Ինֆեկցիայի աղբյուրը պարզ չէ

26/10/2008

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում երեկ՝ ժամը 12:00-ի դրությամբ, հոսպիտալացված է 55 հիվանդ: Քաղաքում շարունակում են իրականացվել հիգիենիկ-հակահամաճարակային անհրաժեշտ միջոցառումներ: ՀՀ Առողջապահության նախարարության լրատվական բաժնից «Արմենպրեսին» հայտնել են, որ դեռեւս պարզ չէ ինֆեկցիայի ծագման աղբյուրը եւ տեսակը: Ըստ նախնական տվյալների՝ հիվանդների մոտ ախտորոշվում է անհայտ ծագումնաբանության ինֆեկցիա: Հիշեցնենք, որ վերջին օրերին աղեստամոքսային գանգատներով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց են դիմել քաղաքի տարբեր թաղամասերի բնակիչներ: Հիվանդների մոտ դիտվում է ջերմություն, փսխում, լուծ: Դեպքերի տեղայնացման եւ կանխարգելման նպատակով Առողջապահության նախարարության ու մարզային մասնագետների ուժերով իրականացվում են բոլոր հնարավոր կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները՝ հիվանդները հոսպիտալացվում են, նրանց հետ շփման մեջ գտնվողների նկատմամբ բժշկական հսկողություն, մանրէաբանական հետազոտություն է կատարվում: