ով մշտապես «168 Ժամ» թերթի անդրադարձած կարիքավոր ընտանիքների առողջական խնդիրներ ունեցող մարդկանց հարցերին արագ լուծում է տալիս: Թեեւ Գ. Սայադյանը արձակուրդի մեջ էր եւ քաղաքում չէր, այդուհանդերձ, նա անմիջապես գրանցեց տիկին Գայանեի հասցեն, որդիների տվյալները եւ խոստացավ իսկույնեւեթ շտապօգնության բրիգադ ուղարկել Ռաֆայելին հիվանդանոց տեղափոխելու եւ բուժելու համար: Պրն Սայադյանը խոստացավ նաեւ հոգեբույժ ուղարկել Գոռի հետ խորհրդատվություն անցկացնելու համար: Պրն Սայադյանը նույնպես հաստատեց, որ առանց հիվանդի համաձայնության՝ արգելվում է հարկադրաբար բուժումը, սակայն իրավապահ մարմինների կողմից փաստաթղթի առկայության դեպքում նրան հոգեբուժարան տեղափոխելն օրենքի շրջանակներում է: