«Մենք բոլորս պիտի նորից կարդանք Չարենցի «Երկիր Նաիրին»,- ասում է Տիգրան Մանսուրյանը

26/10/2008 Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Երեկ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը եւ բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը համատեղ ասուլիսի էին հրավիրված: Կոմպոզիտորն ասուլիսին եկավ կարմիր վարդերով` Վիոլետ Գրիգորյանի համար:

Բանավեճ էր ու զրույց` ազատության մասին ու արվեստի, երաժշտության մասին ու գրականության: Ի՞նչ ժամանակներում ենք ապրում: Մանսուրյանի կարծիքով` ապրում ենք խմորումների, նորոգումների ու կառուցումների շրջան: Նման ժամանակներում հեշտ է կողմնորոշվել կոնկրետ բնագավառներում` հաղթանակների, բանակի, տնտեսության` շոշափելի ու ձեռնհաս: Արվեստի ու մշակույթի բնագավառում դժվարության մեջ ենք հայտնվում, որովհետեւ դրանք դժվար կառավարելի են` խորքային: Վիոլետ Գրիգորյանի կարծիքով՝ աշխարհն ապրում է անկանխատեսելի ու անգուշակելի մի շրջան: Արվեստն ու մշակույթն այն ոլորտն են, որոնցից կախված են խորքային փոփոխությունները: Պետք է մասնակցել այդ փոփոխություններին, որովհետեւ հակառակ դեպքում՝ ստիպված ենք հույսներս դնել սովետական մնացուկների վրա կամ մնալ մակերեսին:

Վիոլետի կարծիքով՝ երբեմն մարդու ազատությունը կարող է իր պատրանքը լինել, կարող է լինել ապացուցված իրենով, իր արվեստով: Բոլորովին ուրիշ է հասարակական-քաղաքական իմաստով ազատությունը: Ժամանակն է, որ մենք իմաստ ու էություն դնենք դրա տակ: «Բառերը հեռացել են իրենց էությունից»,- ասում է բանաստեղծուհին: Հիմա մեր հասարակության մեջ ավելացել են թելադրողները: Իշխանությունից բացի, հասարակության մեջ էլ բռնություն կա: Մանսուրյանի համար այլ է ազատությունը։ «Իմ գործը սահմաններ չի ճանաչում»,- ասաց նա: Բայց Սովետական տարիներին այլ սկզբունք կար: Եթե երաժշտություն էր գրվում, ապա կոմպոզիտորն այնպես պիտի գրեր, որ իր ներկայությունը փորձերին կամ համերգի ժամանակ պարտադիր չլիներ: Կոմպոզիտորն այնքան վստահված պիտի լիներ իշխանությունների կողմից, որ նրան ուղարկեին արտասահման: Հիմա Տ. Մանսուրյանն ունի այդ ազատությունը: Լինում է աշխարհի այն երկրում եւ այն ժամանակ, երբ պետք է` երաժշտության հետ: Նրա երաժշտությունը հնչում է աշխարհի տարբեր երկրներում: Մանսուրյանը Բրոդսկու տողերը կարդաց. «Եթե բանաստեղծն ունի որեւէ պարտականություն հասարակության առաջ, ապա դա լավ գրելն է: Այդ պարտքը չկատարելու դեպքում նա սուզվում է մոռացության գիրկը: Մյուս կողմից, հասարակությունը չունի որեւէ պարտականություն բանաստեղծի նկատմամբ: Լինելով մեծամասնություն հասարակությունն ունի բանաստեղծություններ ընթերցելուց բացի այլ զբաղմունքներ եւս, որքան էլ որ լավ գրված լինեն դրանք: Բանաստեղծություններ չկարդալով՝ հասարակությունն իջնում է խոսքի այնպիսի մի աստիճանի, որի դեպքում ինքը հեշտությամբ դառնում է դեմագոգի կամ բռնակալի թեթեւ որսը…»: Սա է ազատ մարդու ազատ խոսքի դրսեւորումը:

Ինչպիսի՞ն է մեր հասարակությունը: Վիոլետ Գրիգորյանի համոզմամբ` մեզանում անընդհատ տրվում է այդ հարցը, բայց չի պարզվում, «թե ո՞վ է զանգ կախողը»: Մեր հասարակությունն այնպիսին է, ինչպես աշխարհի շատ երկրներում: Ինչո՞ւ հիմա մեզանում չի հնչում Մանսուրյանի երաժշտությունը: Որովհետեւ չկա երաժշտության առաջարկն ու պահանջարկը կարգավորող քաղաքականություն: Մանսուրյանի համար դա ցավոտ հարց էր, «որովհետեւ ցավերի միջից խոսելը դժվար է, միշտ կարող ես սխալվել»: Իրականում դա մարդկանց ճաշակի, նախասիրությունների խնդիր է: Ամեն ինչ կա կյանքում. մաքուր ջուր, պղտոր ջուրգ Ըստ կոմպոզիտորի` մշակութային միջոցառումները հիմա մեզանում առանձին կրակոցների են նման` ճիչ են կամ արդեն ուշացած, ամբողջական չեն դառնում: Այլ երկրներում մասնակից են հասարակության տարբեր շերտեր, ու որեւէ խնդիր նրանք չունեն միմյանց նկատմամբ, բավարարված են: Մեզանում դա չկա: Մեր հասարակությունը, կարծես, այնպիսի մի տեղ է հասել, ուր քաղաքագետները, հասարակական գործիչները չեն կարող որեւէ բան անել, մշակույթի գործիչները պիտի փոխեն: Վիոլետի կարծիքով՝ կարիք չկա մտնել «մատի եւ մատանու արանքը»: Սովետական ժամանակների պես արվեստագետներին հրահանգ չի կարելի տալ: Նրանք քաղաքական ազդակներով չպիտի թելադրվեն: «Ես առաջնորդվում եմ իմ հավատամքով»,- ասաց նա: Արվեստագետի վրա բռնանալ չի կարող ինչպես իշխանությունը, այնպես էլ ժողովուրդը: Ըստ Վիոլետի` արվեստագետն ազատ պետք է լինի, եւ հավասարապես սխալ է քծնել թե՛ իշխանությանը, թե՛ ժողովրդին:

Մեր ժամանակներում գրվող ու տարածված երաժշտության մասին Մանսուրյանն ասաց, որ դա նման է գրականությունը լրագրության հետ շփոթելուն: Ֆիլմերի համար գրած երաժշտությունը սպառում էր կոմպոզիտորին. դա նրան այլ ոլորտ էր մղում, ու 1980-ականներից նա այլեւս չի գրում այդպիսի երաժշտություն:

Ինչպե՞ս է երեւում Հայաստանը դրսից: «Շատ անորոշ կետի վրա ենք հայտնվում: Բոլորս մեղավոր ենք, բոլորս մեղք ենք: Գավառական հիվանդագին հարաբերություններով պայմանավորել իրարամերժությունը՝ կործանարար է: Մենք ենք, մի ամբողջություն ենք, մի օրգանիզմ: Մենք բոլորս պիտի նորից կարդանք Չարենցի «Երկիր Նաիրին»: Ամեն անգամ, երբ ճգնաժամում ենք հայտնվում, ես դա եմ հիշում»,- հարցին պատասխանեց Տ. Մանսուրյանը: