Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն «ԱզերիՊրեսին» տված հարցազրույցում ասել է, որ Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո Ռուսաստանի միջազգային հեղինակությանը մեծ վնաս է հասցվել. «Դրա համար Մոսկվան փորձում է հանդես գալ խաղաղարարի դերակատարությամբ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Բնական է` ՌԴ-ն կառաջադրի այնպիսի տարբերակ, որը թույլ կտա պահպանել իր հսկողությունը տարածաշրջանում: Որոշակի աստիճանի կբավարարվեն եւ՛ ադրբեջանական, եւ՛ հայկական կողմի շահերը: Միաժամանակ ՌԴ-ն կջանա խնդիրը լուծել միայնակ` առանց արեւմտյան գործընկերների, ինչպես դա եղել է 1994թ. Բիշքեկում: Այն ժամանակ, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում եվրոպական երկրների դիվանագիտական ջանքերին, խաղաղ համաձայնագիրը ձեւականորեն ստորագրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ, իսկ փաստորեն` Ռուսաստանի մասնակցությամբ»,- ասել է նա: Ըստ Ալիզադեի` այժմ ՌԴ-ն կարող է հանդես գալ ադրբեջանական գրավյալ տարածքների մի մասի ազատագրման առաջարկությամբ` հետաձգելով ԼՂ կարգավիճակի, Լաչինի միջանցքի եւ, հնարավոր է, Քելբաջարի շրջանի լուծման մասին հարցերը: «Դրա փոխարեն ՌԴ-ն կպահանջի տարածաշրջանում տեղակայել իր խաղաղարարներին: Եթե Ադրբեջանը հրաժարվի այդ տարբերակից, ՌԴ-ն հերթական անգամ կասի, որ իրենք հակամարտության լուծման տարբերակ են առաջարկել, իսկ կողմերը չեն կարողացել պայմանավորվել»,- կանխատեսել է նա: Ալիզադեն նաեւ չի բացառել ՌԴ-ի կողմից «գազ` Ղարաբաղի փոխարեն» տարբերակի առաջադրումը: «Այսպես, ՌԴ-ով ադրբեջանական գազի արտահանման դիմաց, Մոսկվան կարող է համաձայնել ազդել ՀՀ-ի վրա, որպեսզի Երեւանը համաձայնի ԼՂ-ն թողնել Ադրբեջանի կազմում: Այդ դեպքում ԼՂ-ին կարող է տրվել Ֆինլանդիայում Ալանդյան կղզիների մոդելի նման կարգավիճակ»: